ՈՒրբաթ, 21 հուլիսի

Էդվարդ Սանդոյան. «Ճիշտ կլիներ` եկամտահարկն ամբողջությամբ թողնել տեղական բյուջեներում»



Հարցազրույց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանի հետ:

Հակաճգնաժամային ի՞նչ լուծումներ  կառաջարկեք  Լոռու մարզի  համար, որտեղ պաշտոնական տվյալներով աղքատությունը կազմում է 38 տոկոս, արտարժույթի փոխարժեքի արժեզրկման հետևանքով տրանսֆերտների օրեցօր նվազող հոսքերը շարունակում են էլ ավելի  սրել  բնակչության սոցիալական վիճակը:

Խնդիրը շատ ավելի բարդ է: Եվ բարդ է ոչ միայն պայմանավորված այս ճգնաժամով, 2008-2009թ.թ. ճգնաժամից հետո մենք թերևս ոտքի չենք կանգնել: Ճգնաժամեր կլինեն, կգան ու կգնան, և տարեցտարի մեր երկրի տնտեսական ներուժը կկրճատվի: Մինչդեռ` մենք ունեինք ժամանակ, 23 տարեկան պետություն ենք, բայց մենք չգտանք այն հայեցակարգը, որի պայմաններում, հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները, ապահովեինք որակական զարգացում:

Իհարկե, ճգնաժամն էլ ավելի կբարդացնի վիճակը: Քանի որ խոսում ենք մարզային խնդիրներից,  պետք է ասեմ, որ մենք ունենք ևս մեկ  հիվանդություն, որի հաղթահարումը էլ ավելի բարդ եմ համարում: Դա մեր տարածաշրջանային ոչ համաչափ զարգացումն է: Չգիտես ինչու` հաշտվել ենք այն մտքի հետ, որ Հայաստանը Երևանն է: Այդպես չպետք է լինի, առավել ևս, որ ունենք արտաքին ռիսկեր և մարտահրավերներ: Մեզ համար չափազանց կարևոր է ունենալ համաչափ զարգացում` բոլոր մարզերում: Չեմ առանձնացնի Լոռու մարզը, քանի որ մեր բոլոր մարզերն ունեն յուրահատուկ հիմնախնդիրներ, ուստի  կա յուրահատուկ մոտեցումների կարիք` այս կամ այն ռեգիոնի հետ կապված:

Համարում եմ, որ  փրկության ժամանակ դեռ  ունենք:  Եթե ուզում ենք ռեգիոնալ զարգացում ունենալ, առաջինը պետք է սկսենք ռեգիոնալ բյուջեների ձևավորման քաղաքականությունից: Սա էլ հեշտ չէ, պետք է վերանայվի ամբողջ հարկաբյուջետային քաղաքականության մոդելը:Մենք ունենք եկամտահարկի ինստիտուտը, որը չափազանց կարևոր է: Եթե մենք ճիշտ վերաբաշխեինք, պետական բյուջեի եկամուտների քաղաքականությունը վարեինք` ի օգուտ ռեգիոնների, իսկ գործիքը շատ պարզունակ է և շատ արդյունավետ, ենթադրենք Լոռու մարզում, հենց նույն Ալավերդիում ձևավորված բոլոր եկամուտների գծով  բնակչության եկամտահարկերը պետք է գանձեինք տեղական բյուջե, այլ ոչ թե հանրապետական: Եղել են փորձեր, 90- ական թվականներին ժամանակահատված կար, որ եկամտահարկի 50 տոկոսը բաշխում էինք ի օգուտ տեղական բյուջեի, 50 տոկոսը  հանրապետական բյուջեի: Իհարկե, ճիշտ կլիներ ամբողջությամբ եկամտահարկը թողնել տեղական բյուջեներում:

Մեր   քաղաքականությունը ենթադրում է խորը պակասորդով տեղական բյուջեների ձևավորում , այնուհետև պետական կենտրոնացված միջոցներից վերաբաշխում և համահարթեցում: Սա ունի քաղաքական ենթատեքստ, քանի դեռ կա տեղային բյուջեների համահարթեցման սկզբունքով գործող   ռեսուրսների բաշխման կենտրոնացված համակարգ, ռեգիոնների կախվածությունը կենտրոնից  դառնում է ըստ էության 100 տոկոսանոց: Եվ մեզանում վարվում է շատ վաղուց կենտրոնացված, տոտալիտար քաղաքականություն: Հետևաբար ցանկացած համայնքապետ  ուղղակի կախված է կենտրոնական իշխանություններից և գործող քաղաքական իշխանությունից:

Քաղաքական իշխանության վերարտադրության տեսանկյունից սա հանդիսանում է հսկայական գործիք: Պատկերացնում եք, ինչ որ ռեգիոնում ընտրվի օպոզիցիոն տեղական իշխանություն, որը երկրում գործող քաղաքական իշխանության հետ ունենա խնդիրներ:

Բնականաբար, նա չի կարող արդյունավետ աշխատել և շատ արագ բնակչությունը նրան չի գերադասի, որովհետև վերջին հաշվով  տեղի նյութական հիմնախնդիրները, ընթացիկ բոլոր հարցերը լուծվում են կենտրոնի միջոցով:

Երկրորդ վտանգը, քանի որ այսպես է, ստացվում է, որ ամեն ինչը Երևանում է` տնտեսական ակտիվությունը, պետական եկամուտները: Մենք պետք է շատ շտապ վերանայենք այս քաղաքականությունը և պետք է  ունենանք կայացած, հարուտ ռեգիոններ: Մենք գործող մոդելով սահմանափակում ենք  այս հնարավորությունը:

Արդյոք  հանքարտադրությունը բավարար չափով է  աջակցում է  ռեգիոնալ բյուջեների հարստացմանը և համայնքների զարգացմանը:  

Ես չեմ սիրում  հանքարդյունաբերությունը: Եթե հանքարդյունաբերությունը լիներ հենց այն ոլորտը, որը կարող էր երկիրը հանել  զարգացման ուղի, ապա Աֆրիկայում կունենային խիստ զարգացած տնտեսություն`բարձր կենսամակարդակով: Եթե հանքարդյունաբերությունը մենք գոնե կարողանայինք ճիշտ վերահսկել բյուջետային պարտավորությունների ձևավորման ներքո, մենք գոնե կունենայինք անհամեմատ զարգացած Սյունիք, շատ ավելի կայացած Ղարաբաղ, գոնե Դրմբոնի աղբյուրների հաշվին: Ակնհայտ է, որ հանքարդյունաբերական ընկերությունները օգտվում են մեր ազգային կարևորագույն արժեքներից ` բնական ռեսուրսից:

Ինչպես է վարվում աշխարհը, նույնիսկ Ռուսաստանը: Եթե դու օգտվում ես ընդերքի ռեսուրսներից, հանքարդյունաբերությամբ ես զբաղվում, ապա բարի եղիր վճարել ռեսուրսի արժեքը: Մեր օրենսդրությունը ենթադրում է ռոյալթի, որը  զավեշտալի  բանաձևով է հաշվարկվում, ուղղակի ես չեմ հասկանում, թե ինչ նպատակով  է էսպես կոչված ռոյալթին հորինվել, որովհետև ինքը ռոյալթի չէ, ինքը հավելյալ շահութահարկի մի տեսակ է` այն էլ շատ չնչին: Ռոյալթի գաղափարախոսությունը մեզ մոտ պետք է վերանայվի: Այսինքն, ենթադրենք այսօր ունենք շուկայական գինը` պղնձի 5610 դոլար ծախս: 

Պետք է հաշվարկել ինչպիսի կապիտալ ներդրումներ են արվել, ամորտիզացիոն ծախսերը տարեկան կտրվածքով, ինչպիսի տրանսպորտային և այլ հարակից ծախսեր պետք է կրի ընկերությունը, ինչպիսի շահութաբերություն է ակնկալվում: Այս ամենը հաշվի առնելով` այս կամ այն ժամանակահատվածում  պետությունը  պետք է սահմանի նորմատիվային մոտեցում:  Ենթադրենք վճարում ես  ռեսուրսի միջազգային արժեքի 60 տոկոսը, իբրև ռեսուրսավճար: Սա է ռոյալթին: Պետության ռենտան, հասարակության ռենտան,  դու պետք է վճարես, որովհետև դա այդ հողի տակից հանած ռեսուրսը  ձերը չէ, սա մերն է, բոլորինս, ժողովրդինը:

Եթե Դրմբոնը  վճարեր այսպիսի ռեսուրսավճար, եթե Սյունյաց  հանքարդյունաբերողները  վճարեին այսպիսի վճարներ , եթե ամբողջ Թեղուտով, Շնողով, Ալավերդիով, Ստեփանավանով, Շամլուղով  ամբողջ համալիրը  վճարեր համապատասխան ռեսուրսավճար և այս վճարները համալրեն տեղական բյուջեները, հավատացեք տեղական ինքնակառավարման մարինները կունենան շատ էական  ֆինանսական  եկամուտների աղբյուր:

Ինչպես  կաջակցեն համայնքի հարուստ բյուջեները մանր ու միջին  բիզնեսի կայացմանը և աշխատատեղերի ստեղծմանը:

Բնականաբար, տեղական իշխանությունները կսկսեն մրցակցել, ասենք հենց նույն Լոռու մարզի ինչ որ մի համայնքում, եթե լավ աշխատի տեղական իշխանությունը` ներհամայնքային լավ ճանապարհներ կառուցի, լուծի կանաչապատման, լուսավորության և անվտանգության խնդիրները, ապահովի մշակութային կյանքի և հանգստի խնդիրները և այլն, մարդիկ կձգտեն այնտեղ զարգացնել իրենց բիզնեսը, թեկուզ նույն մարզի շրջանակներում: Մարդը դուրս կգա իր համայնքից, կվերագրանցվի այն համայնքում, որտեղ իր բիզնեսի զարգացման համար ավելի բարենպաստ միջավայր է տեսնում: Սրանք փոխկապակցված երևույթներ են:

 Մենք վաղուց ենք ասում, որ մեր երկրում զբաղվածությունը կազմում է շուրջ 1մլն. 50 հազար, որից 50 տոկոսից ավելին, համապատասխան հետազոտություններ կան, գործում են ոչ կոնտրակտային դաշտում, այսինքն չունեն պայմանագրեր, պաշտպանված չեն սոցիալապես, չունեն պատշաճ լեգալ աշխատանքային ստաժի փաստաթղթեր, հիմնավորում, աշխատանքային գրքույկ և այլն, գործատուն կարող է ցանկացած պահի նրանց զրկել աշխատատեղից, բայց նրանք աշխատում են: Վարձու աշխատղներ կան և ինքնազբաղվածներ:

Փորձը ցույց է տալիս, որ ինքնազբաղվածության մի ոլորտ կա, որը անվանում ենք գերփոքր բիզնես, կամ միկրոբիզնես: Միկրոբիզնես ենք անվանում այն բիզնես ակտիվությունը, որը գործում է առանց վարձու աշխատողի,  չկա գործատու, կա միայն ընտանեկան, սեփական մասնավոր բիզնես: Համապատասխան քաղաքականություն իրականացնելու դեպքում մենք  կարող ենք մեր բնակչության մինչև 35 տոկոսը զբաղեցնել ինքնազբաղվածության ոլորտում, որտեղ հսկայական ռեսուրս կա, եթե մենք ամբողջությամբ չքայքայենք:  Բնական ռեսուրս: Գեղեցիկ բնություն, մշակութային արժեքներ: Միկրոբիզնեսը անհրաժեշտ է ազատել բոլոր տեսակի հարկերից: Ես բերեցի մեկ-երկու օրինակներ, թե ինչպես պետք է փոխվի մոդելը, որ մարդկանց ձեռնտու լինի:  Մեզ անհրաժեշտ է համալիր տնտեսական քաղաքականության վերանայում: Սրանք հեշտ հարցեր չեն: Ցավոք, ես չեմ կարող Ձեզ դեղամիջոց ասել, որ վաղը արթնանանք, կառավարությունը մի որոշում կկայացնի և բոլորս լավ  կապրենք: Էդպես չի լինելու: Բայց մյուս կողմից մենք  Ռուսաստանում տեղի ունեցող ճգնաժամից մեծ կախվածություն ունենք և մենք ունենալու ենք շատ դժվար ֆինանսական տարի :


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ