HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բուդաղյանի գործով վկաների դատաքննական ցուցմունքները հակասում են նախաքննական ցուցմունքներին

Անահիտ Բաղդասարյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում փետրվարի 4-ին Արտակ Բուդաղյանի գործով դատաքննության ժամանակ Սուրիկ Խաչատրյանի տան աշխատակցուհի, այս գործով վկա Կարինե Հարությունյանի ցուցմունքը հակասում էր նախաքննության ընթացքում` դեպքից 2 օր անց տված ցուցմունքին:

Վկան դատարանին հայտնեց, որ Արտակ Բուդաղյանը դեպքի օրը «ժիգուլի» մակնիշի մեքենայով եկել է Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ ու սկսել սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնել,  իսկ Լորետա Բարսեղյանը փորձել է հետ պահել նրան: Այդ ժամանակ Ա. Բուդաղյանին է մոտեցել նրա եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը, ով մի ձեռքով հրել է եղբորը, որ չկրակի, իսկ մյուս ձեռքով զենքն է պահել ու գոռացել` «չմոտենաք կկրակեմ»: 

Ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց հրապարակել նախաքննության ընթացքում դեպքից 2 օր անց տրված առաջին ցուցմունքը, որտեղ վկան չի նշել Ավետիք Բուդաղյանի տված սպառնալիքների ու զենքի մասին: Պաշտպան Հ. Ալումյանը հարցրեց վկային, թե ինչպես է ստացվում, որ հիմա այնպիսի փաստեր է ներկայացնում, որը դեպքից անմիջապես հետո չի նշել: Կ. Հարությունյանը պատասխանեց, որ միգուցե քննիչը չի հարցրել, հետո ասաց, որ «կարող է ասել եմ, չեն գրել. իմ փոխարեն քննիչն ա գրել»:

Դրանից հետո մեղադրող կողմը միջնորդություն ներկայացրեց հրապարակել նաև նախաքննության ընթացքում տրված մյուս ցուցմունքը, որտեղ վկան գրել էր այդ մասին: Այդ ցուցմունքում գրված էր նաև, որ Արտակ Բուդաղյանի ընկնելուց հետո Ավետիք Բուդաղյանը զենքը պահել է Տիգրանի վրա, իսկ Տիգրանն էլ փախչել է:

Հ. Ալումյանը հարցրեց, թե դեպքից անմիջապես տրված ցուցմունքում ինչու ոչինչ չի ասվում Տիգրանի հանդեպ տրված սպառնալիքներ մասին, բայց 2 ամիս 20 օր հետո ասվում է, վկան պատասխանեց. «Չեմ հիշել, չեմ ասել»:

Այդ մասին վկան ոչինչ չասաց նաև այս անգամ տրված ցուցմունքում, չնայած, որ ամբաստանյալի պաշտպանը բազմաթիվ անգամ հարցրեց Արտակ Բուդաղյանի ընկնելուց հետո Ավետիք Բուդաղյանի քայլերի մասին:

Հ. Ալումյանը հատվածներ կարդաց նաև խոհանոցում տեղի ունեցած խոսակցության վերծանումներից և հարցրեց, թե արդյոք նման խոսակցություն հիշում է, վկան պատասխանեց, որ չի հիշում:

Այս դատական նիստին, որպես վկա, քննվեց նաև այս գործով տուժող ճանաչված Լ. Բարսեղյանի քույրը՝ Լարիսա Բարխուդարյանը, ով միջադեպի օրը գտնվում էր Ս. Խաչատրյանի առանձնատանը: Վկան նկարագրեց Արտակ Բուդաղյանի գալը, սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնելը, տուժող Լ. Բարսեղյանի խոչընդոտելը: Թե ով էր Արտակ Բուդաղյանի թիրախը, պատասխանեց, որ Սուրիկ Խաչատրյանն էր, քանի որ նրան էին ուղղած հայհոյանքներն ու սպառնալիքները: Հետո շարունակեց պատմել, որ 2 կրակոց է լսել, վախեցած գնացել է տուն ու երբ վերադարձել է, տեսել է Ավետիք Բուդաղյանին ընկած ու գնացել է հարևանի տնից շտապ օգնություն կանչելու:

Թե ով էր կրակել, տեղյակ չէր: Թե արդյոք Արտակ Բուդաղյանն է զենքով կրակել, ասաց, որ չի տեսել, իսկ թե Ավետիք Բուդաղյանի ձեռքին զենք կար, պատասխանեց, որ չգիտի: Հ. Ալումյանը միջնորդություն ներկայացրեց հրապարակել վկայի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը, որտեղ պնդել է, որ տեսել է Արտակ Բուդաղյանին կրակելիս:

Նա նաև նշել է, որ երբ կրակոցներ լսվեցին, Տիգրանը տնից դուրս եկավ` փայտե պոչով հրացանը ձեռքին, ինքը փորձել է վերցնել այն, Տիգրանը այդ պահին մեկ անգամ օդ է կրակել, հետո Անժելան խլել է ձեռքից: Հրապարակելուց հետո վկա Լ. Բարխուդարյանը նշեց, որ ինքը «Տիգրանից զենք չի վերցրել»:

Կրակոցները Տիգրանի զենքը վերցնելուց առա՞ջ են եղել, թե՞ հետո, պատասխանեց, որ չի հիշում:  Թե նախաքննության ընթացքում ինքն է գրել ցուցմունքը, պատասխանեց. «Ես պատմել եմ, հետո թելադրել, ու քննիչը գրել ա»:

Իսկ վկա Արման Հակոբյանի հարցաքննությունը հետաձգվեց մինչև մյուս դատական նիստ, քանի որ նա ցանկացավ հարցաքննվել փաստաբանի ներկայությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter