HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք մտնում ենք տարերային զարգացումների փուլ»

Երեկ ՀՀԿ խորհրդի նիստին Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ նշելով, որ «Ծառուկյան քաղաքական դերակատարը չարիք է Հայաստանի համար»:  Այսօր Ս. Սարգսյանի ելույթին ի պատասխան՝ Գ. Ծառուկյանը հայտարարել է, որ չարիքն այսօրվա իշխանությունն է, և ինքը պայքարելու է՝ իշխանափոխության հասնելու համար: Ստեղծված քաղաքական իրավիճակի և դրա հնարավոր զարգացումների մասին «Հետքի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

-Ի՞նչ եք կարծում՝ այս փոխադարձ անվանակրումներն արվել են քաղաքական բնական խաղ ստեղծելու պատրանքի՞ համար, թե՞, այնուամենայնիվ, երկուստեք անկեղծություն են ցուցաբերել:

-Եթե կան կասկածներ, որ այս ամենը խաղ է, ապա պետք է նաև արտահայտվեն վարկածներ «խաղի» իմաստի մասին: Ոչ ոք որևէ հիմնավորում չի տվել այս ամենի «խաղ» լինելու նպատակի ու տրամաբանության մասին:

-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, քաղաքական ուրվականը տեսնո՞ւմ եք այս գործընթացում: Արդյո՞ք սա Սարգսյան-Քոչարյան առճակատում չէ:

-Եթե համարենք, որ Հայաստանում հասարակություն, որպես այդպիսին գոյություն չունի, ապա կարող ենք և այդպես ասել: Ես կարծում եմ, որ ապագա զարգացումների համար ոչ ոք որևէ սցենար չունի: Իհարկե, կան տարբեր մարդիկ ու ուժեր, որոնք կցանկանային, որ իրադարձություններն իրենց օգտին աշխատեն, սակայն մենք մտնում ենք տարերային զարգացումների փուլ:

Մեր` որպես հասարակության նպատակը պետք է լինի այն, որ զարգացումները Հայաստանի և հասարակության օգտին լինեն: Դա քաղաքական գործընթացներիի կրեատիվ բաղադրիչն է: Իշխանական և ոչ իշխանական ուժերը սուր հակամարտության մեջ են մտել, կհաղթի կամ մեկը, կամ մյուսը, սակայն ով խաղի մեջ չի, ցանկացած տարբերակի դեպքում պարտված է լինելու: Խնդիրն այն է, որ հասարակական և քաղաքական տարբեր խմբերը ձևակերպեն իրենց օրակարգերը և ստանձնեն դերակատարում, այդ դեպքում հանրային շահերի հետ հաշվի կնստեն բոլորը: Ոչ ոք հասարակության շահերը չի ներկայացնի, եթե հանրությունն ինքը չդառնա դերակատար:

-Ի՞նչ հնարավոր զարգացումներ կլինեն, ներքաղաքական ցնցումների սպասե՞նք առաջիկայում:

-Կարծում եմ, որ ցանկացած պարագայում ցնցումներն անխուսափելի են, այլ հարց է, թե ինչպիսի սրությամբ և ինտեսիվությամբ այդ պայքարը կզարգանա: Չի բացառվում, որ հարաբերական զինադադար էլ լինի, սակայն կարծում եմ, որ դա ժամանակավոր բնույթ կունենա: Հիմա «կամ-կամ»-ի ուղղությամբ են գործընթացները ընթանում: Վաղ թե ուշ հանգուցալուծում պետք է լինի: Կարծում եմ, որ դա այնքան էլ ուշ չի լինի:

-Ըստ Ձեզ՝ եռյակի մյուս ուժերը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», ի՞նչ դիրք կզբաղեցնեն այս առճակատման ժամանակ: Արդյոք կկանգնե՞ն ԲՀԿ-ի կողքին, թե՞ եռյակն արդեն պառակտված է:

-Չեմ կարծում, որ եռյակը պառակտված է, հակառակ տպավորությունն ունեմ: Առհասարական «եռյակ-քառյակ», «իշխանական-ոչ իշխանական» ձևաչափերի ժամանակն անցել է, նոր անվանումներ է պետք մտածել:

-«Մի շատ վատ օրինաչափությոն կա քաղաքականության մեջ, արյունով եկողը արյունով է գնում»: Պարոն Դանիելյան, սա Ձեր ֆեյսբուքյան գրառումն է: Ի՞նչ է ենթադրում Ձեր խոսքը՝ մարտի 1-ի հնարավոր սցենարի կրկնությո՞ւն:

-Խոսքն այն մասին է, որ համաշխարհային պատմության փորձը ցույց է տալիս, որ երբ խախտվում են իշխանության փոխանցման օրինական մեթոդները, ապա նման ավանդույթը երկար ժամանակ է շարունակվում: Հեղաշրջումները ծնում են հեղաշրջումներ, հեղափոխությունները` հեղափոխություն:

Հայաստանում գոյություն չունեն իշխանության փոխարինման բնականոն, լեգիտիմ մեխանիզմները, և իշխանությունը կարող է փոխվել միայն բռնությամբ, առավել ևս, որ անօրինականությունը ծնում է անօրինականության համար պատժվելու վախ, ինչի հետևանքով դրա հեղինակները ցանկացած եղանակներով պատրաստ են պայքարել իշխանության փոփոխության դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter