HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հնդկական դեղի միակ սպառողը Հայաստանն էր

Հունվարի 16-17-ին Առողջապահության նախարարությունը հայտարարել էր դիաբետի դեղերի գնման մրցույթ, սակայն վերջինիս ժամկետը հունվարի 29-ից հետաձգվել է մինչև փետրվարի 4՝ մատակարարման ժամկետների և քանակների ճշտման պատճառով: Արդեն իսկ հայտնի է, որ 2015-2019թթ․ կարիքների համար Առողջապահության նախարարությունը դեղը գնելու է ֆրանսիական ընկերությունից՝ (“Diabeton”) 1 հաբի համար վճարելով  մոտ 42 դրամ։

Մինչ օրս 2-րդ կարգի շաքարային դիաբետ ունեցողներին տրվում էր հնդկական «DiaZone MR» դեղորայքը։  

«Հետք»-ը մի քանի անգամ անդրադարձել է պետպատվերով տրվող հնդկական այդ դեղորայքին և նրա շուրջ առաջացած դժգոհություններին։ Հնդկական դեղին վերաբերող մեր վերջին հոդվածում` (2014թ. հոկտեմբեր) Հայաստան ներկրված դեղերի խմբաքանակը 2013թ.-ից ի վեր ամենախոշորն էր՝  20 000 տուփ ՝ մոտ 52 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ։ Դրանից հետո «DiaZone MR»-ի հաջորդ և այս պահին վերջին խմբաքանակը բերվել է 2014թ. նոյեմբերի 5-ին՝ 10 200 տուփ՝ մոտ 26 հազ ԱՄՆ դոլար արժողությամբ։  

Վրաստանի Առողջապահության նախարարությունը տեղյակ չէ հնդկական դեղից

Դեռևս հոկտեմբեր ամսին Վրաստանի Առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարարությունից պարզեցինք, որ Վրաստանում «DiaZone MR» դեղը գրանցված չէ, և նման անունով դեղ շաքարային դիաբետով հիվանդների համար չի ներկրվում։

Սրանից հետո մենք կապ հաստատեցինք Հնդկաստանում գրանցված ընկերությունների արտահանման և ներկրման մասին տեղեկություններ պարունակող Zauba.com կայքի հետ։ Հենց այս կայքում է նշված, որ «DiaZone MR» դեղը  Հնդկաստանից արտահանվում է Հայաստան եւ Վրաստան: Աշխատակիցներից Մանսուր Ահմեդը հայտնեց, որ իրենց «ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը և ամբողջությամբ ստուգված է». «DiaZone MR» արտահանվում է Հայաստան և Վրաստան, իսկ թե Վրաստանից ու՞ր է տեղափոխվում, Մ. Ահմեդը որևէ  տեղեկատվության չի տիրապետում։

Պարզելու համար` ներկվե՞լ է, արդյոք, Վրաստանից Հայաստան նման դեղորայք, հարցում ուղարկեցինք Ֆինանսների նախարարություն, սակայն այնտեղից մեզ տեղեկացրին, որ «Diazone MR» դեղորայքի ներմուծման վերաբերյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել, քանի որ «մաքսային ծառայությունում ըստ ապրանքանշանի առանձնացված հաշվառում չի կատարվում, և սահմանով տեղափոխվող ապրանքները հայտարարագրվում են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում ընդգրկված` իրենց նկարագրին համապատասխանող ծածկագրերով»։ 

«DiaZone MR»-ի HS կոդը՝ ծածկագիրը, 3004-ն է (դեղորայքներ՝ խառը կամ ոչ խառը ապրանքներից/հումքից)։ 3004 ծածկագիրն ունի 30-ից ավել ենթածածկագիր, «DiaZone MR»-ի ծածկագիրը 3004909930049029, և այն ներառված է 3004 90 000 խմբում` նկարագրված որպես «այլ»։ Ֆինանսերի նախարարությունից տեղեկացանք, որ 3004 9099 ծածկագրով դեղորայք Վրաստանից Հայաստան ներմուծվել է 2012թ.՝ 1247,13 կգ` 43 մլն 852 հազար դրամ մաքսային արժեքով: 

Հիշեցնե՜նք, որ «DiaZone MR» դեղը ներկրող «Արմֆարմ» ընկերության հետ Առողջապահության նախարարությունը «Դեղորայքի և պատվաստանյութերի գնման» շրջանակային համաձայնագիրը կնքել էր դեռևս 2011թ. օգոստոսի 19-ին, իսկ ներկրումը սկսվեց հենց 2012թ.-ից՝ առանց նույնիսկ պատշաճ փորձաքննություն իրականացնելու։

Քանի որ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 4-րդ խմբագրությունում (2012թ.)բացակայում է 3004 9029 ծածկագիրը, իսկ 5-րդ խմբագրությունում (2013-2014թթ.)՝ 3004 9099 եւ 3004 9029 ծածկագրերը, ապա 2013-14թթ. 3004 90 99 և 3004 90 29 ծածկագրով ապրանքի ներկրման վերաբերյալ հստակ տեղեկություն չկա։
Ըստ Մաքսային  պետական կոմիտեի կայքում տեղադրած տվյալների՝ 2013-2014թ. 1-3 եռամսյակում 3004 ծածկագրով Վրաստանից Հայաստամ ներկրվել է համապատասխանաբար 7,3 և 5,2 տոննա ապրանք ՝ 1 մլն 434 հազ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։ Սակայն քանի որ ապրանքատեսակի անվանումը լրացնել պարտադիր չէ, իսկ HS ծածկագրում միայն 3004 խումբն է ներկայացված՝ առանց ենթախբային հստակեցումների, ապա դժվար է կռահել, թե կոնկրետ «DiaZone MR» այդ խմբաքանակում եղե՞լ է, թե՞ ոչ, և եթե այո, ապա ինչքա՞ն է եղել։

«Ոչ պատահական»  համընկնումներ. Ինչու՞ է պետք 2-րդ ներկրող երկիրը

Ըստ Zauba.com կայքի տվյալների ՝ «DiaZone MR»-ը Վրաստան ներկրվել է 4 անգամ, որից 2 անգամը` այն ասմիսներին, երբ Հայաստան ներկրում չի եղել (2013 մայիս, հոկտմբեր), մյուս 2 դեպքում էլ` 2014 հունիս, նոյեմբեր ամիսներին, երբ Հայաստանի և Վրաստանի դեղերի խմբաքանակի գումարը կազմել է «կլոր» թիվ (համախատասխանաբար՝ 18 000 և 2000 հունիսին, 10 200 և 5800՝ նոյեմբերին): 

Դեղորայքը Հնդկաստանից Հայաստան և Վրաստան է արտահանվում 2 ճանապարհով՝ օդային (Delhi Air Cargo) և ջրային (Nhava Sheva Sea)։ Հայաստան՝ օդային, Վրաստան՝ ջրային ճանապարհով։ Ուշագրավ է, որ 2014թ. մայիս ամսին «DiaZone MR» Հայաստանը ներկրել է ծովով։ Ամենայն հավանականությամբ, դա եղել է ոչ թե Կասպից, այլ հենց Սև ծովը, քանի որ 2013-2014թ. 1-3 եռամսյակում 3004 ծածկագրով Իրանից Հայաստան ներկվել է 500 կգ դեղորայք ՝ 18,6 հազար ԱՄՆ  դոլար արժողությամբ, մինչդեռ 4 անգամ  Վրաստան ներկրված դեղի ընդհանուր արժողությունը կազմում է 38 հազար ԱՄՆ դոլար։

Երկրորդ՝ ներկրող երկրի «պատրանք ստեղծելը» թույլ է տալիս մտածել, որ հնդկական դեղից օգտվել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև հարևան Վրաստանում։

Նախարարի խափանված ժողովը

2013թ․ փետրվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի կողմից իրականացվել էր հնդկական «DiaZone MR»և «DiaMar M» դեղերի փորձաքննություն, որի ժամանակ ի հայտ եկած անհամապաատասխանությունն ու դեղի ՉՏՓ-ների՝ միջազգային ստանդարտներին չհամապատասխանելը ամենևին էլ առիթ չէր հանդիսացել հնդկական դեղի մերժման համար։

Մարդկանց դժգոհությունը, դեղերի անարդյունավետությունն ու պետական գնումների ժամանակ ոչ պատշաճ փորձաքնությունը պատճառ հանդիսացան, որպեսզի Առողջապահության նախարարությունն, ի վերջո, ուսումնասիրի հնդկական դեղը։ 
2014թ. նոյեմբերի կեսերին Արմեն Մուրադյանի հանձնարարականով, ի վերջո, ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր շաքարային դիաբետ ունեցող մարդկանց տրվող հնդկական «DiaZone MR» դեղը։ Իսկ թե ինչ արդյունք է եղել, անհայտ է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter