HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անդրկովկասյան գորշ արջը դարձել է ռեստորանային բիզնեսի մաս

Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը վանդակից դուրս էր եկել և փախել անտառ:

Արջին վնասազերծելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտություն է առաջացել դիմել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին: Մի ամբողջ խումբ է գործուղվել տարածք՝ «օպերացիա արջ»-ը գլուխ բերելու համար: Արջը վնասազերծվել է ու նորից տեղափոխվել ռեստորանային օբյեկտ: Բայց պատմությունը դրանով չի ավարտվել:

Պարզվել է, որ «Թփուտներ» համալիրի տերը Կարմիր գրքում գրանցված Անդրկովկասյան արջին ապօրինի է պահել՝ չի ունեցել համապատասխան թույլտվություն: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետով՝ ապօրինի որս: 

Բնապահպանական պետական տեսչության Կենսաբազմազանության վերահսկողության բաժնի պետի տեղակալ Արթուր Բեգլարյանը «Հետքին» հայտնեց, որ նախարարությունը հաշվարկել է բնության հասցված վնասը, այն կազմել է 500 հազար դրամ, քանի որ արջը կենդանի է հայտնաբերվել: Եթե այն սատկած լիներ, բնությանը հասցված վնասը կկազմեր կրկնապատիկը՝ 1 մլն դրամ: 

Մեր հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Անդրկովկասյան արջին որսացել է քաղաքացի Վ.Եղիազարյանը՝ առանց պետական մարմնի թույլտվության՝ խախտելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 27-րդ հոդվածը` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը և «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 21.1 հոդվածի 8-րդ և 9-րդ կետերի պահանջները, այն է՝ ՀՀ տարածքում արգելվում է որս իրականացնել Բնության պահպանության միջազգային միության ցանկում գրանցված վտանգված վայրի կենդանիների վրա (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի), աղետալի վիճակում գտնվող կամ բնական աղետներից փրկվող վայրի կենդանիների վրա: 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Վ.Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի որս կատարելու մեղադրանքով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Հունվարի 30-ին քրեական գործն ուղարկվել է դատարան: 

Անդրկովկասյան գորշ արջն այժմ պահ է տրված նույն՝ «Թփուտներ» ռեստորանում, քանի որ Երևանի կենդանաբանական այգին միջոցներ չունի կենդանուն պահելու համար, բնապահպանության նախարարությունը՝ նույնպես: 

«Մեր իրավասությունն է, որ կարող ենք առգրավել կենդանուն, բայց քանի որ բնապահպանության նախարարությունը հանարավորություն չունի պահելու, Կենդանաբանական այգին նույնպես, և բաց թողնել չենք կարող բնություն, որովհետև կենդանին չի կարողանա ապրել այնտեղ, նման խնդրի առաջ ենք կանգնել մինչև որոշենք՝ ինչ ենք անելու»,- ասում է Արթուր Բեգլարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter