HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Միհրան Պողոսյանը տոկոսով փող տալուն զուգահեռ ԴԱՀԿ ծառայության պետ է աշխատում

2013-2014թթ. ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը գումարի բռնագանձման պահանջով 4 հայցադիմում է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարաններ: Գլխավոր հարկադիր կատարողը տարբեր անձանց փոխառությամբ խոշոր գումարներ է տվել և պարտքը հետ բերել դատական կարգով: 

ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի ամսական աշխատավարձը 661.400 դրամ է, իսկ 2014թ. հուլիսի 1-ից առաջ ավելի քիչ է եղել: Պարզ է, որ  առևտրային կազմակերպություններին ու բիզնեսմեններին փոխառություն տված գումարները կոպեկ-կոպեկ իր աշխատավարձից տնտեսած գումարները չեն: ԴԱՀԿ ծառայության պետը հավելյալ եկամուտներ ունի, իսկ թե ինչպես է գոյանում այդ եկամուտները, պետք է պարզեն համապատասխան մարմինները: 

Ինչ վերաբերում է դատական գործերին, Միհրան Պողոսյանը 2013թ. ապրիլի 4-ին 52 մլն 807 հազար դրամ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի («Սթար» սուպերմարկետների ցանց,-հեղ.):  Գործը դատաքննությանը նախապատրաստելու փուլում՝ 03.07.2013թ. Մ. Պողոսյանը հրաժարվել է հայցապահանջից՝ պատճառաբանելով, որ «պատասխանող ընկերությունը հայցադիմումով պահանջվող գումարը կանխիկ եղանակով ամբողջությամբ վերադարձրել է»: 

Այս գործով «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձվել  է 1.056.132 դրամ պետական տուրք: 

Նույն օրը՝ 2013թ. ապրիլի 4-ին գումարի բռնագանձման պահանջով մեկ այլ հայցադիմում է մուտք արվել  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Այս անգամ Միհրան Պողոսյանը 4.737.200 դրամի պահանջ է ներկայացրել «Բյուրակն» ՍՊԸ-ի դեմ: Այս գործը ևս կարճվել է, քանի որ Միհրան Պողոսյանը հրաժարվել է հայցից՝ տեղեկացնելով, որ ընկերությունը պարտավորությունը կատարել է: 

Գլխավոր հարկադիր կատարողի գումարային պահանջներն այսքանով չեն ավարտվում: «Հետքը» գրել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող դատական գործի մասին: Միհրան Պողոսյանը 2013թ. նոյեմբերին ընդդեմ քաղաքացի  Գևորգ Աֆանդյանի հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ պահանջելով 5 մլն147 հազար ԱՄՆ դոլար: 

Իր հերթին Գևորգ Աֆանդյանը հակընդդեմ հայցադիմում էր ներկայացրել՝ պահանջելով իր և Միհրան Պողոսյանի միջև կնքված փոխառության պայմանագիրը համարել անվավեր (չկնքված): 

Դատական նիստի ժամանակ կողմերը ներկայացրել են հաշտության համաձայնագիր, ըստ որի՝ համաձայնվում են միմյանց միջև 24.09.2011թ. կնքված փոխառության պայմանագրով սահմանված 5.146.842 ԱՄՆ դոլար փոխառության գումարը հաշվարկել ՀՀ կենտրոնական բանկի կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ սահմանված ՀՀ դրամի փոխարժեքով, այն է` 1 ԱՄՆ դոլլոր = 405.26 ՀՀ դրամ, որի դեպքում 5.146.842 ԱՄՆ դոլար փոխառության գումարը համարժեք է  2 մլրդ 85 մլն 809 հազար 188 դրամի: 

Գևորգ Աֆանդյանը պարտավորվել է դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից հետո մեկամսյա ժամկետում Միհրան Պողոսյանին վճարել փոխառության գումարից 499.000.000 դրամ և այդ գումարի նկատմամբ կետանցի յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված տոկոսներ` 0.055 տոկոսի չափով` սկսած 11.11.2011թ-ից մինչև պարտավորության փաստացի կատարումը։ Նա հրաժարվել է նաև հակընդդեմ հայցից: Իսկ Միհրան Պողոսյանը հրաժարվել է փոխառության գումարի մնացած մասի` 1.586.809.188 դրամի և այդ գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսների պահանջից։ 

Եթե ընդունենք, որ պարտավորությունը կատարվել է վճռի հրապարակման օրը 21.03.2014թ., ապա ստացվում է, որ 11.11.2011թ-ից մինչև 21.03.2014թ-ը Միհրան Պողոսյանը օրական ստացել է նաև 274.450 դրամ տոկոսագումար: 

Այս գործով հօգուտ պետական բյուջե բռնագանձվել է 41.716.183 մլն դրամ, որից 31.736.183 մլն դրամը բռնագանձվել է Միհրան Պողոսյանից, իսկ մնացած մասը՝ Գևորգ Աֆանդյանից: 

Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը դատարանին ներկայացրել է դիմում և հայտնել, որ վեճի առարկա հանդիսացող գումարը բավականին մեծ է և այդ գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տոկոսներ, ուստի մինչև դատարանի կողմից կայացվելիք դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրենքով սահմանված մեկամսյա ժամկետի ավարտը Գ. Աֆանդյանի կողմից Մ. Պողոսյանին վճարման ենթակա, ինչպես նաև պետական տուրքի գումարը կշարունակի աճել, ինչը կողմերի համար կարող է առաջացնել ծանր հետևանքներ, և միջնորդել է կայացվող դատական ակտը հայտարարել հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած: Դատարանը 2014թ. մարտին հաստատել է հաշտության համաձայնությունը և բավարարել է վճռին հրապարակման պահից օրինական ուժ տալու միջնորդությունը: 

Տեղեկացնենք, որ Գևորգ Աֆանդյանը «Բյուրակն» ՍՊԸ-ի հիմնադիրներից է: 

Գումարի բռնագանձման պահանջի մասին առայժմ վերջին հայցադիմումը Միհրան Պողոսյանը 2014թ. օգոստոսին ներկայացրել է Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ընդդեմ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն՝ Արմեն Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի:  

Գլխավոր հարկադիր կատարողը այս ընկերությունից պահանջում է 10.957.223 դրամ:

Ինչպես նախորդների դեպքում, այնպես էլ այս Միհրան Պողոսյանը դիմում է ներկայացրել դատարան և հրաժարվել  հայցապահանջից՝ ընկերության կողմից պարտավարությունը կատարելու պատճառաբանությամբ:

Մեկնաբանություններ (2)

ՀԱՅՈՒՀԻ
Աստված պատժի բոլոր նման պաշտոնյաներին, որոնք բռնաբարում են մեր խեղճուկրակ ժողովրդին
Անուշ Ավետյան
էդ ինչի պիտի նրա աշխատավարձը էդքան բարձի լինի, իսկշատ -շատերինը 55000, թքեմ ես կեխտոտ երկրի վրա էլ, աշխատավարձի չափ որոշողի վրա էլ, գոնե ամաչեք, մեք գրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter