HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մնացական Ալեքսանյան. «Ցանկացած արժանապատիվ հայ կաներ նույն քայլը՝ ինչ ես»

Սառնաղբյուրի բնակիչ, 22-ամյա Մնացական Ալեքսանյանը ինչպես որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի որոշումով ձերբակալվել էր, նույն պաշտոնատար անձի որոշումով էլ ազատ արձակվեց այսօր` ժամը 14-ի սահմաններում: Հիշեցնենք, որ նա որպես վկա փետրվարի 4-ին հրավիրվել էր Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժանմունք եւ նույն օրը երեկոյան՝ ժամը 19-ին, որպես կասկածյալ ձերբակալվել ու տեղափոխվել Ախուրյանի ՁՊՎ:

«Մնացականին մեղադրանք չի առաջադրվել ոչ ձերբակալման պահին, ոչ էլ հետո եւ հիմա, նրան ազատ արձակելով, մեզ միայն որոշում տվեցին ձերբակալվածին ազատ արձակելու մասին,-նշեց փաստաբան Հայկ Հարությունյանը,- ոչ խափանման միջոց է ընտրվել, ոչ էլ այդ միջոցը մեկ ուրիշով փոխարինելու որոշում է կայացվել»:

Փաստաբանի փոխանցմամբ, իր վստահորդը ազատ է արձակվել ձերբակալման հիմքերի բացակայության պատճառով: Հայկ Հարությունյանը դեռ երեկ էր բողոքարկել Մնացականի անազատության մեջ պահելու ՇՄ դատախազի որոշումը, սակայն միայն իր գործունեությամբ չի պայմանավորում վստահորդի ազատ արձակումը: Փաստաբանը համոզված է, որ հանրության ուշադրությունը, ճնշումներն ունեցան իրենց լուրջ դերակատարումը:

«Ես այս պահին դեռ դժվարանում եմ վերլուծել, թե ինչու հենց ես,- «Հետքի» հետ զրույցում հայտնեց Մնացական Ալեքսանյանը,-ուղեղումս միայն մի բան է՝ հասնել տուն: Ընդհանրապես, էս գլոբալ հարցով, որ վերաբերում է Պերմյակովին, իմ կարծիքով ցանկացած արժանապատիվ հայ կաներ նույն քայլը՝ ինչ ես: Դրա համար ինչ արել եմ կամ ինչ չեմ արել՝ մեկնաբանություններ ընդհանրապես չեմ ուզում տալ, միայն կասեմ, հասարակությունն ինքը կորոշի, եթե հարկ լինի կրկին մասնակցել խաղաղ երթերի՝ հանուն արդարության, հնարավոր է, որ մասնակցեմ, իսկ հիմա ես ուզում եմ պարզապես տուն գնալ»:

Արդյո՞ք այսուհետ կվստահի իրավապահ մարմիններին, լրագրողների հնչեցրած հարցին Մնացականը հրաժարվեց պատասխանել: Որեւէ դիրքորոշում այս թեմայով չհայտնեց նաեւ Մնացականի հայրը՝ միայն նշելով, որ հպարտանում է որդով դեռ նրա բանակում ծառայելու տարիներից: Տղայի հետ կատարվածից հետո հայրենիքը լքելու միտք եւս չունեն Ալեքսանյանները: «Ես այս երկրի համար արյուն եմ թափել»,-նշեց Մարտիրոս Ալեքսանյանը:

Մեկնաբանություններ (1)

arman
Սառնաղբյուրը հայտնի է թուրքի դեմ հերոսական դիմադրությամբ, պինդ մարդիկ են: Տղան էլ կարգին ջահել է երեւում: Ոստիկանները թող հանգստանան ու իզուր բարդություններ չստեղծեն, այն ինչ տեղի է ունեցել հանգամանքների բերումով է եղել՝ պետք է հասկանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter