Շաբաթ, 22 սեպտեմբերի

Աբովյանի քաղաքապետարանը պարտավորեցնում է երկու անգամ վճարել սեփականության իրավունքը գրանցելու համար



Աբովյանի քաղաքապետարանի` համայնքային սեփականության անշարժ գույքը դասական աճուրդով վաճառելու մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում եւ azdarar.am-ում հրապարակվող հայտարարությունները, գնորդներ գրավելու նպատակ  չունեն: Այդ հայտարարություններն իրենց բովանդակությամբ հեռու են նաեւ դասական աճուրդի համար սահմանված օրենսդրական պահանջներից, պատկերացում չեն տալիս աճուրդի դրված բնակարանների եւ հանրակացարանային սենյակների մասին, եւ հնարավոր գնորդներին կարող են հետաքրքրել միայն իրենց արժեքով: Դրանց մեկնարկային գինը առավելագույնը Աբովյան քաղաքի բնակարանների 3-4 ամսվա վարձավճարն է կազմում:

Աբովյանի քաղաքապետի օգնական Մանուկ Հակոբյանը հենց այդպես էլ մեկնաբանում է` հայտարարությունները գնորդներ գտնելու նպատակով չեն հրապարակում: Աճուրդի դրված սենյակներն «Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի եւ Չափիչ գործարանի 4-րդ հանրակացարանային (գլխավոր նկարում) մասնաշենքերում են: «Դրանք վաղուց զբաղեցված են, սակայն բնակիչների սեփականության իրավունքը չի գրանցվել փաստաթղթերի բացակայության կամ այլ պատճառներով»,- հայտնեց Մ· Հակոբյանը: Նրա ասելով` սեփականության գրանցումն օրինականացնելու համար պետք է աճուրդ հայտարարվի, եւ իրենք պարբերաբար աճուրդ են հայտարարում, որպեսզի բնակիչներին հնարավորություն տան սեփականացնելու իրենց զբաղեցրած սենյակները:

Աբովյանի քաղաքապետարանը azdarar.am կայքում հունվարի 27-ին տեղադրել է աճուրդ-վաճառքի հերթական հայտարարությունը` բնակարաններ եւ սենյակներ` թվով 38 լոտ: Քաղաքապետարանը համայնքային սեփականություն հանդիսացող բնակարաններն ու հանրակացարանային սենյակներն աճուրդի դնելուց առաջ ներկայացրել է գնահատման: Հայտարարություններում նշված է նաեւ աճուրդի դրված անշարժ գույքի մեկնարկային գինը:

«Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի տնօրեն Օնիկ Գեւորգյանը, որի ընկերությունն իրականացրել է բնակարանների ու սենյակների գնահատումը, մեզ հայտնեց, որ իրենք շուկայական արժեքի գնահատում չեն կատարել: Նրա ասելով՝ աճուրդի դրված գույքի մեկնարկային գինը Աբովյանի քաղաքապետի հետ համաձայնեցված արժեքն է, այն գնահատված գույքի շուկայական արժեքի մոտ 10%-ն է կազմում:

Վերջին տարիներին, Կառավարության որոշումով Աբովյան համայնքին են հանձնվել քաղաքում նախկինում գործող գործարանների եւ ուսումնական հաստատությունների հանրակացարանները: Կառավարության որոշումով դրանք նվիրաբերվել են համայնքին` այնտեղ բնակվող ընտանիքներին անհատույց սեփականության իրավունքով փոխանցելու պայմանով: Հետեւաբար, անհասկանալի է, թե ինչու պետք է «անհատույց փոխանցումը» հատկապես դասական աճուրդի միջոցով արվի  եւ ոչ թե ուղիղ վաճառքով մասնավորեցվի այն տիրապետողներին:

Աբովյանի քաղաքապետի օգնական Մանուկ Հակոբյանն ասում է, որ Աբովյան համայնքի ֆոնդային բյուջեն համալրելու միակ աղբյուրը համայնքային հողերի աճուրդներն են: Այսինքն՝ բնակարանների աճուրդից մուտք եղած գումարները շոշափելի չեն ֆոնդային բյուջեի համար: «Անցյալ տարի ֆոնդային բյուջեում մոտ 100 մլն դրամ է մուտք եղել աճուրդներից, եւ այդ գումարով կարողանում ենք միայն քաղաքում ասֆալտապատում իրականացնել: Նախորդ տարվանից դեռ պարտքեր ունենք ասֆալտապատման աշխատանքների դիմաց»,- քաղաքապետարանի ֆինանսական դժվարություններն է ներկայացնում Մ. Հակոբյանը:

Աբովյանի քաղաքապետարանը նախորդ տարիներին Կոտայքի մարզում ամենամեծ թվով աճուրդներն է իրականացրել` 2013թ·-ին վաճառել է 166 լոտ հողատարածք, 2012թ·-ին՝ 97 լոտ: Վերջին երկու տարիների աճուրդների վիճակագրական պատկերը ցույց է տալիս նաեւ, որ պարտքով ասֆալտապատում իրականացնող քաղաքապետարանն աճուրդները մրցակցային պայմաններում չի իրականացրել` բոլոր լոտերի վաճառքն իրականացվել է երկու մասնակցով, կադաստրային արժեքի 50% կամ 100%-ով:

Մ. Հակոբյանն այդ հարցին այսպիսի բացատրություն է տալիս՝ եթե հողերի մեկնարկային գինը շուկայական արժեքով ձեւակերպենք՝ ավելի ցածր է լինելու, քան կադաստրային արժեքն է:

Հողերի աճուրդ-վաճառքի մասին հայտարարություններին ներկայացվող պահանջները նույնպես պահպանված չեն, օրինակ՝ լոտի նկարագիրը: Մանուկ Հակոբյանը պատճառաբանում է, որ սահմանված պահանջներով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հայտարարություններ հրապարակելը զգալի գումար կկազմի: Սակայն, այդ պահանջները չեն պահպանվում նաեւ www.azdarar.am կայքում, որտեղ հայտարարություններն անվճար են հրապարակվում: Լոտերի նկարագրից բացի, չի նշվում նաեւ աճուրդի օրը, փոխարենը տեղեկացնում են· «Աճուրդ վաճառքը կկայանա հայտարարման օրվանից մեկ ամիս հետո»:  Ո՞վ կարող է հաստատել՝ իրականում աճուրդ տեղի ունեցավ, թե՝ ոչ, երբ օրենքը աճուրդի գործընթացը փակ է հայտարարել, իսկ ընթացքին դրսից անգամ հետեւելն անհնարին է, քանի որ աճուրդի օրը թաքցնող համայնքապետերի հաշվարկած ամսվա 30-րդ օրը մեր հաշվարկի հետ երբեք չի համընկել:

Աբովյանը նաեւ մեզ ծանոթ միակ համայնքն է, որտեղ համայնքի ղեկավար Կարապետ Գուլոյանի առանձին որոշումով, աճուրդում հաղթող մասնակցից հետագայում գանձվում է «համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճարը»: Այսինքն՝ աճուրդին մասնակցելու համար վճարած 14,000 դրամ վարձավճարից բացի, գնորդը պետք է փոխհատուցի նաեւ քաղաքապետարանի կատարած ծախսերը, որը կազմում է 65,000 դրամ, այնուհետեւ՝ իր սեփականության իրավունքը պետական ատյաններում գրանցելու համար պահանջվող անհրաժեշտ բոլոր ծախսերը: Ստացվում է, որ գնորդը երկու անգամ է վճարում սեփականության իրավունքի գրանցման ծախսերը՝ մեկ անգամ իր փոխարեն, մեկ անգամ՝ քաղաքապետարանի:

Մանուկ Հակոբյանը հայտնեց, որ 2015թ·-ին աճուրդային նոր լոտերի համար սեփականության իրավունքի վկայական ձեռք բերելու գործընթացը դադարեցրել են,  որովհետեւ Կադաստրը նոր հաշվարկ է իրականացրել, որի արդյունքում մեկ լոտի համար կազմվող փաստաթղթերի արժեքը եթե մինչ այդ մինչեւ 70,000 դրամ էր կազմում, հիմա նվազագույնը 300-500 հազար դրամ է կազմելու: Քաղաքապետարանը դադարեցրել է լոտերը սեփականացնելու գործընթացը, լավ իմանալով, որ արդեն դժվար կլինի գնորդին լրացուցիչ 300-500 հազար դրամ վճարելու պահանջ ներկայացնելը:

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն առայժմ ձեռնպահ է մնում այս նորամուծությունը մեկնաբանելուց: Մեզ հայտնեցին, որ հարցը ներկայումս քննարկվում է, եւ շահագրգիռ կողմերին, այդ թվում նաեւ համայնքների ղեկավարներին կհրավիրեն մասնակցելու քննարկմանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ