HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պետական մարմիններն ինչպե՞ս են գնումների պայմանագրեր կնքում. Վերահսկիչ պալատի բացահայտումներից

ՀՀ վերահսկիչ պալատի 2013թ. տարեկան հաշվետվության ըստ էության քննարկումը, բացահայտումներն ու հնարավոր յուրացումների մասին բանավեճերը իշխանությունների «ճարպկության» շնորհիվ այսօր հեռու պահվեց հանրությունից: Տեղեկացրել էինք, օրենքով նախատեսված է, որ տարեկան հաշվետվությունը պետք է ԱԺ-ում ներկայացնի վերահսկիչ պալատի նախագահը, սակայն, նրա փոխարեն խորհրդարան էր եկել վերահսկիչ պալատի խորհրդի անդամը: Այս վերաբերմունքը ընդդիմադիր պատգամավորներին բարկացրեց և ամբողջ քննարկումը թեքվեց այդ ուղղությամբ, ինչը ձեռնտու էր հենց քաղաքական մեծամասնությանը: Այդպիսով հանրությունը այդպես էլ չտեղեկացավ, թե իրականում ինչ էր բացահայտել վերահսկիչ պալատը 2 տարի առաջ:

Թեև բացահայտումները երկու տարվա վաղեմություն ունեն, սակայն դրանք այսօր էլ խիստ արդիական են և կոնկրետ գնումների ոլորտում գրեթե ոչինչ չի փոխվել, ինչի մասին ակնարկում էին պատգամավորները:

Ըստ Վերահսկիչ պալատի՝ գնումների կազմակերպման գործընթացում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ: Առանձին գնման համար պատասխանատու պատվիրատու գերատեսչության ներկայացուցիչները, խտրական վերաբերմունք ցույց տալով, որոշ ընկերությունների թույլ են տալիս կնքել բարձր գներով պայմանագրեր, որոնց արդյունքում պետական միջոցները չեն տնտեսվում, իսկ որոշ անձինք ստանում են գերշահույթ: Այսինքն՝ ներկայացված գնային առաջարկի հիմնավորվածությունը չի ստուգվում: Իսկ որոշ դեպքերում պետության իրական կարիքները չեն գնահատվում և արդյունքում ձեռքբերվող ապրանքը կամ աշխատանքն ու ծառայությունը հետագայում որևէ կերպ չի ծառայում իր նպատակին կամ մասնակի է ծառայում: Նվազում է գնումների նպատակայնությունն ու հասցեականությունը և այլն:

Օրինակ՝ գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունները Երևանի տարբեր վարչական շրջանների մանկապարտեզներին որոշ ապրանքատեսակներ, որոնց տեխնիկական բնութագրերը նույն են, մատակարարել են տարբեր գներով: Մատակարար «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն Դավթաշենի մանկապարտեզներին հատիկավոր լոբին մատակարարել է 850 դրամով, Կենտրոնին՝ 987 դրամով, Ավանին 770 դրամով և այլն:

Կրթության և գիտության նախարարության «Հատուկ կրթություն» և «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերով ֆինանսավորվող ՊՈԱԿ-ների սննդամթերքի գնման պայմանագրերով նախատեսված որոշ ապրանքատեսակների գները չեն համապատասխանել նույն տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակների շուկայական գներին: Դեռ ավելին, նույնանուն սննդի տեսականին միևնույն մատակարարի կողմից ՊՈԱԿ-ներին մատակարարվել է տարբեր գներով:

Մասնավորապես, «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն հաճարը մատակարարել է 440-720 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 300 դրամ,  կարտոֆիլը՝ 146-220 դրամով, երբ շուկայում նվազագույն գինը 100 դրամ է եղել, շաքարավազը՝ 435-496 դրամով, շուկայում առկա 372 դրամի փոխարեն: Իսկ «Դանինի» ՍՊԸ-ն բրինձը մատակարարել է 400 և 430 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 328 դրամ, հնդկաձավարը՝ 600 և 650 դրամով, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 420 դրամ և այլն:

Ուսումնասիրված ապրանքատեսակները պայմանագրերով նախատեսված քանակներով շուկայական միջին գներով ձեռք բերելու դեպքում «սննդի ձեռքբերում» հոդվածով հնարավոր տնտեսումը «Հատուկ կրթություն» և «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերով կարող էր կազմել 46 մլն 812 հազ. դրամ:

Որոշ ապրանքների գնման պայմանագրերը չեն կնքվել տվյալ ապրանքն արտադրող կամ ներմուծող կազմակերպության հետ: Արդյունքում առաջացել է միջնորդավորված գնում:

Ըստ Վերահսկիչ պալատի՝ որոշ միջնորդ կազմակերպություններ այնքան են «մասնագիտացել» պետական գնումներում, որ մասնակցում և հաղթում են միմյանցից բացարձակապես տարբերվող ոլորտներում կազմակերպվող մրցույթներում: Մատակարարում են միմյանցից ծայրահեղ տարբերվող ապրանքատեսակներ, ինչը  հանգեցնում է ապրանքի ավելորդ թանկացմանն ու պետական ծախսերի ցածր արդյունավետությանը:

Մասնավորապես՝ անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն եղանակով քիմիական պայքարի իրականացման նպատակով 2012 և 2013 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագրեր: Քանի որ տվյալ ընկերությունը չի ունեցել տեխնիկական բնութագրով պահանջվող առնվազն մեկ ինքնաթիռ, դելտապլան կամ ուղղաթիռ, իր հերթին, պահանջված ինքնաթիռի կամ ուղղաթիռի առկայությունն ապահովելու համար պայմանագիր է կնքել «Արմ Աէրո ՓԲԸ-ի հետ: Պարզվել է, որ «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից է, իսկ ընկերության աշխատակիցների մի մասը, որոնք ընդունվել են աշխատանքի միայն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ծառայությունների մատուցման ժամանակահատվածի համար, հանդիսանում են «Արմ Աէրո» ՓԲԸ-ի աշխատակիցներ:

Վերահսկիչ պալատը բացահայտել է, որ «Ագրո էյր Սերվիս» ՍՊԸ-ի 2012թ.-ի հասույթի 100%-ը և 2013թ.-ի հասույթի 94.65%-ը ձևավորվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ կնքված պայմանագրերից: Այսպիսով, եթե նախարարությունը տվյալ պայմանագրերը կնքեր ոչ միջնորդավորված, այլ փաստացի ծառայություններ մատուցող կազմակերպության հետ, ապա կտնտեսվեր  45 մլն 510 հազար դրամ:

Մեկ այլ դեպքում, ՀՀ պաշտպանության նախարարությունը շաքարավազ գնելու համար «Դանինի» ընկերության հետ կնքել է պայմանագիր՝ 394 մլն 838 հազ. դրամ արժեքով, մեկ կիլոգրամը՝ 370 դրամ: «Դանինի» ընկերությունը շաքարավազ արտադրող կամ ներմուծող չի հանդիսանում և այն գնել է ներմուծող ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ից, մեկ կիլոգրամը 360 դրամով:

 Շաքարավազը ներմուծողից գնելու դեպքում գնային տարբերության հաշվին կտնտեսվեր 9 մլն 781 հազ. դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter