HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական մատրյոշկա բանտ-պետությունը

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Մեր պետությունն ու մեր բանտերը սիամական երկվորյակներ են կամ, ավելի ճիշտ` ռուսական մամատրյոշկաներ` մեկը մյուսի մեջ: Երկու համակարգերում էլ մարդանցից խլում են ամենակարևորը` թթվածնին համարժեք Ազատությունը: Պետության ու բանտի «ազատազրկվածներն» ունեն սիմվոլիկ տարբերություններ, օրինակ` զբոսահրապարակի չափերը: Պարզապես Ձեր զբոսահրապարակը մեծ է, մերը` 20 քմ:

Պետության ու բանտի նույնականացումը տեսնում եմ այստեղից` 19 տարի լինելով  մահվան տանը, ուսումնասիրելով բանտային կանոնները: Երկու համակարգերում էլ գրված օրենքները ոչինչ են չգրվածների դիմաց: Հետևանքն այն է, որ արդարությունն ու արդարադատությունը մնում են թղթի վրա գրված միֆական, սիրուն գաղափարներ:  

Պետություն-բանտ, թե բանտ-պետություն. տարբերություն չկա` գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: 

Ահա իմ պատկերած բանտ-պետությունը:

Հիմա մի պատմություն կպատմեմ մահապատժի տարիներից: Այն տեղի է ունեցել անկախ Հայաստանի առաջին տարիների հայաստանյան բանտում: Հետևությունները կթողնեմ ընթերցողին: Ի դեպ, այս պատմության մասին հիշեցի, երբ նայում էի, թե ինչպես են առևտրականները բողոքում շահութահարկի մասին օրենքից` համարելով, որ պետությունը մտնում է քաղաքացու գրպանը: Ըստ օրենքի, առևտրականները պետք է հաշվառեն բոլոր ապրանքները, ունենան համապատասխան փաստաթուղթ ամեն ապրանքի համար, հակառակ դեպքում կենթարկվեն տույժի:     

Ուրեմն` 1990-ականների վերջին տարիներն էին: Բանտապահների ոտնաձայներ լսեցինք, զգացինք, որ մոտենում են մեր խցին: Ձայները կանգ առան ուղիղ մեր խցի մոտ: Մահապատժի դատապարտվածների` 100 կողպեքով կողպված դռները հազվադեպ էին բացվում: Իսկ երբ բացվում էին, մտածում էինք, որ կամ տանելու են գնդակահարության (թեև մորատորիում էր հայտարարված) կամ հերթական խուզարկություն է լինելու: Մի բան, որը սովորաբար ավարտվում էր ծեծով, քանի որ գտնում էին արգելված իրեր: Չզարմանաք, եթե ասեմ, որ արգելված իր էր նաև Ողջերի աշխարհից տարբեր ճանապարհով այստեղ հայտնված սնունդը, օրինակ` կոնֆետը:

Բանտի աշխատակիցների ոտնաձայները լսելով` դատապարտյալներից մեկը զգաց, որ չի հասցնի անգամ հանել կոնֆետների թղթերը, սկսեց թղթերով կուլ տալ վերջին կոնֆետները: Չհասցրեց, երկուսը մնաց, որոնք արագ թաքցրեց գրպանում: Հենց այդ պահին բանտապահները ներս մտան: Խուզարկողներն արագ գտան նրա գրպանում մնացած երկու կոնֆետը: Անգիր գիտեինք, որ շան ծեծը պատրաստ է: Երեսին խփեցին, խեղճն ընկավ գետնին: Մյուս երկուսը ոտքերով սկսեցին խփել: Պատի տակ կանգնած էինք 7 դատապարտյալ: Ով հանդգներ մի ծպտուն հանել, նույն օրն էր ընկնելու:

Մյուսները նայում էին ամեն ծակ ու ծուկ: Ծեծը դադարեց, երբ  խուզարկողներից մեկը չոր սպիրտի մի կտոր գտավ երկաթե դարակներից մեկում:

-Ո՞ւմն ա էս դարակը,- հարցրեց ռեժիմի աշխատակիցներից մեկը:

Լսվեց տարեց, կաշի ու ոսկոր դարձած դատապարտյալի խուլ ձայնը.

-Իմը:

-Որտեղի՞ց քեզ սուխոյ սպիրտ:

-Չայ էի ուզում տաքացնեի,- ասաց ծերուկը՝ վախից դողալով ու խնդրեց ձեռք չտալ իրեն:

Բայց ռեժիմի աշխատակիցը, քաշքշելով ծերուկի շորերից, գոռում էր.

-Չեմ հարցնում` ինչ էիր ուզում անեիր: Դու ինձ պիտի ասես՝ ով ու ինչ ձևով ա մտցրել բերդ սուխոյ սպիրտը:

Ծերուկը լռում էր:

-Լա՛վ, հիմա դու քո հալը կտեսնես:

Նրան քաշելով միջանցք հանեցին: Դուռը կիսաբաց թողեցին, ասես դիտավորյալ, որ տեսնենք, թե ինչ պատժի կարժանանան մյուսները, եթե չոր սպիրտ ունենան: Տեսանք, որ շալվարը իջեցրին: Հետագա գործողություններից հասկանալի դարձավ, որ անաստվածները բռնաբարելու են նրան: Իրար էինք նայում շվարած: Նման բան դեռ չէր եղել: Լռելն անհնար էր այլևս, դիմանալն էր անհնար: Մեկս մյուսի հետևից առաջ եկանք, սկսեցինք գոռալ:

-Մա՛րդ եք, վե՛րջ տվեք, սուխոյ սպիրտի համար ի՞նչ օրն եք մարդուն գցում:

Միանգամից մի խումբը նորից մտավ խուց: Մահակներով սկսեցին խփել բոլորիս: Աղմուկի վրա մահապատժի բաժնում հայտնվեց ռեժիմի պետը: Փառք Աստծո, որ նրա մեջ դեռ խիղճ ասվածը կար: Ծեծը դադարեց, բանտապահները հեռացան:

Հ.Գ. Այս տեսարանն էլ կա ֆիլմի սցենարում: Ֆիլմի վրա աշխատելուն զուգահեռ կարդում եմ Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը»: Երգիծաբանը 20 տարի պատիժ է կրել Երևանի բանտում, ապա աքսորում եղել: Գրքում այնքան հարազատ տողեր եմ գտնում ինձ համար. «Բանտարկյալը երբ չի գիտեր, թե ի՞նչ է իր մեղքը՝ նստիլ չի կրնար։ Անիկա կանգնել իսկ անկարող է։ Անիկա կքալե, անիկա կվազե բանտին մեկ անկյունեն մյուսը»: «Հետքի» քաղվածքներում, որոնք պարբերաբար ստանում եմ, կարդացի նաև ձեր արձագանքները, մեկնաբանություններն ու Ազատության մասին ձեր մաղթանքները: Շնորհակալ եմ, որ անտարբեր չեք: Ձեր արձագանքներն ինձ ուժ են տալիս առաջ գնալու:  

Մեկնաբանություններ (1)

arman
Это конкретно заявление о совершении преступлении. Прокуратура обязана незамедлительно реагировать.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter