HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մնացական Ալեքսանյանն ազատ արձակվեց (լրացված)

14:10 - Սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանը հենց նոր ազատ արձակվեց: Նա հոր հետ ուղևորվեց տուն՝ Սառնաղբյուր: 

13:43 - Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության, Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանի խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու  որոշում է կայացրել:

Այսօր ժամը 15:00-ին նախատեսված էր խաղաղ ավտոերթ հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բախումների մասնակից Մնացական Ալեքսանյանի ազատ արձակման պահանջով եւ հավանաբար քաղաքում հերթական լարված վիճակը բացառելու նպատակով, ի վերջո կայացվել է նման որոշում:

«Հայկական ժամանակը» գրում է, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել քննիչին՝ փետրվարի 4-ին ձերբակալված սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին: «Այս մասին քիչ առաջ մեր զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը»,-գրում է «Հայկական ժամանակը»:

Սակայն հստակ պատասխան Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանից այս պահին հնարավոր չէ ստանալ՝ հեռախոսազանգերին չի պատասխանում: «Հետքը» զրուցեց ձերբակալվածի հոր՝ Մարտիրոս Ալեքսանյանի եւ փաստաբան Հայկ Հարությունյանի հետ: Երկուսն էլ անտեղյակ էին դատախազության կայացրած որոշումին: Մարտիրոս Ալեքսանյանը նշեց, որ այս պահին Ախուրյանում է՝ ՁՊՎ-ի դիմաց եւ սպասում է որդու ազատ արձակման լուրի հաստատմանը:

Տեղեկատվությունը, թե փոխվել է սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանի խափանման միջոցը, հաստատեց Կարեն Պետրոսյանը՝ հիմնվելով իր եւ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի բանավոր զրույցի վրա:

«Մոտ մեկ ժամ առաջ ինձ իր մոտ հրավիրեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը եւ հայտնեց, որ քայլեր է ձեռնարկել, դիմել է դատախազ Րաֆֆի Ասլանյանին՝ Մնացականին ազատ արձակելու խնդրով,-«Հետքին»  փոխանցեց տնտեսագետ Կարեն Պետրոսյանը,-մարզպետը խնդրեց չեղարկել ավտոերթը, քանի որ, ինչպես գիտեք, պահանջն այդ երթի Մնացականին ազատ արձակելն էր: Կարծում եմ՝ խոհեմություն դրսեւորեցին պատկան մարմինները եւ հարցը խաղաղ լուծում ստացավ: Այս ամենով հանդերձ, ասեմ, որ ես դեմ եմ բռնությանը եւ հայ ոստիկանին քարկոծելուն: Դեմ եմ այսօր, դեմ եմ լինելու նաեւ վաղը»:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը էլ իր հերթին էր դիմել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին: Դիմում-նամակում նշված էր, որ Մնացական Ալեքսանյանի ձերբակալման փաստը կարող է կրկին անգամ վրդովմունքի ալիք բարձրացնել Գյումրիում: «Ստեղծված իրավիճակը լիցքաթափելու նպատակով Գյումրու համայնքի ազգաբնակչության, ավագանու եւ անձամբ իմ անունից խնդրում եմ ձերբակալված Մնացական Ալեքսանյանին օրենքով նախատեսված ընթացակարգով ազատ արձակել եւ հնարավորինս ներողամիտ վերաբերմունք ցուցաբերել վերը նշված միջադեպի մյուս մասնակիցների նկատմամբ»:

Մեկնաբանություններ (1)

hasmik
Բռավո Գյումրի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter