HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեժ կրքեր Մեծ Այրումում՝ նոր պոչամբարի շուրջ

Փետրվարի 12-ին Մեծ Այրումում տեղի ունեցավ հանրային երկրորդ քննարկումը, որը նվիրված էր Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի կառուցվելիք նոր պոչամբարին համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերից 12 հա հողատարածք հատկացնելուն:

Հունվարի 29-ին կայացած հանրային առաջին քննարկմանը մասնակցել էր ընդամենը 10 այրումցի: Երկրորդ հանրային քննարկումը հրավիրվել էր վերջիններիս պահանջով: Այս անգամ քննարկմանը մասնակցում էր շուրջ 100 այրումցի: Քննարկումը ղեկավարելիս գյուղապետ Սահակ Նազարյանը իրեն պահում էր ոչ ադեկվատ: Նա անհավասարկշիռ վարքագիծ էր դրսևորում հատկապես այրումցիներին պոչամբարի վտանգների մասին տեղեկացնող ելույթների նկատմամբ:

«Ախթալայի ԼՀԿ-ն քանի որ աշխատում է, իմ կարծիքով, պետք է պոչամբարը աշխատի: Բայց, շատ մեծ բայց կա: Ես դեմ եմ, որ պոչամբարը էսօր աշխատի էս պայմաններում, նոր պոչամբարն էլ կառուցվի: Ասեմ՝ ինչու, որովհետև դրանց ստացած եկամուտը էդ հանքից ես՝ որպես ՀՀ քաղաքացի, չեմ տեսնում, ոչ էլ տեսնում եմ դրա արդյունքը: Եթե ինչ-որ մեկը տեսնում է, թող ցույց տա: Դրա համար ես դեմ եմ, որ որևէ հանք շահագործվի էս վիճակում, էս հարկային օրենքների պայմաններում»,- «Հետքին» հայտնեց բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը:

Հանդիպմանը ներկա «Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը այրումցիներին իրազեկեց Ճոճկան և Մեծ Այրում գյուղերի վարչական տարածքում գտնվող պոչամբարի վտանգների մասին. «Ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ պոչանքն իր մեջ պարունակում է ծանր մետաղներ, որոնք վտանգավոր են մարդկանց, կենդանիների և բույսերի համար: Մյուս կողմից՝ համաշխարային փորձագետներն ու գիտնականները ցույց են տվել, որ պոչանքը հազարավոր տարիներ անց դեռևս մնում է: Յուրաքանչյուր հանքարդյունաբերող հանքի շահագործման նախագիծը ներկայացնելուց առաջ պետք է ներկայացնի նրա անվտանգությունն ապահովող գործոնները, այդ թվում՝ ունենա հատուկ մասնագիտական խումբ և տեխնիկա, որպեսզի հավանական վթարների դեպքում մեղմի վթարը»:

Ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանը կոչ արեց իր համագյուղացիներին՝ մինչև ԼՀԿ-ի կողմից չվերացվեն գործող պոչամբարի վտանգները, չքննարկեն նոր պոչամբարի հողահատկացման հարցը: «Շատ լավ կլինի հարգելի գյուղապետը պայմաններ ստեղծի պոչամբարի մասին իրական տեղեկություն ստանալու համար: Առաջինը, թե ինչ օգուտներ և վնասներ է տալիս այս պոչամբարը Մեծ Այրումին: Երկու դեպքում էլ պետք է անկեղծ լինել»,- ասաց Հ. Սանասարյանը: Նա Գյուղապետ Ս. Նազարյանին հիշեցրեց, որ պոչամբարը տեխնիկապես գտնվում է խայտառակ վիճակում, և խորհուրդ տվեց առաջին հերթին վնասազերծել այն:

«Պոչամբարից կան կորուստներ, հանկարծ չմտածեք, որ ծանր մետաղների ազդեցությունը հենց մի օր է երևում: Ակադեմիական և մնացած գիտությունները ամբողջովին ցույց են տվել, որ մարդու մոտ տեսողական, սրտանոթային, մաշկային և այլ հիվանդություններ են առաջանում պոչանքների ազդեցությունից, որոնք հետագայում կարող են ավելի խորանալ: Եվ ընդհանրապես, որտեղ կան պոչամբարներ, այնտեղ հետագայում կարող է լինել հրեշածնություն»,- բացատրեց Հ.Սանասարյանը: Անդրադառնալով պոչամբարի ռեկուլտիվացիայի խնդիրներին՝ Հ. Սանասարյանը տեղեկացրեց, որ կառուցման ժամանակ թույլ է տրված կոպիտ սխալ, պոչամբարի հատակը մեկուսացված չէ պոլիէթիլենային թաղանթով, որը հետագայում հնարավոր կդարձներ պոչամբարի լիարժեք ռեկուլտիվացումը: Նա խորհուրդ տվեց ընդերքի ջրերը չաղտոտելու համար ռեկուկտիվացիայի աշխատանքերը սկսելու ժամանակ պոչամբարի հատակը մեկուսացնել պոլիէթիլենային թաղանթով:

«Ես խնդրում եմ մի քիչ արագ-արագ արտահայտվեք»,- Հ. Սանասարյանին դիտողություն արեց գյուղապետը: Այնուամենայնիվ, Հ. Սանասարյանը այրումցիներին խորհուրդ տվեց նոր պոչամբար կառուցելու համաձայնություն տալուց առաջ լուրջ մտածել: Մեծ Այրումի նախկին գյուղապետ Պապիկ Առուշանյանի համար նոր պոչամբարի հողահատկացումը պատվի ու թասիբի խնդիր էր: «Մենք հողատեսքի փոփոխության համար ենք հավաքվել, Ճոճկանը իր որոշումը հանել ա, տվել ա: Ի՞նչ է եղել Այրումին, որ մեզ խայտառակում եք էս ամբողջ հանրապետությունում: Ի՞նչ է եղել, որ մենք քանի անգամ է՝ հավաքվում ենք էս հարցի շուրջ, խնդրում եմ պարզաբանեք»,- Հ. Սանասարյանին դիմեց նախկին գյուղապետը, թեև Հ. Սանասարյանը որևէ առնչություն չէր ունեցել այրումցիների հանրային քննարկումների հետաձգման հետ:

Նախորդ հանրային քննարկմանը պոչամբարի վտանգները խորովածի ծխի հետ համեմատող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի և բնապահպանության բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը այս անգամ էլ հանքարդյունաբերությունը համարեց Հայաստանի փրկության միակ ճանապարհը. «Պետք է մտածել երկրի ապագայի մասին, ոչ թե այն մասին, թե պոչամբարը վաղը ում ինչքան կարա թունավորի: Մի բան էլ ասեմ. շատ հնարավոր ա, որ թունավորի, շատ: Բայց քանի որ կռվի ենք դուրս եկած, որպեսզի մեր ազգը հաղթի, շատ դեպքերում շատ-շատ զոհեր են պահանջվում»,- ասաց Գագիկ Շահնազարյանը: Լևոն Գալստյանը Գագիկ Շահնազարյանի կարծիքը անհիմն համարեց: Նրա ասելով՝ ենթադրյալ պոչամբարը նախատեսվում է կառուցել ներկա գտնվող պոչամբարից մեկ կմ ներքև, երկաթուղուց 500 մետր վերև: «Նախագծային կամ այլ տիպի աշխատանք, անգամ հետազոտական աշխատանք դեռ չի կատարվել, այսինքն՝ էդ ամեն ինչը պետք է կատարվի հետո»,- ասաց նա:

Այրումցի Արտյոմ Բայրամյանին հետաքրքեց, թե պոչամբարը ներքև տանելու մեջ օգուտ կա արդյոք: Նաիրի Առաքելյանը կոչ արեց այրումցիներին գյուղի վարչական տարածքում չթույլատրել կառուցել երկրորդ պոչամբարը, քանի որ այն միայն սպառնալիք է ամբողջ գյուղի, այդ թվում նաև՝ գյուղ երեխաների առողջության համար: Էռնեստ Ղահրամանյանը և էլի մի քանի այրումցիներ Սահակ Նազարյանից պահանջեցին նոր պոչամբարի հողահատկացման քննարկման հարցը հետաձգել գործող պոչամբարի վտանգները գյուղացիներին հանգամանալից ներկայացնելուց հետո: Գյուղապետ Նազարյան առանց որոշում ընդունելու քննարկումը ավարտված համարեց:

«Քննարկում գործնականում չեղավ, քանի որ ովքեր ուղղակի ուզում են էդ հողը վերցնել պոչամբարի համար, նրանք ոչ մի հարցի պատասխան չունեին: Բայց բնակիչները շատ լուրջ հարցեր էին բարձրացնում՝ և վնասի հատուցման և պոչամբարի տեխնիկական անվտանգության: Ընկերության ներկայացուցիչն ու գյուղապետն ասում են՝ եկեք համաձայնեք, տվեք հողը, որից հետո նախագիծ կկազմենք: Բայց էդպես չի: Մինչև նախագիծը գոյություն ունի տեխնիկատնտեսական հիմնավորում, որտեղ կան էդ բոլոր բաղադրիչները՝ ի՞նչ է ծախսվելու, ի՞նչ է արվելու, ի՞նչ միջոցներով է արվելու: Ընկերությունը փաստորեն չուներ այդ նախագիծը»,- հանրային քննակման մասին «Հետքին» իր կարծիքը հատնեց Հակոբ Սանասարյանը: 

Մեկնաբանություններ (1)

Սամվել
« Ճոճկանը իր որոշումը հանել ա, տվել ա: Ի՞նչ է եղել Այրումին, որ մեզ խայտառակում եք էս ամբողջ հանրապետությունում»: Այսպես հորդորեց այրումցիներին Այրումի նախկին գյուղապետ Առուշանյանը:Իսկ 2100 բնակչություն ունեցող Ճոճկանում պոչամբարի համար հող հատկացնելու հարցով հանրային լսումներ չեն եղել,ինչքանով որ տեղյակ եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter