HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արցախցի ընդդիմադիր. «Արցախի իշխանության ներսում տեղի է ունենում Սերժ Սարգսյանին հաճոյանալու մրցակցություն»

Հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Հետքի» հարցերին պատասխանում է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: 

-Հայկ, այն, ինչ տեղի ունեցավ Բերձորի մոտ, Ձեզ համար սպասելի՞ էր, թե՞ անակնկալ: Ի՞նչպես իմացաք միջադեպի մասին: 

-Օրեր շարունակ իշխանությունների կողմից տեղի էր ունենում արցախյան հասարակական կարծիքի մանիպուլյացիա, որը նպատակ ուներ հրեշի կերպար հաղորդել ավտոերթին եւ դրա մասնակիցներին: Ի դեպ, իշխանությունները խաղում էին արցախցիների ամենանուրբ կողմի հետ՝ շահարկում էին ազգային անվտանգությունը (ըստ լուրերի՝ արցախցիներին ասել են, թե երթի մասնակիցները կոչ են անելու հայաստանցի տղաներին չծառայել Արցախում- հեղ.): Մեծապես ատելություն էր քարոզվում երթը նախաձեռնողների եւ նրանց համակիրների նկատմամբ: Ես սպասում էի բռնություններ, բայց ոչ այս մակարդակի: Բռնության առաջին զոհերը դարձան Ստեփանակերտից Բերձոր գնացած «Հիմնադիր խորհրդարանի» համակիրները: Նրանց հիվանդանոց տեղափոխելուն պես էլ իմացանք իրադարձությունների նման հունի մասին:

-Արցախի իշխանությունները երթից առաջ հանդիպել էին «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարության հետ, հորդորել զերծ մնալ նման երթից, հետո էլ Արցախի ազատամարտիկների միությունը հայտարարեց, որ երթը հակաիրավական է, ու իրենք դեմ են հանդես գալու դրան: Իսկ երթի մասնակիցները բուն ակցիայի մասին ասել էին, որ լինելու էր իրազեկման ավտոերթ, տեսասկավառակների բաժանում, հանդիպում արցախցի ուսանողների հետ: Մի՞թե Արցախի հանրային ու ներքաղաքական կյանքն այնքան անկայուն վիճակում է, որ երթը կարող էր իրենից վտանգ ներկայացնել:

-Արցախի իշխանությունները վախենում են ամեն ինչից, ամեն մի չվերահսկվող խոսքից, ուսանողի գրած ֆեյսբուքյան ստատուսից, բողոքի ակցիայից: Իշխանությունները փորձում են ստեղծել բերանը փակ հասարակություն, որպեսզի շարունակեն անհամեմատելի կոռուպցիայի պայմաններում հարստանալ ու իշխել: Նույնիսկ ֆեյսբուքյան փոքրիկ ստատուսի դեմ իշխանական քարոզչամեքենան հանում է «թշնամին սարի հետեւում է» կարգախոսը եւ դրա տակ փորձում լռեցնել ամեն ինչ: Այս պայմաններում, երբ Բակո Սահակյանը իր նախագահության վերջին ժամկետն է սպառում, Արցախի իշխանության ներսում տեղի է ունենում Սերժ Սարգսյանին հաճոյանալու մրցակցություն նախագահության իշխանական պոտենցիալ թեկնածուների միջեւ: Այդ մրցակցությունից փորձում է զերծ չմնալ նաեւ Բակո Սահակյանը, ով խնդիր ունի մինչեւ 2017 թ.՝ մինչեւ իր ժամկետի ավարտ, մնալ նախագահի պաշտոնում: Սերժ Սարգսյանը ցավագին է ընկալում Արցախից կամ Արցախում իր հասցեին հնչող ցանկացած քննադատություն, դրա համար էլ խրախուսում է արցախյան պաշտոնյաների այս մրցակցությունը, ինչն էլ բերեց հունվարի 31-ի աննախադեպ խայտառակությանը:

-ԼՂՀ ոստիկանությունը հայտարարեց, թե երթը «բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն շրջանակներում, եւ նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։ Չնայած ոստիկանները հավաքել էին տեսախցիկները, սակայն կադրերում հստակ երեւում են թե զինված հատուկ ջոկատայիններ, եւ թե ինչպես են ոստիկաններն ու թեւկապավոր քաղաքացիական անձինք մահակներով հարձակվում մարդկանց ու մեքենաների վրա: Տեղեկություն կա, որ բերձորցիներին հրահանգել էին փողոց դուրս գալ, սակայն նրանք հրաժարվել էին, ու գործը ստանձնել էր ոստիկանությունը: Ձեր կարծիքով` եթե ոստիկանները, իրենց պարտականությունները կատարելով, ակցիայի մասնակիցներին ուղեկցեին երթի ընթացքում, արդյոք բախում կսկսվեր շարքային արցախցիների կողմից Բերձորում, Ստեփանակերտում կամ այլուր:

-Նշեմ, որ արցախցիների մեծ մասը տեղյակ չէր «Նախախորհրդարանի» կամ «Հիմնադիր խորհրդարանի» մասին: Եթե երթը տեղի ունենար, ապա բնակչության մեծ մասը միգուցե դա չտարբերեր հարսանիքից: Երթի դեմ «բացասական արձագանքն» էլ ստեղծվել էր Արցախի իշխանության պատվերով: Ես հունվարի 31-ի գիշերը հանդիպել եմ երթի դեմ հանդես գալու հանձնարարությամբ Բերձոր եկած մի շարք ազատամարտիկների, որոնք հայհոյում էին երկրի իշխանություններին՝ իրենց ապատեղեկացնելու եւ նման խայտառակության մասնակից դարձնելու համար:

Այսօր (հարցազրույցը տեղի է ունեցել փետրվարի 1-ին- հեղ.) ինձ զանգահարել են Քաշաթաղի շրջանի տարբեր գյուղերից եւ նույն բաներն ասել: Պետք է նկատել, որ բնակչության մի զգալի հատված՝ ազատամարտիկներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական ծառայողներ, ոստիկաններ ուղղակի զոհեր են մի մեծ սադրանքի, որի հեղինակն Արցախի իշխանություններն են եւ մասնավորապես Բակո Սահակյանը:

-Հայկ, այդուհանդերձ, նկատենք, որ հրապարակային քննադատությամբ հենց սկզբից հանդես եկան միայն մի քանի հայտնի անհատներ (օրինակ` Գեղամ Բաղդասարյան, Ալեքսանդր Քանանյան), որոնք երբեք էլ իշխանամետ չեն եղել, եւ Ձեր գլխավորած «Ազգային վերածունդ» կուսակցությունը: Մյուս քաղաքական ուժերը կամ սովորական արցախցիները մի՞թե վախեցած են այդքան, թե՞ պարզապես պիտի արձանագրենք, որ քաղաքական ու հանրային այլակարծություն Արցախում մեծ հաշվով չկա, մանավանդ որ սոցիալական կայքերում այս պահին էլ ջարդարարներին արդարացնող գրառումներ են հայտնվում արցախցի օգտատարերի կողմից:

-Ցավում եմ, բայց Արցախի խորհրդարանական կուսակցությունների («Ազատ Հայրենիք», Արցախի ժողովրդավարական կուսակցություն, ՀՅԴ) ներկայացուցիչները նույնպես մասնակցել են ավտոերթի դեմոնիզացման գործընթացին: Սոցիալական ցանցերում մեծաթիվ արցախցիներ կան, այդ թվում՝ բավականին նոր սերունդ, որը բացահայտ քննադատում է տեղի ունեցածը: Քաղաքական ուժերի պահով, ճիշտ եք նկատել, շատ հայտարարություններ չեն եղել: Բայց մեր կուսակցությունն Արցախում բավականին տարածված կուսակցություն է, որը սկզբնական կառույցներ ունի Արցախի 85 բնակավայրում, ինձ անընդհատ զանգահարում են տարածքային կառույցների ներկայացուցիչները եւ իրենց վրդովմունքն արտահայտում տեղի ունեցած պահով:

Ինչ վերաբերվում է իշխանությունների արարքն արդարացնող օգտատերերին, ապա սոցիալական կայքերի արցախյան հատվածին ծանոթները հստակ տարբերակում են, թե ովքեր են այդպես հանդես եկողները: Մեծ թիվ են կազմում նաեւ կեղծ օգտատերերը:

-ԼՂՀ ոստիկանության եւ Սահակյանի մամլո խոսնակի հայտարարությունները իրավապահների օրինաչափ գործողությունների մասին արդյո՞ք խոսում են այն մասին, որ վայրագության մասնակիցները չեն պատժվի ԼՂՀ օրենսդրությամբ:

-Վայրագության պատվիրատուն Բակո Սահակյանն է: Ոստիկանությունն էլ հակված չէ գործելու: Ես երեկ հիվանդանոցում էի՝ վայրագության արդյունքում վիրավոր մեր ընկերների մոտ, եւ մեկ ժամ շարունակ հիվանդանոցի ադմինիստրացիան հրաժարվում էր ոստիկանություն հաղորդում ներկայացնել, չնայած 4 ակնհայտ ծեծված անձինք էին ընդունել: Վերջում վիրավորներից Քերոբ Ղազարյանը զանգահարեց եւ հաղորդում ներկայացրեց: Այս ամբողջ մթնոլորտը ցույց է տալիս, որ պատասխանատվություն չի լինի, համենայն դեպս, իշխանություններն ամեն գնով կգնան դրան:

-Սոցկայքերի հայաստանցի օգտատերերը չափավորից մինչեւ ռադիկալ կարծիքներ են հայտնում կատարվածի մասին: Մարդկանց զայրույթն ակնհայտ է: Արցախյան հանրությունն արդյո՞ք լավ է տեղեկացված միջադեպի մասին` դատելով թե ՀՀ-ում, թե ԼՂՀ-ում վերահսկվող հեռուսադաշտի պասիվությունից: Ի՞նչ տրամադրություններ են այս առումով ժողովրդի շրջանում, եւ արդյո՞ք տեղի իշխանությունները հայաստանյան հատվածի այս ցասումից հետո չեն փորձել որեւէ մեղմացուցիչ հանգամանք գտնել` հայաստանցի-ղարաբաղցի գլուխ հանող տարբերակումը կասեցնելու համար:

-Հայաստանցի-ղարաբաղցի տարբերակում չկա, միջադեպի առաջին վիրավորները Ստեփանակերտից, Շուշիից, Հադրութից Բերձոր շտապող ավտոերթի համակիրներն էին: Այսինքն՝ այնպես չէ, որ արցախյան ոստիկանությունը ծեծեց Երեւանից եկած ակտիվիստներին: Ուղղակի ոստիկանությունը ծեծեց ակտիվիստների, ովքեր եկել էին Ստեփանակերտից, Վայքից, Շուշիից, Երեւանից, Հադրութից, Արտաշատից եւ այլն:

Տեսանյութերի տարածումից հետո հանրությունը, կարծում եմ, հստակ կտեղեկացվի եւ շատերը կհասկանան, որ ընկել են իշխանությունների լարած սադրանքի մեջ, որ իշխանությունները միտումնավոր թշնամանք են սերմանել քաղաքական ուժերից մեկի նկատմամբ: Հայաստանյան հասարակության ցասումը Արցախի իշխանությունների մոտ որեւէ բան չի փոխի, այն գործոն չէ Արցախի իշխանությունների վրա ազդելու համար:

-Հայկական դիվանագիտությունն Արցախի ու Ադրբեջանի անհամատեղելիությունը մշտապես հիմնավորում է առաջինի` ժողովրդավար եւ երկրորդի` բռնատիրական լինելով: Արդյո՞ք տեղի ունեցածը չի խարխլում հայկական կողմի այդ փաստարկն ու ջուր չէ ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին: Կարո՞ղ ենք փաստել, որ Արցախի վարկը միջազգային ասպարեզում կընկնի սրանից հետո, իսկ նույն «Freedom House»-ն ու այլ իրավապաշտպան կազմակերպություններ իրենց հետագա զեկույցներում աչքաթող չեն անի միջադեպը:

-Հունվարի 31-ի խայտառակությունը մեկնաբանող շատ գործիչներ մտահոգություն են հայտնում, որ Արցախի միջազգային վարկանիշը կտուժի այս ամենի հետեւանքով, եւ ժողովրդավարության մակարդակով Արցախը կհավասարվի Ադրբեջանին: Սակայն ժողովրդավարությունն առավելապես ներքին գործընթաց է, ոչ թե PR-ի մաս, եւ ինձ ամենից շատ մտահոգում են Արցախում ազատությունների մակարդակի, իրավունքի գերակայության եւ այլ բաղադրիչներ, որոնք կօգնեն արցախյան հասարակությանը զարգանալու:

Ավտոերթը վեր հանեց Արցախում առկա խնդիրները, դրանք դարձրեց ավելի տեսանելի: Այդ խնդիրները լուծելը հսկայական ջանք, նվիրված աշխատանք է պահանջում, որը հաճախ կարող է լինել անտեսանելի: Մեր կուսակցությունը եւ ես անձնամբ տեսնում եմ արցախյան գործիչների այն շրջանակը, որոնց հետ լծվելու ենք այս դժվար գործին:

Մեկնաբանություններ (4)

հայկ
միանգամայն օրինաչափություն է դարձել, երբ ղարաբաղյան ուժային կառույցները իշխանությունների կողմից օգտագործվում են որպես պատժիչ ջոկատներ։ Դրա սկիզբը դրվեց մարտիմեկյան ոճրագործությամբ։ Որպեսզի միջազգային ատյաններում չխայտառակվեն ՀՀ ուժայիններին օգտագործում են մանր–մունր ծեծկռտուքներում և կալանքներում։ Քանի որ ԼՂՀ գոյությունը միջազգային հանրության կողմից ընդունված չի ապա նրա ուժային կառույցների գործողությունները նույնպես միջազգային հանրության կողմից չեն կարող քննարկվել կամ գնահատվել։ Ահա այս տրամաբանությամբ ղեկավարվելով իշխանությունները վերջնականապես թաղում են Ղարաբաղի խնդրի արդարացի լուծման հայ ժողովրդի հույսերն ու երազանքը։ Ամենասարսափելին այն է , որ այսպես կոչված «Ղարաբաղյան իշխանությունները » առանց մի որևե առարկության, հաճույքով գնում են նման ստոր գործողությունների, վարկաբեկելով թե իրենց բնակիչներին և թե ամբողջ հայ ժողովրդին։ Սակայն ես լավատես եմ և հույսով եմ, որ շատ շուտով ամեն ինչ կնթանա իր բնականոն հունով։ Պատմության ընթացքում դեռևս ոչ մի հանցագործի չի հաճողվել խուսափել ժողովրդի դատաստանից։
Արտուր
Փաստորեն քո նմաններին ձեռնատու էր իրենց ավտոերթը, դու միշտ զբաղված ես մուտիրովկայով,արա միթէ Արցաղում մի լավ բան չի եղել, որ դու միշ փնովում ես քո մուտիտներով
Կարեն Ստեփանյան
Անկախ նրանից, թե ում պատվերը կատարեցին ոստիկանական հրոսակներն ու դիմակավոր դիպուկահարները, կատարվեց անհաջող քայլ Հայ Ազգը երկատելու ուղղությամբ: Չեք հաջողելու Սերժ Սարգսյան, Բակո Սահակյան, Վովա Գասպարյան, ՀՀ ԱԱԾ ձեր ստոր քայլերում...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նույնիսկ ԼՂՀ-ի «միջազգային ճանաչումը» Արցախի խնդրի լուծում չէ, որովհետև առաջին հերթին հենց Ռուսաստանը ԼՂՀ-ին թույլ չի տա ՄԱԿ-ի անդամ դառնալ (2-րդ հայկական պետություն Անդրկովկասում նրան բացարձակ պետք չէ): Իսկ առանց այս անդամակցության ոչ մի երկիր չի կարող դառնալ միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ կամ լիարժեք կերպով գործել միջազգային հարաբերություններում: Այսինքն՝ կհայտնվի այն իրավական գորշ տիրույթում (legal limbo), որտեղ այսօր հայտնվել են Պաղեստինն ու Կոսովոն. էլ չեմ խոսում Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter