HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բիզնես` պետբյուջեի հաշվին. մեդալների «բացառիկ» մատակարարը

Մարինե Մադաթյան
Գրիշա Բալասանյան

Պետբյուջեն որոշ մասնավոր ընկերությունների շահույթի կայուն աղբյուրն է: Նրանք տարեկան միլիոնավոր դրամներ են ստանում` պետական կարիքները հոգալու համար: Գերատեսչությունները գնում են նրանց արտադրանքը առանց մրցույթի:

Մեդալների, հուշամեդալների և կրծքանշանների մատակարարման արդյունքում Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ն տարբեր պետական գերատեսչություններից 2014թ. ստացել է մոտ 23 միլիոն դրամ: Ընկերությունը պետական կարիքները հոգալու համար չի մասնակցել մրցույթի: Գերատեսչությունները ԲԲԸ-ի հետ կնքել են մեկ անձից գնման պայմանագրեր:

Կրթության և գիտության նախարարության  կնքած պայմանագրի արժեքն է` 5,760,000 դրամ (ներառյալ` հարկերը): Ընկերությունը պայմանագրով պարտավորվել է ԿԳ նախարարությանը մատակարաել 60 հատ 8 հազար դրամանոց «Առաջադիմության» մեդալ և 110 հատ 48 հազար դրամանոց հուշամեդալ: Առաջադիմության մեդալը պատրաստվել է ոսկեզօծ արույրից, իսկ հուշամեդալը` ոսկեզօծ արծաթից: ԿԳՆ-ի համար այս ընկերությունից մեկ անձից գնում կատարելու պահանջի ծագման հիմքը կառավարության 2011թ. փետրվարի 10-ի որոշումն է. «Բանակցային ընթացակարգը կարող է կազմակերպվել առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, եթե գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ»:

Մեդալների մատակարարումը «Գնոմոն»-ի բացառիկ իրավունքն է համարել նաև ՀՀ ոստիկանությունը: Նույն հիմքով ընկերության հետ կնքվել է մեկ անձից գնման ավելի մեծ արժողությամբ` 11,040,720 դրամի պայմանագիր: Ոստիկանությունը առատաձեռն է մեդալներ շնորհելու հարցում. «Գնոմոն»-ը ոստիկանությանը մատակարարել է տարբեր տեսակի 1406 մեդալ: Պատրաստման նյութը պայմանագրում գրված է` «թեթև մետաղից»` առանց հստակեցնելու, թե ինչ մետաղի մասին է խոսքը, ինչը կհուշեր, թե որքանով է մեդալը համարժեք գնին:

«Գնոմոն»-ից մեդալներ են ձեռք բերել նաև Բնապահպանության և Էկոնոմիկայի  նախարարությունները, սակայն ոչ այն հիմքով, որ մեդալների պատրաստումը ընկերության բացառիկ կամ հեղինակային իրավունքն է: Մեկ անձից գնման պահանջի հիմքը այս գերատեսչությունների դեպքում այն է, որ «Գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը»: Ավելի հստակ է դառնում, որ մեկ անձից պայմանագիր կնքելու շարժառիթը ամենևին էլ ընկերության «բացառիկությունը» չէ: «Գնումների մասին» ՀՀ օրենքով` բազային միավորը մեկ միլիոն ՀՀ դրամն է: Մեկ միլիոն դրամը չգերազանցելու հիմքով Բնապահպանության նախարարությունը կնքել է 400 հազար դրամ, իսկ էկոնոմիկայի նախարարությունը` 600 հազար դրամ արժողությամբ պայմանագրեր:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս օգտվել է «Գնոմոն»-ի ծառայություններից և 1,305,000 դրամի մեադալներ ձեռք բերելու պայմանագիր է կնքել: Ձեռք է բերվել 90 հատ ոսկեպատ արույրից մեդալ: Ըստ կառավարության պաշտոնական կայքի` գնման պահանջի ծագման հիմքը կառավարության 1414-Ն որոշումն է: Բոլոր պայմանագրերի դեպքում նշված է լինում, թե իրավական ակտի որ կետով է կատարվել մեկ անձից գնումը: Այս դեպքում նշած չէ:

Այս ընկերության հետ 4,459,000 դրամի պայմանագիր է կնքել նաև ՀՀ քննչական կոմիտեն և ձեռք է բերել, ինչպես նշված է պայմանագրում, 686 հատ 6500 դրամանոց «անձը հաստատող քարտ»: Անձը հաստատող քարտը պատրաստված է պղնձե հատուկ համաձուլվածքից և ունի ոսկեգույն փայլատ մակերես:

Քննչական կոմիտեն, որպես մեկ անձից գնման պահանջի ծագման հիմք, հղում է արել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածին. «Ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ իրավիճակից ելնելով, գնման այլ ընթացակարգի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել»:

Այսինքն` քննչկան կոմիտեն «չի իմացել», որ իր աշխատողներին անհրաժեշտ են անձը հաստատող քարտեր, և անկանխատեսելի պահանջը բավարելու նպատակով ստիպված է կատարել մեկ անձից գնում:

«Գնոմոն»-ը բացառիկ իրավունք չունի

Պետական մեդալների, շքանշանների պատրաստման և արտադրության համար անհրաժեշտ է լիցենզիա, որը ստանալու կարգը հաստատվել է կառավարության 2005թ. որոշումներից մեկով: Լիցենզիան տրամադրում է ֆինանսների նախարարությունը: «Գնոմոն»-ը այդ լիցենազիան ստացել է, որը հաստատվել է կառավարության 2007թ. որոշմամբ:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի վերջին՝ 2015թ. հունվար ամսվա տվյալներով՝ «Գնոմոն» ԲԲԸ-ի բաժնետերերի 75,89%-ի սեփականատերը «Գնոմոն» ՍՊԸ-ն է, 10.13%-ի սեփականատեր է համարվում Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը, 2,28%-ի սեփականատեր է համարվում Է. Գրիգորյանի ընտանիքի անդամներից Սեդա Հակոբյանը, իսկ մնացած 11,7%-ը բաշխված է 1454 բաժնետերերի միջև:

Հիմնական բաժնետեր «Գնոմոն» ՍՊԸ-ն գրանցված է Ռուսաստանում: ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետերը Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանն է, մնացած 50%-ը բաշխվել է նրա դուստրերի միջեւ: Ընտանեկան բիզնեսը վաղուց կայացել է Հայաստանում, ընկերությունը պաշտոնական ներկայացուցիչ ունի Ռուսաստանում, այնտեղ ստացել է բազմաթիվ մրցանակներ` որպես ոլորտի առաջատար: Սակայն սա դեռ բավարար չէ նրան բացառիկ համարելու համար:

Եվ սա «մատնում են» պետական գերատեսչություններից մի քանիսը:  Պաշտպանության նախարարությունն, օրինակ, մեդալների պատրաստման գործառույթը 2014թ. հանձնել է այլ ընկերության` «Մակսիմ» ՍՊԸ-ին, թեև դարձյալ` մեկ անձից գնման պայմանագրով: Իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մեդալների պատրաստման համար մրցույթ է հայտարարել` հուշելով, որ նույն կերպ կարող էին վարվել նաև մնացած գերատեսչությունները: Ստացվում է` մեկ անձից գնման պայմանագրերով պետական գերատեսչությունները խուսափում են մրցույթներ հայտարարելուց և ազատ մրցակցային պայմաններում ավելի մատչելի գներով պայմանագրեր կնքելուց:

Էմիլ Գրիգորյանի լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter