Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Ազատ գետի վարարմանը սպասելիս



Ազատի ջրամբարը վերջին երեք տարիներին նախատեսվածի չափով չի լցվում·  70 մլն խմ տարողությամբ ջրամբարն անցյալ տարի 10-12 մլն խմ ջուր պակաս է հավաքել, 2014թ·-ին` ջրամբարում 48,91 մլն խմ ջուր է կուտակվել, իսկ 2013թ·-ին`52,31 մլն խմ: Ազատի ջրամբարի 20%-ը լցվում է Ազատ գետի հոսքից, 80%-ը` հալոցքներից: «Սեւան-հրազդանյան-ջրառ» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանն ասում է, որ ներկայումս 160,000 խմ ջուր ավել է լցվել նախորդ տարվանից, բայց՝ դա թիվ չի, որովհետեւ ձյան շերտ չկա, հալոցք չի լինելու, որ ջուրն ավելանա:

«Մենք խուճապի մեջ ենք, այս տարի էլ ջրամբարը չի լցվի»,- ասում է «Սեւան-հրազդանյան-ջրառի» տնօրենը:

Այս իրավիճակում, երբ նախորդ երկու տարիներին Ազատի ջրամբարից միայն մեխանիկական եղանակով է ոռոգման ջուր մատակարարվել համայնքներին, միաժամանակ, Սեւանից զգալի քանակով ջուր է բաց թողնվել արարատյան դաշտավայրը ոռոգելու համար, Կառավարությունը շրջանառության մեջ դրեց Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը:

Կառավարությունը ջրի ինքնարժեքը նվազեցնելու տարբերակներ է փնտրում

Կառավարությունը ջրի ինքնարժեքը նվազեցնելու տարբերակներ է փնտրում, իսկ նվազեցնելու միակ տարբերակը մեխանիկականից անցումն է ինքնահոսի: 2013թ.-ին Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը ոռոգման համակարգերի բարելավման նպատակով Հայաստանի կառավարությանը 30 մլն դոլարի վարկ հատկացրեց` 25 տարի մարման ժամկետով, արտոնյալ պայմաններով: Կառավարության համաֆինանսավորումը ծրագրին կազմում է 7,5 մլն ԱՄՆ դոլար (ընդհանուր` 37,5 մլն ԱՄՆ դոլար):

Ծրագրով կկառուցվեն Քաղցրաշեն, Գեղարդալիճ, Բաղրամյան-Նորակերտ եւ Մեղրիի ոռոգման ինքնահոս համակարգերը: Ոռոգման համակարգերի բարելավման քառամյա ծրագրով նախատեսվում է հիշյալ համակարգերում մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոսով, բարեկարգել գործող ջրանցքները:

Քաղցրաշենի եւ Գեղարդալիճի ինքնահոս ոռոգման համակարգերի կառուցումը նպատակաուղղված է Ազատի ջրամբարից մեխանիկական ջուր ստացող համայնքներն ինքնահոս ջրով ապահովելուն: 

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ

Արարատի մարզի Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերում մոտ 1000 հա հողը ոռոգելու համար, ըստ «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, տարեկան ծախսվում է 11,7 մլն կվտ էլեկտրաէներգիա: Այս ծրագրով Ազատի ջրամբարից մոտ 9 կմ վերեւ, Ազատ գետի վրա, նախատեսվում է կառուցել ջրընդունիչ կառույց եւ խողովակաշար, որով մոտ 900լ/վրկ քանակությամբ ջուր կհասցվի Քաղցրաշենի պոմպակայանի ջրթող ավազան: Այն հնարավորություն կտա ինքնահոս ոռոգման ջրով ապահովել Քաղցրաշեն եւ Նարեկ գյուղերը:

Ծրագրի իրականացման արդյունքում ոռոգվող տարածքը 456 հա-ից կընդլայնվի մինչեւ մոտ 1000 հա: Ջրի տարեկան պահանջարկը կդառնա 3,4 մլն մ3, որից 2,4 մլն մ3 մատակարարվելու է ջրամբարից, իսկ 1 մլն մ3 կառաջանա սպասարկման տարածքի սեզոնային հոսքերից:

Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգ

2700 մ բարձրության վրա գտնվող Գեղարդալիճը 2,5 մլն խմ ծավալով ջուր է ամբարում: Ծրագրով նախատեսվում է Գեղարդալճի ջրամբարից խողովակաշարի միջոցով ինքնահոս ջուր մատակարարել Ազատի ջրամբարից մեխանիկական եղանակով սնվող Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Ողջաբերդ համայնքներին, Գեղադիր գյուղի մի մասին եւ Ջրվեժի ամառանոցներին: Ծրագրի իրականացման արդյունքում, նշված համայնքներին Ազատ գետից եւ ջրամբարից ջուր մղող 3 գործող պոմպակայանները՝ Ազատի (4-աստիճան), Հացավանի եւ Գեղադիրի, կփոխարինվեն ինքնահոսով:

«Բոլոր պոմպերը դուրս չեն գալու սրանով, ուղղակի տարեկան 250 մլն դրամ պակաս կծախսենք հոսանքի համար: 1 լ ջրի միայն հոսանքի ծախսը 130 դրամ է, իսկ ես ջուրը վաճառում եմ 11,5 դրամով: Հիմա Ազատի ջրամբարից ջուրը մղում ենք Արտաշատի ջրանցք եւ նույն ձեւով հետ ենք մղում պոմպով, որ Քաղցրաշեն եւ Նարեկ գյուղերին ջուր տանք: Ազատի ջրամբարում թող մի քիչ պակաս ջուր լցվի, բայց ես ինքնահոս ջուր մատակարարեմ երկու գյուղերին»,- ասում է «Սեւան-հրազդանյան-ջրառ» ՓԲԸ տնօրեն Ս. Հովհաննիսյանը:

Նշենք, որ Գեղարդալճում 2,5 մլն խմ-ից ավել ջուրն արդեն լցվում էր Ազատի ջրամբար, իսկ երբ Գեղարդալճի ծրագրով նախատեսվում է լճի պատվարները բարձրացնել 13,9 մ-ից մինչեւ 15,5 մ՝  ծավալը 2, 4 մլն մ3-ից մինչեւ 3,4 մլն մ3 ավելացնելու նպատակով, կառուցել 23 կմ ճնշումային խողովակաշար (հաշվարկային թողունակությունը 639 լ/վարկ), այն արդեն ավելցուկ չի ունենա:

Ազատ գետին սպառնացող վտանգները

«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն արդեն կազմել է «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» շրջակա միջավայրի վրա եւ սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունը: 2014թ. դեկտեմբերի 20-ին, ծրագրի իրականացման պատասխանատուները երկրորդ անգամ հանրային քննարկում նախաձեռնեցին Գառնիում, որը «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի թիրախային համայնքն է: Համայնքի բնակիչների հետ ծրագրի հանրային քննարկում իրականացնելու երկու նախաձեռնություններն էլ ձախողվեցին:

Գառնեցիները հանրային լսումների վերաբերյալ կազմած արձանագրության մեջ, որն ուղարկել են բնապահպանության նախարարություն, նշում են, որ ծրագիրը բնապահպանական եւ սոցիալական խնդիրներ է առաջացնում:  Նրանք ներկայացված ծրագիրը խոցելի են համարում մի քանի պատճառներով՝

  1. ոռոգման ամիսներին, (հատկապես հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր) Ազատ գետում անհրաժեշտ քանակի ջուր չկա, հետեւաբար հնարավոր չէ առանձին խողովակով Քաղցրաշեն եւ Նարեկ գյուղերի համար նախատեսված ինքնահոս ջուրը վերցնելուց հետո գետում պահպանել օրենքով նախատեսված 850լ/վրկ քանակությամբ ջուր՝ բնապահպանական ելքը:
  2. Ծրագրի հեղինակների այն պնդումը, որ ոչ բավարար քանակի ջուր չունենալու դեպքում կվերահսկեն բնապահպանական թողքը, հավատ չի ներշնչում նրանց, քանի որ հանրապետության ոչ մի վայրում գոյություն չունի վերահսկման մեխանիզմ: Սակավաջուր ամիսներին բնապահպանական ելքի պահպանմանը, նույնիսկ ցանկության դեպքում, ոչ ոք չի հետեւելու: Շահագործման ընթացքում, եթե պարզվի, որ հնարավոր չէ վերահսկել ջրաքանակը, հասկանալի է, որ կավելացվի վերցվող ջրաքանակը՝ պակասեցնելով բնապահպանական թողքը: Այսինքն, եթե խնդրիրը դիտարկենք մասնագիտական տեսանկյունից, ապա Ազատի կիրճում ջրատար խողովակի վրա (բարձր ճնշման տակ) ճիշտ չէ ջրթող փականների տեղադրումը, քանի որ մի քանի փական բացելուց հետո անհրաժեշտ քանակի ջուր չի հասնի նախագծով նախատեսված հողերին: Իսկ ջրթող փականներ չտեղադրել, նշանակում է՝ տեղի բնակչությանը զրկել ոռոգման ջրից:
  3. Ազատի կիրճում, ջրատար խողովակի երկայնքով, Գառնիի բնակիչներն ունեն հողատարածքներ, որոնք ոռոգվում են Ազատ գետի ջրով: Ջրատարի կառուցումից հետո գետում կիջնի ջրի մակարդակը եւ այս հողերը կզրկվեն ոռոգման ջրից:
  4. Ազատի կիրճը բնական հուշարձան է. կիրճն իր գեղատեսիլ բնապատկերով, անկրկնելի «Քարերի Սիմֆոնիա»-ով համարվում է Հայաստանի տեսարժան վայրերից մեկը:
  5. Ազատ գետը Հայաստանի ամենամաքուր գետերից մեկն է, գետում ջրի քանակի պակասելու պատճառով, այլեւս չի ապահովվի ջրի ինքնամաքրումը, իսպառ կվերանա Ազատ գետի Կարմրախայտ ձուկը: Ծրագրի իրականացման դեպքում, շինարարության ընթացքում կտրվելու են բազմաթիվ հազվագյուտ (էնդեմիկ) ծառատեսակներ, կանհետանան բազմաթիվ բուսատեսակներ:

Քաղցրաշենի ծրագրի սոցիալական ազդեցությունն ակնհայտ է

Բնապահպանական խնդիրը նախագծողները, ինչպես նաեւ «Սեւան-հրազդանյան-ջրառ» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանը չեն ընդունում: Վերջինս պնդում է, որ Ազատ գետում կա բավարար քանակի ջուր եւ ջրընդունիչ կառուցվածքից հետո գետում թողնվելու է օրենքով սահմանված 850լ/վրկ բնապահպանական ելքը:

«Ազատ գետը չի ցամաքելու, Ազատի ջրամբարը պետք է կարողանամ ջրով լցնել, որպեսզի այդ գյուղերին ինքնահոս ջուր մատակարարեմ, հակառակ դեպքում` պոմպերով պետք է մղեմ, որը ձեռնտու չէ: Ես չեմ կարող ջրամբարը չլցնել, որպեսզի երկու գյուղի ինքնահոս ջուր տամ: Գետը միաժամանակ պետք է բավարարի երկու ուղղություններին, եթե չբավարարեց՝ պետք է Սեւանից ջուր գնեմ, որ մղեմ այդ գյուղերին: Դա ինձ ձեռնտու չէ, ջուրը որքան էժան ձեռք բերեմ՝ այնքան էժան կվաճառեմ»,- ասում է Սամվել Հովհաննիսյանը:

Նախագծողները, սակայն ընդունել են, որ Ազատի կիրճի երկայնքով միչեւ ջրամբար ձգվող հատվածում գառնեցիների մշակովի հողերի ոռոգումը կասկածի տակ է դրվում: Նկատի ունենանք, որ Ազատ գետի ջուրն այս սակավաջրության պայմաններում կիսվելու է երկու մասի՝ Ազատի կիրճում, Ազատ եւ Գողթ գետերի միախառնվելու հատվածում ջրի մի մասը կլցվի խողովակի մեջ՝ Քաղցրաշեն եւ Նարեկ գյուղերին ինքնահոս ջուր մատակարարելու համար: Մյուս մասը՝ բնական հունով կլցվի Ազատի ջրամբար, սակայն Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցման ծրագրի արդյունքում` Ազատի ջրամբար այլեւս չի լցվի Գեղարդալճի ավելցուկ ջուրը: Հետեւաբար, Ազատի գետի մակարդակը կիջնի եւ  հողօգտագործողները կզրկվեն ջրից: 

Նախագծողները հաշվի են առել այս փաստը եւ ծրագրի սոցիալական ազդեցությունը մեղմելու համար պատրաստակամություն են հայտնել ջրով ապահովել հողօգտագործողներին, պայմանով, որ նրանք ջրօգտագործողների ընկերության անդամ դառնան: Նաեւ՝ Գառնի համայնքն ընդգրկել ոռոգման համակարգի արդիականացման ծրագրում՝ վերանորոգել համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցը եւ Գառնիի ջրանցքը:

«Չի լինելու, որ ժողովրդի քթի տակից ջուրը տարվի եւ նրանց չտրվի»,- ասում է Ս. Հովհաննիսյանը՝ բնական համարելով գառնեցիների ընդվզումը: Միաժամանակ, հավաստիացնում է, որ Գեղարդալճից բերվող ջրից նաեւ Գառնիին ջուր կհատկացվի՝ 700-800 հա չոռոգվող հողերը մշակելու համար:

Ազատի ջրամբարից ջուր են վերցնում Արարատի, Կոտայքի մարզերում եւ Երեւան քաղաքում գործող 4 Ջրօգտագործող ընկերություններ, որոնց հաշվեկշռում կա ջուր սպառող 39 համայնք եւ ընկերություն: Նրանց շահերն, արդյոք, հաշվի՞ են առնվել Քաղցրաշենի ծրագրում:

Նախագիծը hանրային քննարկման է ներկայացվել նաեւ Արարատի մարզպետարանում, որին մասնակցել են 12 համայնքի (Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն), ՋՕԸ-երի եւ այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

«Քննարկումների բոլոր մասնակիցները դրական են գնահատել ոռոգման ինքնահոս համակարգի կառուցումը: Բոլոր համայնքներում առկա է ոռոգման ջրի սակավության հարցը ...»,- նշվում է հաշվետվության մեջ:

Հանրային քննարկման կազմակերպիչներին՝ «Հայհիդրոէներգանախագիծ» խորհրդատվական ընկերության եւ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին, հաջողվե՞լ է նշված գյուղերի բնակիչներին համոզել, որ Քաղցրաշենի ծրագրի իրագործումով ջրի սակավություն չեն ունենա այլեւս, որ Ազատի ջրամբարն անհրաժեշտ քանակի ջուր կունենա, որպեսզի կարողանա ինքնահոս եղանակով ջուր մատակարարել այդ գյուղերին, եւ նրանք ավելի քիչ կվճարեն ջրի համար:

«Մասնագետների ասելով` գետերի համար կա պարբերականության ցիկլ, հիմա քչացել է ջուրը: Համոզված եմ, որ բնական ջրատվության ցիկլը կփոխվի, մեկն ասում է՝ 27 տարին մեկ է ջրի քանակությունը նվազում, հետո պետք է ավելանա, մեկ ուրիշը 14 տարին մեկ անգամ է փոփոխություն կանխատեսում: Այսպես չի մնալու, հիմա նվազման պիկն է, արդեն պետք է փոխվի պատկերը: Սա մենք կանխատեսել չենք կարող, բնական վիճակ է»,- ասում է Ս· Հովհաննիսյանը՝ դժվարանալով «պատկերը փոխվելու» հավանական ժամկետ նշել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ