HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռուբեն Գևորգյանի 6 վագրերն ու «խանդի առարկա» ազատավանդակը

Հայաստանում մեծահարուստների ու պաշտոնյաների շրջանում կարծես թե մոդա է դարձել վայրի կենդանիներին «ընտելացնելը» և իրենց հյուրանոցների, ռեստորանների բակում պահելը, սեփական առանձնատանը «մինի» գազանանոց կառուցելը:

ԱԺ պատգամավորների մի մասը ևս ունի վայրի կենդանիներ: Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանն իր առանձնատանն ունի գազանանոց, որտեղ պահում է տարբեր կենդանիներ, այդ թվում՝ առյուծներ ու վագրեր, Մանվել Գրիգորյանը՝ ջայլամներ, վագրեր, Մուշեղ Պետոյանը արջ է պահում, և այլն: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը ևս վայրի կենդանիների, մասնավորապես՝ վագրերի սիրահար է: Նա այդ սերը չի թաքցնում և մերթ ընդ մերթ իր վագրերի լուսանկարները հրապարակում է սոցիալական ցանցերի իր էջում:

«Ամեն մի մարդ, ինձ թվում է, փոքր հասակից էլ սիրել է կենդանի պահել, որը շուն, որը երևի կատու: Հետագայում արդեն տարիքի հետ կապված սկսում են ցեղական շներ պահել, ինձ թվում է` դա տարածված է մեր հայերի մեջ, հատկապես պատանեկան տարիներին»,- «Հետքի» հետ զրույցում ասում է պատգամավորը և հավելում, որ իր մոտ պահվող կենդանիներին վայրի չի կարող անվանել, «քանի որ նրանք հատուկ կենդանիներ են և Կարմիր գրքում են գրանցված»:

Ռ. Գևորգյանն ասում է, որ վայրի կենդանի հասկացությունը լայն է, դրանց շարքին են դասվում գայլերը, մյուս կենդանիները, բայց ինքը նման կենդանիներ չունի: Պահում է ուսուրական (ամուրյան) վագրեր, որոնք գրանցված են Կարմիր գրքում, և ամբողջ աշխարհում ազատության մեջ նրանց թիվը մոտ 340 է:

«Եթե նրանք իրենց հայրենիքում չեն բազմանում, իմ մոտ լուրջ հետաքրքրություն է, որ ես կարողանամ նրանց բազմացնել, և դա ստացվել է: Արդեն երրորդ սերունդն են տալիս: Դրա մասին տեղյակ են այն ասոցիացիայում, որը գլխավորում է Ռուսաստանի նախագահ Պուտինը»,- ասում է Ռ. Գևորգյանը նշելով, որ Վլադիմիր Պուտինի գլխավորած կազմակերպությունը զբաղվում է հենց ուսուրական վագրերի պահպանությամբ:

Պատգամավորի խոսքերով՝ 9 վագրի ձագ է ունեցել, և դա ցնցել է ռուսներին: Նրանք ժամանակ առ ժամանակ գալիս են Հայաստան հաշվառում են վագրերին և հսկողության տակ պահում:

Այժմ իր մոտ պահվող վագրերը 6-ն են: Դրանցից մի քանիսը նվիրել է իր ընկերներին, մեկն էլ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Այնպիսի մարդկանց եմ նվիրել, որոնք շատ բարեխիղճ ձևով կարող են պահել: Նրանք շատ թանկարժեք վագրեր են՝ իրենց բնույթով, տեսակով: Պիտի այնպիսի մարդկանց տրամադրության տակ լինեն, որ ի վիճակի լինեն պահելու, սիրում են այդ կենդանիներին: Իսկ մնացած վագրերն ինձ մոտ են, թվով 6-ը»,- նշում է պատգամավորը:

Ըստ նրա՝ հինգուկես տարի առաջ վագրերը Հայաստան են բերվել Ռուսաստանից և կան բոլոր փաստաթղթերը, պայմանագրերը, որոնք վկայում են օրինական լինելու մասին. «Երկու տարի սպասել եմ մինչև այդ ձագերը լույս աշխարհ են եկել»:

Պատասխանելով այն հարցին, թե վայրի կենդանիներին անազատության մեջ պահելով, արդյոք միջազգային կոնվենցիաներով, իրավական ակտերով պաշտպանվող կենդանիների իրավունքների խախտում չէ, Ռուբեն Գևորգյանն ասաց.

«Ազատության մեջ գտնվող բոլոր վագրերը երևի խանդով կլցվեին այս երկու զույգի նկատմամբ, որոնք գտնվում են Ռուբեն Գևորգյանի բակում: Հաստատ խանդով կլցվեին: Ըստ պահանջի իրենք ապրում են: Եթե նրանք Ամուր գետի ափին են սովոր լողալ, իմ «վալյերներում» կա հսկայական լողավազան, որտեղ իրենք կարող են լողանալ, մաքուր ջրով են սնվում, ինչպես մենք ենք սնվում: Իրենց բները, իրենց մաքրությունը, հզոր գերանները, որ իրենց ճանկերը, եղունգները մաշացնեն, ամեն հարմարություն ստեղծված է բնությանը համազոր, և դրանք վանդակ չեն կարող կոչվել: Վանդակի երկարությունը 50 մետր է, լայնությունը՝ 15 մետր, արդյո՞ք դա վանդակ է»:

Ըստ Ռ. Գևորգյանի՝ վագրերը բծախնդիր կենդանիներ են, և եթե նրանք հանգիստ չզգային, իրենց համար հարմարավետ չլիներ, սերունդ չէին տա: «Իրենց հայրենի երկրում՝ Սիբիրում, վագրերը չեն կարողանում սերունդ տալ և հենց այդ պատճառով էլ վերանում են, քանակը սակավաթիվ է, Հայաստանի կլիմայական պայմաններում արդեն բազմանում են»,- նշում է պատգամավորը:

Նա պատմեց, որ վագրերն իրենց առաջին սերունդին չեն պահում, սթրես են տանում, ձագերին պահում են այն վագրերը, որոնք 2-3 սերունդ են տվել: Առաջին ձագերին պատգամավորը պահել է տան պայմաններում, արհեստական կերով, որը բերվել է արտերկրից:

Ռ. Գևորգյանն ասում է, որ մոդայի հետևից չի ընկնում և կենդանիներին պահում է ոչ միայն նրանց սիրելու, գուրգուրելու համար, այլև թվաքանակն ավելացնելու նպատակով և դա համարում է շատ կարևոր գործ:

«Ես պաշտոնյա չեմ, Ծաղիկ Ռուբոն եմ, ունեմ իմ հարգանքը, ապրած կյանքը հասարակության մեջ, պարզապես պատգամավոր եմ, որ ներկայացնում եմ ժողովրդի շահերը Ազգային ժողովում: Ես դա չեմ համարում պաշտոն: Ես վագրերին չեմ վաճառում կամ ինչպե՞ս կարող եմ տալ մեկին, ով չի կարող պահել: Վագրերին վնասելը, սպանելը հանցագործություն է, լեզուս էլ չի բռնում նրանց վրայով սատկել ասելը, եթե պահողի մեղքով է, ես հանցագործություն եմ համարում»,-ասում է Ռ. Գևորգյանը:

Նա չասաց, թե ամսական որքան գումար է ծախսում վագրերի համար, նշելով, որ եթե կենդանիներին պահում է, ուրեմն իրեն անհանգստություն չեն պատճառում:

Ռուբեն Գևորգյանը պատմեց, որ 3 տարի առաջ ունեցել է նաև թանկարժեք առյուծ՝ «Չյոռնի գրիֆ»: 5-6 տարի պահելուց հետո կենդանուն նվիրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Վերջինս էլ առյուծին ուղարկել է Գանձասարի Վանք գյուղի գազանանոց:

«Եղբորս մահվան օրը (ազատամարտիկ Սամվել Գևորգյանի- հեղ.) դատարկ չգնալու համար առյուծներով գնացի Արցախ: Երևի խորհուրդ ուներ առյուծներին Ղարաբաղին նվեր տալը, թող նրանք մռնչան և իրենց մռնչոցը թուրքին վախացնի, սարսափի մեջ գցի»,- նշեց Ռ. Գևորգյանը:

Ռուբեն Գևորգյանը նեղսրտել էր, որ լրատվամիջոցները կենդանիներ պահելու «գեղեցիկ երևույթը» «սևացրել» են՝ դրան անդրադառնալով բացասական երանգով: Պատգամավորն ասում է, որ այդ մասին գրողներն էլ եթե տեսնեն վագրերի ապրելու պայմանները, գուցե նրանք էլ խանդով լցվեն տվյալ տարածքի ու բնակավայրի հանդեպ:

Լուսանկարները՝ Ռուբեն Գևորգյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանություններ (3)

մհեր
Մոլոդեց Ռուբոն! Եթե վագրերին այդքան է սիրում, ապա հայ խեղճ ու կրակներին, հաշմանդամ ու անթոշակ ազատամարտիկներին, նրանց անտուն մնացած երեխաներին ինչքան կսիրի այդ բարի հոգին՜: Լավ կլիներ մի 30 х 20 - ի վրա էլ ծերանոց կամ մանկատուն պահեր, մի սարի գյուղում խմելու ջուր քաշեր ու բաղնիք սարքեր: Իսկ եթե արել է, ապա թող էդ չարահոգի լրագրողների աչքը մտցնի, որ դադարեն վագրերի դեմ խոսելուց: Բայց նոր եկեղեցի թող չսարքի, վագր պահելն ավելի օգտակար կլինի, համ էլ նախանձողներ կլինեն!
GB
Most modern psychologists advise their mentally sick patients to have an exotic pet, and live with them, in order to reduce their anxiety and stressful lifestyle. Vladimir Putin once a while goes Siberia to meet his beloved Siberian tigers as well!
anush
Այ չտես.. Մեկ մեկ գնա օտար երկրներ, տես, որ մարդկությունը զարգացել է: Կենդանիներ պահելու համար գազանանոցներ կան Ներկայումս մեծ շնորհք չի կենդանի պահելը, ավելի մեծ շնորհք է այնպես ապրել, որ հետեվիցտ քո ծնողին չհայհոյեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter