HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը Սիսիանի քաղաքապետին և ֆինանսիստին նոր մեղադրանք կառաջադրի

«Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հովակիմյանի, ընկերության ֆինանսական պատասխանատուի եւ այլոց դեմ հարուցված քրեական գործով`  հերթական դատական նիստում  անսպասելի շրջադարձ կատարվեց:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, փետրվարի 3-ին տեղի ունեցած դատական նիստում, այս քրեական գործի դատաքննությանն առաջին անգամ մասնակցող դատախազ Ֆրունզիկ Հովհաննիսյանը (նախորդ մեղադրողը նիստին չէր մասնակցում արձակուրդում գտնվելու պատճառով) դատարանին միջնորդեց դատավարական գործողություններ կատարելու նպատակով դատաքննությունը հետաձգել 20 օրով:

Դատախազն իր միջնորդությամբ հայտնում էր, որ դատաքննության ընթացքում, մի շարք ապացույցների հետազոտման արդյունքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չէին եւ չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում: Դատախազի ասելով` այդ հանգամանքների շուրջ քննություն կատարելու դեպքում հնարավոր է փոփոխվեն նույն գործում որպես մեղադրյալներ ներգրավված Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին եւ քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանին առաջադրված մեղադրանքները: Սակայն գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս առանց դատաքննությունը հետաձգելու անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ կատարել, փոխել մեղադրանքը եւ նոր մեղադրանք առաջադրել:

Ներկայացված միջնորդության վերաբերյալ կարծիքներ հայտնեցին նաեւ գործով անցնող երեք ամբաստանյալների պաշտպանները: Աղասի Հակոբջանյանի փաստաբան Համլետ Դավթյանը նշեց, որ պատրաստվում էր իր պաշտպանյալի նկատմամբ վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացնել դատարանին սական, «դատարանը չգտնվեց բարձունքի վրա, թույլ տվեց, որ մեղադրողը նախահարձակ լինի եւ հանդես գա հակասահմանադրական  միջնորդությամբ»: Փաստաբանի նախկինում ներկայացրած միջնորդությունը` Աղասի Հակոբջանյանի մասով  քրեական գործի վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, դատարանը մեկ անգամ մերժել էր:

Փաստաբան Հ. Դավթյանի խոսքով` դատախազը նախինում ապացույցների հետազոտմանը չի մասնակցել, իսկ իր միջնորդության մեջ որեւէ նոր ապացույց չի ներկայացրել հիմնավորելու համար, թե ինչ նոր հանգամանքներ են հանդես եկել: Նրա կարծիքով` միջնորդությամբ մեղադրողը նաեւ կասկածի տակ է դնում նախաքննական մարմնի իրականացրած աշխատանքը: Որպես մեղադրյալ ներգրավված քաղաքապետի փաստաբանն իր հայտարարության մեջ նշեց նաեւ, որ մեղադրողն «իրավունք չունի, մասնակցելու գործի քննությանը, եթե շահագրգրռվածություն է հանդես բերում» ինչը, ըստ նրա, ակնհայտ Է:

Մեղադրող կողմի միջնորդությանն առարկեցին նաեւ դատական գործի քննությանը մասնակցող մյուս փաստաբանները, նշելով, որ միջնորդությամբ հանդես եկող մեղադրյալը որեւէ փաստարկ չի ներկայացրել դատարանին, թե ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել եւ խնդրեցին մերժել միջնորդությունը: Նշեցին նաեւ, որ դատական նիստերի արհեստական ձգձգումը խոչընդոտում է գործի քննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելու իրավունքի ապահովմանը:

Դատավոր Նապոլեոն Օհանյանը որոշեց բավարարել մեղադրողի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 24-ին:

Աղասի Հակոբջանյանի լուսանկարը` aravot.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter