ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Օգտվեք անվճար բուժօգնությունից` առանց զուգարան մտնելու



Երեւանի պետական պոլիկլինիկաներում մարդիկ ստանում են պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բուժօգնություն: «Հետքը» շրջել է քաղաքի բոլոր պոլիկլինիկաներով` տեսնելու, թե ինչ սանիտարահիգիենիկ պայմաններ են պետության կողմից երաշխավորված բուժօգնություն ցուցաբերող հաստատություններն առաջարկում մարդկանց: 

Իրավիճակին ծանոթանալու համար լուսանկարել ենք պոլիկլինիկաների սանհանգույցները: Սեղմելով քարտեզի` վայր խորհրդանշող պատկերի վրա` կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր պոլիկլինիկայի սանհանգույցի սանիտարահիգիենիկ իրավիճակին:

Երեւանի պոլիկլինիկաները գտնվում են քաղաքապետարանի եւ առողջապահության նախարարության վերահսկողության ներքո: Երեւանի քաղաքապետարանը պատասխանատու է բժշկական հաստատության շենքային պայմանների, բժշկական սարքավորումների որակի եւ անձնակազմի կառավարման համար: Պոլիկլինիկաների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը վերահսկում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը:

Լուսանկարներում պարզ երեւում է, որ Երեւանի պոլիկլինիկաներից գրեթե ոչ մեկը չի համապատասխանում 2013թ. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված  բուժկանխարգելիչ հիմնարկում հասարակական զուգարանի սանիտարահիգիենիկ նորմերին: Հարց է առաջանում` ինչո՞ւ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունը չի արձանագրում պոլիկլինիկաների սանհանգույցների անհամապատասխանությունը սանիտարահիգիենիկ նորմերին:   

Ծանոթացում` բուժկանխարգելիչ հիմնարկում հասարակական զուգարանի սանիտարահիգիենիկ նորմերը`  

«Հետքի» հարցին, թե Երեւանի պոլիկլինիկաներում գրանցվե՞լ են, արդյոք, սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման խախտումներ 2013-2014թթ., եւ կա՞ն, արդյոք, պոլիկլինիկաներ, որոնք ենթարկվել են տույժի, Առողջապահության նախարարությունից պատասխանել են. «Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ եւ համաճարակային հսկողությունը, այդ թվում` պոլիկլինիկաների նկատմամբ, իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը:

2013թ. «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում իրականացվել է թեմատիկ ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ կանոնների եւ նորմերի պահանջների խախտումներ, ինչի համար «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենը ենթարկվել է վարչական տույժի»:

Փաստորեն, վերջին երկու տարիների ընթացքում խախտման ընդամենը մեկ դեպք է հայտնաբերվել, այնինչ իրավիճակը նույնն է գրեթե բոլոր պոլիկլինիկաներում:  

Քաղաքացիների հարկերից գոյացող պետական բյուջեից 2013թ. առողջապահության նախարարությունը 3 մլրդ 67 մլն 275 հազար 900 դրամ է հատկացրել հանրային առողջապահական, այդ թվում` հիգիենիկ եւ համաճարակային ծառայությունների համար:

2015-2017թթ. նախարարության կողմից իրականացվող ամփոփ ծախսերում սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների անցկացման, թունավորումների եւ այլ հիվանդությունների կանխարգելման համար նախարարությունը նախատեսում է հատկացնել`

Ո՞րն է սանիտարահիգիենիկ միջոցառումներին ուղղված պետբյուջեից կատարվող հատկացումների նպատակը, եթե առողջապահության նախարարությունը չի հայտնաբերում եւ տույժի չի ենթարկում նորմերը խախտող բոլոր հաստատություններին:    

Քաղաքապետարանի գործառույթը

Պոլիկլինիկաները սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավումը, գույքի արդիականացումը, մատուցված ծառայությունների որակը վերահսկում է Երեւանի քաղաքապետարանը: 2014թ. Երեւանի բյուջեից առողջապահությանը հատկացվել է 165 մլն դրամ, որից 100 մլն-ը` «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռքբերում», 50 մլն-ը՝ «Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում» և 15 մլն-ը՝ «Բնակչությանը կոմպյուտերային տոմոգրաֆիային ծառայության տրամադրում» ծրագրերի իրականացման համար:

«Հետքի» հարցին, թե որքան գումար է 2014թ. հատկացվել յուրաքանչյուր պոլիկլինիկայի` շենքային պայմանների բարելավման եւ սարքավորումների ձեռքբերման համար առանձին-առանձին, Երեւանի քաղաքապետարանը պատասխանել է, որ «Թիվ 15 պոլիկլինիկա» և «Սարի Թաղ պոլիկլինիկա» ՓԲԸ-ներում անցկացվել են ջեռուցման համակարգեր, «Կարմիր բլուր» պոլիկլինիկա ՓԲԸ-ում փոխարինվել են պատուհանները, որի համար հատկացվել է ընդամենը  41 միլիոն 52 հազար 480 դրամ:

«Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռք բերում» ծրագրի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանը բուժհաստատություններին տրամադրելու նպատակով ձեռք է բերել 14 անուն բուժսարքավորում` 2 ռենտգեն ապարատ, 5 ուլտրաձայնային հետազոտման սարք՝ կարդիոտվիչով, 1 ուլտրաձայնային հետազոտման սարք (դոպպլեր), 2 կոլպոսկոպ և 4 իմունոֆերմենտային անալիզատոր՝ ընդամենը 75 մլն 886 հազար 400 դրամ արժողությամբ: Արդյունքում` տնտեսվել է 24 մլն 114 հազար դրամ:

Սրտաբանության ԳՀԻ 1 Սրտաբանության ԳՀԻ Դավիթ Անհաղթ ԲԿ 1 Դավիթ Անհաղթ ԲԿ Էնդոկրին դիսպանսեր 1 Էնդոկրին դիսպանսեր Թիվ 1 պոլիկլինիկա 1 Թիվ 1 պոլիկլինիկա Թիվ 13 պոլիկլինիկա 1 Թիվ 13 պոլիկլինիկա Թիվ 15 պոլիկլինիկա 1 Թիվ 15 պոլիկլինիկա Թիվ 17 պոլիկլինիկա 1 Թիվ 17 պոլիկլինիկա Թիվ 20 պոլիկլինիկա 1 Թիվ 20 պոլիկլինիկա Թիվ 22 պոլիկլինիկա 1 Թիվ 22 պոլիկլինիկա Թիվ 8 պոլիկլինիկա 3 Թիվ 8 պոլիկլինիկա Հակատուբերկուլյոզային դիսպ. 1 Հակատուբերկուլյոզային դիսպ. Նորք Մարաշ ԲԿ ՓԲԸ 1 Նորք Մարաշ ԲԿ ՓԲԸ Իմունոֆերմենտային անալիզատոր 4 Իմունոֆերմենտային անալիզատոր Կոլպոսկոպ 2 Կոլպոսկոպ Ուլտրաձայնային հետազոտման սարք 2 տվիչով 5 Ուլտրաձայնային հետազոտման սարք 2 տվիչով Ուլտրաձայնային հետազոտման սարք դոպպլեր 1 Ուլտրաձայնային հետազոտման սարք դոպպլեր Ռենտգեն ապարատ 2 Ռենտգեն ապարատ 1.927.000 դրամ 4 1.927.000 դրամ 2.850.000 դրամ 1 2.850.000 դրամ 22.990.000 դրամ 2 22.990.000 դրամ 3.480.000 դրամ 5 3.480.000 դրամ 974.200 դրամ 2 974.200 դրամ

«Բնակչությանը կոմպյուտերային տոմոգրաֆիային ծառայության տրամադրում» ծրագրի շրջանակներում քաղաքապետարանը պոլիկլինիկաների համար ձեռք է բերել կոմպյուտերային տոմոգրաֆիային ծառայություն՝ 14 մլն 500 հազար դրամ արժողությամբ, որից մինչ 2014թ. դեկտեմբերի 10-ը ներառյալ օգտվել է 209  քաղաքացի: 

Անցյալ տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երեւանի պոլիկլինիկաներ է այցելել ընդհանուր առմամբ 466 հազար 535 մարդ, ովքեր հնարավորություն ունեն օգտվելու նոր սարքավորումներով անվճար բուժօգնությունից, սակայն պետք է խուսափեն բուժհաստատությունների զուգարաններ մտնելուց, քանի որ նման պայմաններ առաջարկող պետական բուժօգնությունը ոչ միայն չի կարող հիվանդությունների կանխարգելիչ գործառույթ կատարել, այլ նաեւ կարող է նպաստել հիվանդությունների առաջացմանը եւ տարածմանը:   

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեկտեմբերի 3-ին շրջայց են կատարել վերոնշյալ պոլիկլինիկաներում, ծանոթացել շենքային պայմաններին, լուսանկարվել եւ հրապարակել դրանք իրենց գերատեսչությունների պաշտոնական կայքերում: Նրանք, սակայն, մոռացել են բացել այդ պոլիկլինիկաների զուգարանի դռները:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (6)
1. STR14:47 - 3 փետրվարի, 2015
Պատահական կարելի է հանդիպել ուսումնասիրության, վերլուծության վրա հիմնված հոդվածների, որոնցում փաստերը հստակ են ոչ թե մոտավոր, հայեցողական ու հուզական գնահատականներ չեն պարունակում, վերաբերում են հատկապես ուշադրության արժանի խնդրի: Ապրես , Անի Հովհաննիսյան
2. hasmik11:40 - 4 փետրվարի, 2015
այս վիճակը չի վերաբերվում միայն պոլիկլինիկաներին, նույն վիճակն է օրինակ Կապանի քաղաքային հիվանդանոցում, Կապանի քաղաքապետը մեծ մեծ խոսում է, դրա համար էլ խնդրում եմ ձեզ տեղադրեք նաև Կապանի հիվադանոցի ոչ միայն զուքարանի, այլ նաև ամբողջ հիվանդանոցի նկարները, որոնք զուքարանի այդ վիճակից բոլորովին չեն տարբերվում
3. curious05:48 - 5 փետրվարի, 2015
Սա է իսկական պրոֆեսիոնալ լրագրություն, փաստերով, նկարներով, դիագրամներով, լավ շարադրված: Թե չէ «խնձորի հյութը խառնում ենք մեզի մեջ, ավելացնում ենք դինոզավրի մազ, հետո քսում ենք ճակատին ու պորտին ամեն երեքշաբթի ու վեցշաբթի, ու ԲՈԼՈՐ քաղցկեցները բուժվում են" տիպի հոդվածներ են գրվում, որ ոչ աղբյուր է նշվում, ոչ հղում կա, միայն ֆեյսբուքում լայքեր ու քլիքեր հավաքելու համար է ու հանրությանն էլ մոլորեցնում են: Շատ լավ հոդված էր, Անի, շնորհակալ եմ
4. Asqanaz 10:50 - 5 փետրվարի, 2015
Հրատապ թեմա եք շոշափում: Ես 2-րդ խմբի հաշմանդամ եմ, օգտվում եմ Ավանի թիվ 12 պոլիկլինիկայից: Հազարից մեկ եմ հաճախում, որովհետև գոնե կես ժամը մեկ պետք է օգտվեմ պետքարանից, դեղ խմեմ: Այստեղ ոչ այն կա, ոչ մյուսը: Բարեբախտաբար, գոնե անձնակազմը ուշադիր է ու պրոֆեսիոնալներից բաղկացած: Բայց նրանք ի՞նչ անեն: Սրանք պետության կողմից լուծվելու հարցեր են, իսկ պետության կառույցներն էլ չտեսնելու են տալիս...
5. Նարե10:50 - 6 փետրվարի, 2015
Շնորհակալություն շատ ճիշտ դիտարկման համար, իսկապես ամոթալի վիճակ է , այն էլ մայրաքաղաքում,
6. Reuben18:23 - 6 փետրվարի, 2015
YOU GOT TO HOLD IT IN SOMEHOW!!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ