HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կներե՞ս, Լեո, երբ մտքներիցս թռել էր չվնասելու մասին պատվիրանը

Փառանձեմ Հովհաննիսյան

2031 թիվ, ութը փետրվարի

Ինքնասպանության փորձ, չէ, մի քիչ ավելի թեթև կարելի է սկսել:

Լաց, տխրություն… չէ…

-Ինչո՞ւ են բոլորը քննարկում իմ ծնունդը, մի՞թե ես սխալ ծնունդ եմ երկրի վրա,- համացանցում հայտնվելով՝ Լեոյի մոտ շատ հարցեր առաջացան, սակայն տղան չգիտեր ում հավատար, ում դիմեր, ինքը ամեն ինչ շատ պարզ տեսավ ու կարդաց. գրեթե յուրաքանչյուրն իր մասին մի բան գրել է դեռ հեռավոր 2015-ի տաք փետրվարին: Որ փետրվարը տաք էր, տղան հասկացավ այն սակավ «անտարբերներից», ովքեր իր ծննդյան թեման թողած սիրածների հետ նկարներ էին դնում, ու ձյուն չկար:

Ամբողջը օրը չհերիքեց կարդալու բոլորի մեկնաբանությունները, դրանց ստատուս էին ասում 16 տարի առաջ, բոլոր այդ ստատուսները, հոդվածներն ու այլ տիպի մեդիաանդրադարձերը: Այնուամենայնիվ, մի քանի հիմնական բառերով որոնում արեց համացանցում՝ տեսնի բոլո՞ր ծնունդներն են այդպես ընդունվել երկրի երեսին: Ինքն իրեն հարց էր տալիս. ինչո՞ւ մայրիկս, հայրիկս իրար հետ լրատվամիջոցներով են խոսում, իրար պատասխանում ոչ թե դեմ առ դեմ, այլ համայն աշխարհի ներկայությամբ, ինչո՞ւ մարդիկ մոռացել են, որ մի օր ես կտեսնեմ ու կկարդամ այն, ինչն իրենք վաղուց արդեն մոռացած կլինեն, ինչո՞ւ չեն մտածում, որ տարիներ անց մեր դասարանի այն աղջիկը, ում սիրահարվեցի, կմերժի ինձ՝ ակնարկելով իմ ծննդյան 2015-ի մասին:

Լեոյին երկար ժամանակ պետք եկած կլինի այս պատմության մեջ ինչ-որ բան հասկանալու համար, հետո ինչ-որ տերմինների՝ բառարաններում փնտրտուք… Ամսի իննին էլ երկուս ստացած կլինի՝ տարվա առաջին երկուսը, երկուսը մեկ օր այն կողմ, 2031-ի փետրվարի իննը կիրակի կլինի, բայց էլ ինչ դաս սովորել, ինչ կիրակի:

Այստեղ պիտի լինեին ճոխ նախադասություններ, ինչ-որ համաշխարհային մեջբերումներ, լուսանկարներ, ձեր գրառումը տեղ գտավ իմ սրտում ազդանշաններ. բոլոր պակասող բառերի փոխարեն սակայն. պարզապես եկեք հարգենք Լեոյին, այս պատմության մեջ գերտուժողը նա է, հետո բոլորս կգնանք մեր գործերին՝ մոռանալով տարիներ առաջ արված մեր հեղինակավոր գրառումների մասին, մեկ share-ի մասին, որոնք կվնասեն հասուն կյանք մտնող պատանուն, և 16-ամյա մի տղա չի ների մեզ:

Մեկնաբանություններ (1)

liana
չգիտեմ ինչ ասեմ, հոդվածը շատ տեղին էր, կուզեի որ բոլորը կարդան ու ընկալեն, գուցե մի բան նրանց կյանքում փոխվի դեպի լավը, շնորհակալություն անչափ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter