HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Իմ տղան, ինչպես և շատերը Գյումրիում, դուրս էր եկել փողոց արդարության պահանջով»

Փետրվարի 4-ի երեկոյան ձերբակալված Մնացական Ալեքսանյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Փաստաբան Հայկ Հարությունյանն ասում է, որ որպես ձերբակալման իրավական հիմք նշվում է Մնացականի կողմից հասարակական կարգի խախտումը, երթեւեկությանը խոչընդոտելը եւ մարդկանց հանգիստը խանգարելը:

«Նա ձերբակալվել է որպես կասկածյալ եւ ձերբակալման թղթում նշված է քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մաս, որ պատժվում է մինչեւ 7 տարվա ազատազրկմամբ: Ես բողոքարկելու եմ ձերբակալման որոշումը: Համարում եմ, որ պատճառաբանությունը, թե Մնացականը կկատարի քրեորեն պատժելի արարք կամ կթաքնվի նախաքննությունից, անհիմն է, որովհետեւ մինչ այդ էլ էին նրան առանց ծանուցման հրավիրել ոստիկանություն եւ խնդիրներ չէր առաջացել»:

Մնացականի հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանը, պատմում է, որ կալանավորումից երկու օր առաջ տղային առավոտյան ժամը 11-ի սահմաններում տարել են ոստիկանություն, պահել այնտեղ եւ ազատ արձակել միայն կեսգիշերին մոտ: Անգամ իրենք չեն իմացել Մնացականի տեղը, հետո պատահաբար տեղեկացել են, որ ոստիկանությունում է: Ձերբակալվածի ազատամարտիկ հայրը պնդում է, որ տղան իր հոգեկերտվածքով շատ նման է հորեղբորը՝ ազատամարտիկ Արգամ Ալեքսանյանին, ով մահացել է 2008թ-ին, այդպես էլ լիարժեք չապաքինվելով պատերազմի հասցրած վերքերից:

«Եղբայրս կռվել է Սպիտակ արջի՝ Կարո Քահքէճեանի «Խաչակիրներ» ջոկատում, Մաղավուզում: Տղաս իր թասիբով, արդարության նկատմամբ ունեցած մեծ զգացումով ավելի շատ հենց Արգամին է հիշեցնում: Իր զինծառայությունն էլ թեթեւ չի անցել: Տղաս դիպուկահար է եղել, մասնակցել է ադրբեջանական կողմի կազմակերպած դիվերսիաների հետ մղմանը, պարգեւներ ունի: Ինքը էմոցիոնալ է, բռնկվող բնավորություն ունի, սակայն ագրեսիա մեջը չկա»,-ասում է Մարտիրոս Ալեքսանյանը:

Ինչու՞ է Մնացականը որոշել միանալ Գյումրիում ընթացող ինքնաբուխ բողոքի ակցիաներին: Հարցը Մարտիրոսի համար անակնկալ չէ: «Գուցե այլ կերպ վարվեր՝ ես զարմանայի, որովհետեւ էլի եմ կրկնում, իր վրա մեծ ազդեցություն էր թողել Ավետիսյանների ընտանիքի սպանդը: Իր քույրիկը 3-4 ամսական բալիկ ունի, ում շատ է սիրում ու երբ տեղեկություններ եղան, որ անգամ մանկահասակ երեխաներին չի խնայել մարդասպանը՝ տեղը չէր գտնում: Իմ տղան, ինչպես եւ շատերը Գյումրիում, դուրս էր եկել փողոց արդարության պահանջով»:

Մարտիրոս Մնացականյանն առաջարկում է դիտել բոլոր տեսանյութերը եւ համոզվել, որ իր տղան հիմնականում հանդարտվելու կոչերով է հանդես եկել: «Այդ բախմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ, քարեր են նետել շատերը, շատ ավելի ագրեսիվ վարքի դրսեւորումներ կարելի է տեսնել տեսանյութերը դիտելիս, բայց ինչու՞ է ձերբակալվում հենց իմ տղան, որ անընդհատ կանգնած է եղել ոստիկանների ու ցուցարարների միջեւ եւ կոչ է արել հանդարտվել»,-հարցնում է Մարտիրոս Ալեքսանյանը:

«Ես ուզում եմ խնդրել դատախազին, որ ազատ արձակեն որդուս, թղթերի մեջ գրված է, որ խափանման միջոցը կալանավորում են ընտրել, որպեսզի փախուստի չդիմի, բայց եթե նման մտադրություն լիներ՝ վաղուց կաներ կամ ինչի պիտի փախնի, չեմ հասկանում: Թող ազատ արձակեն, ես պատրաստ եմ տղայիս հետ ներկայանալ, երբ կանչեն»,-հավելում է զրուցակիցս:

Մեկնաբանություններ (1)

Գայանե
Գյումրիի բնակիչներն ամեն ինչ արեցին ոստիկանության երեսից ռուսական . ..- ը մաքրելու համար, բայց մեր ոստիկանները գերադասում են այն ուտել , քան արժանապատվությամբ հայ քաղաքացու կողքին կանգնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter