HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Փոխնախարարը կոչ է անում շնորհակալ լինել հնդկական դեղ ներկրողներին

Այսօր Առողջապահության նախարարությունում հավաքվել էին Երևանի տասնյակ պոլիկլինիկաների և հիվանդանոցների էնդոկրինոլոգներ, որպեսզի քննարկեին շաքարային դիաբետ ունեցողներին տրվող հնդկական «DiaZone MR» դեղը։

Փոխնախարար Վահան Պողոսյանը հանդիպման հենց սկզբում մեջբերեց Կառավարության հունվարի 30-ի որոշումը, որ շաքարային 2-րդ տիպի դիաբետ ունեցողներին 2015-2019թթ. հնդկականի փոխարեն տրվելու է ֆրանսիական «Սերվիե» ընկերության «Diabeton»-ը։

«Մրցույթում «Սերվիե» կազմակերպությունը մեզ առաջարկ չի ներկայացրել,-ասաց փոխնախարարը։-Առաջարկել էր նորից նույն կազմակերպությունը («Արմֆարմ» հեղ.), որը, եթե մրցույթը շահեր, պատրաստվում էր Հայաստան ներկրել այդ նույն հնդկական դեղերը, որոնք մեզ մոտ արդեն 2 տարի օգտագործվում են։ Այս ընթացքում մեզ դիմել է «Սերվիե»-ն, որպեսզի ավելի ցածր գնով, երկար ժամկետով դեղ մատակարարի, ինչպես նաև դեղերի 10% հումանիտար նվիրատվություն կատարի առաջիկա 5 տարում»։

Հնդկական դեղի վերաբերյալ մարդկանց դժգոհություւները, բազմաթիվ բողոքները Վահան Պողոսյանը համարեց անհիմն եւ պայմանավորված դեղի երկրի ծագմամբ և մամուլի բացասական հրապարակումերով. «Դրանք ընդամենը խոսակցություններ են։ Մարդիկ կան, որ հրաժարվել են, հետո նորից եկել վերցրել»։ Ըստ փոխնախարարի՝ խնդիրը ընդհանուրի մեջ կազմում է ընդամենը 2-5%։ «Ուզում եմ հավաստիացնել, որ այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մեր էնդոկրին հիվանդներից որևիցե մեկը որևիցե մի խնդիր չի ունեցել առողջության հետ կապված»,- շեշտեց փոխնախարարը։
Վերջինս իր ելույթում ամեն ինչ անում էր, որպեսզի հավաստիացնի, որ «Արմֆարմ» ընկերության ներկրած «DiaZone MR»-ը դրական ազդեցություն է թողել դեղերի շուկայի վրա. «Հնդկական դեղերով կարողացանք մեծ ծածկույթ ապահովել` մոտ 60 %»։ Բացի այդ, «DiaZone MR»-ի շնորհիվ «Սերվիե» ընկերությունը մի քանի անգամ նվազեցրեց դեղի գինը: Ըստ Վ. Պողոսյանի. «Այս 2 տարիներին այդ ներկրող կազմակերպությունը լուրջ նշանակություն ունեցավ այս գնային մրցավազքում, պետք է նաև գնահատել այս կազմակերպության ջանքը և այս 2 տարվա մատակարարումը, իր գնային առաջարկությունները»։ Իհարկե, փոխնախարարը չնշեց, որ 2 տարի դա արվել է շաքարային դիաբետով հիվանդ 67 000 մարդու առողջության հաշվին։

Շարունակելով դրական բնութագրել հնդկական դեղը՝ Վ. Պողոսյանը  նշեց, որ այն «Դեղերի փորձագիտական» կենտրոնի կողմից նախօրոք ստուգվել է։ Փոխնախարարին խնդրեցինք մեկնաբանել փորձագիտության ժամանակ ի հայտ եկած անհամապատասխանությունն ու միջազգային չափորոշիչների հետ չհամեմատելը: «Այս փաստն ուսումնասիրել է նաև հանձնաժողովը,-ասաց նա,- մենք մեկ անգամ էլ կնայենք, բայց ես չեմ կարծում, որ ձեր նշածը մեծ նշանակություն և ազդեցություն ունի գրանցման վրա»,- ասաց նա։ Շեղումներն էլ նա համարեց թույլատրելի սահմաններում՝ շարունակելով պնդել, որ «Դեղերի փորձագիտական կենտրոն»-ը դեղի գրանցման փուլում որևէ խախտում թույլ չի տվել։ Իսկ երբ մենք փոխնախարարին հիշեցրինք, որ դեղը համեմատվել է ոչ թե միջազգային, այլ արտադրողի իսկ կողմից ներկայացված չափորոշիչների հետ, նախարարն ասաց, թե «ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով և անհարկի մասնագիտական վերլուծություններ չանի»։ Փոխարենը միջամտեց Հայաստանի գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմոնյանը, ով հավաստիացրեց, որ «միջազգային ստանդարտ» գոյություն չունի. «Կա եվրոպական ստանդարտ, կա ամերիկյան ստանդարտ, կա Ռուսաստանի ստանդարտ։ Մեզ մոտ գործում են այն պահանջները, որոնց դեղագործական ընկերությունները պարտադիր պիտի հետևեն»։ Թե որո՞նք են, ի վերջո, այդ չափորոշիչները, այդպես էլ չհստակեցվեց։

Է. Թորոմոնյանից  նաև հետաքրքրվեցինք` արդյոք հնդկական և ֆրանսիական դեղերի գործող նյութի դոզան/չափաքանակը նու՞յնն է: Պրն Թորոմոնյանը պատասխանեց, որ այն «ըստ ներկայացված թղթերի համապատասխանում է»։
Ներկաները Վ. Պողոսյանից հետքրքրվեցին, թե բացի Հայաստանից ո՞ր երկիրն է ներկրում այդ դեղորայքը, վերջինս նշեց` Վրաստանը։ «Հետքի» այն նկատառմանը, որ Վրաստանում այդպիսի դեղ նույնիսկ գրանցված չէ, փոխնախարարը զարմացավ, մի պահ լռեց, ապա ասաց. «Հա՞, չկա՞»։

Քննարկմանը ներկա 2 տասնյակ էնդոկրինոլոգները, ովքեր միջանցքում խմբերով քննարկում էին դեղի վատ կողմերը, դահլիճում ոչ մի ձայն չհանեցին: Երբ «Հետքը» հիշեցրեց իրենց իսկ մատնանշած նեֆրոպատիա առաջացնելու փաստը, ծանր հոգոց հանեցին։
Գրեթե բոլորը «գերազանցիկների պես» գլխի շարժումով հաստատում էին փոխնախարարի բոլոր ասածները։ Ավելին` նրանց զայրացրեց մեր այն դիտարկումը, թե ինչպես է պոլիկլինիկաներում մնացած հնդկական դեղերի խմբաքանակը ոչնչացվելու։

-Պետք է վերացնե՞նք դա,- դիմելով էնդոկրինոլոգներին` հարցրեց փոխնախարարը։
- Չէ՜, չէ՜,- միաձայն պատասխանեցին նրանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter