HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պետբյուջեի հաշվին 31.6 մլն դրամ արժողության բնակարան՝ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի համար

2014թ. հոկտեմբերի 2-ին կառավարությունը, փոփոխելով նախկինում ընդունած իր որոշումը, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, գլխավոր դատախազության, պետական պահպանության ծառայության, հատուկ քննչական ծառայության ծառայողների և ֆինանսների նախարարության աշխատողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով բնակարանների ձեռքբերման համար հատկացրել է 754 մլն 806 հազար դրամ, որից 52 մլն 402 հազար դրամը` դատախազությանը:

Կառավարությունն իր որոշմամբ նաև սահմանել է թե ինչ եղանակով կատարեն գնումը՝ բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու գնման ձևով:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի 2014թ. հոկտեմբերի 3-ի հրամանով գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի համար 31.593.575 դրամ արժողությամբ 118.55 քմ մակերեսով բնակարան է ձեռք բերվել Երևան քաղաքի Ադոնցի 8 հասցեի նորակառույց շենքում:

Նույն որոշմամբ, նույն շենքում 78.08քմ մակերեսով բնակարան ձեռք է բերվել նաև գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Սուրեն Խաչատրյանի համար, այս անգամ՝ 20.808.320 դրամով:

Նշենք, որ գնված բնակարանները դատախազության աշխատակիցներին տրամադրվել է ոչ թե ծառայողական նպատակներով, ինչը նշանակում է, որ բնակարանները պետք է գտնվեին պետության հաշվեկշռում, այլ հատկացվել է սեփականության իրավունքով:

Էմիլ Բաբայանի և Սուրեն Խաչատրյանի բնակարանները ձեռք են բերվել «Միկմետալ» ՓԲԸ-ից: Նշենք, որ ոստիկանությունն էլ կառավարության որոշմամբ իրեն հատկացված 348 մլն 862 հազար դրամի շրջանակում ոստիկանության աշխատակիցների համար բնակարանների մի մասը ձեռք է բերել «Միկշին» ՍՊԸ-ից: Տարբերությունն այն է, որ ոստիկանությունը բնակարանները աշխատակիցներին հանձնել է ոչ թե սեփականության, այլ՝ օգտագործման իրավունքով (ծառայողական նպատակներով):

«Միկշին» ՍՊԸ-ի հիմնադիրը՝ Տիգրան Հարությունյանը, «Միկմետալ» ՓԲԸ-ի հիմնադիր Միխաիլ Հարությունյանի որդին է: 2012թ. տվյալով «Միկմետալ» ՓԲԸ-ի բաժնեմասերի 75%-ը պատկանել է օֆշորային գոտում գրանցված «Մարկո Հոլդինգս» ՍՊԸ-ին:

Տեղեկացնենք, որ ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի, Էմիլ Բաբայանը պաշտոնը ստանձնելու պահին՝ 2013թ. հոկտեմբերի 17-ին, ունեցել է բնակարան: Թե պետական բյուջեի միջոցներով էլիտար շենքում ինչու է դատախազի տեղակալի համար ևս մեկ բնակարան ձեռք բերվել, մնում է անհասկանալի:

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից երկու անգամ գրավոր հարցում ենք ուղարկել գլխավոր դատախազին, խնդրելով պարզաբանել, թե ինչ սկզբունքով են ընտրվել աշխատակիցները, մինչև նոր բնակարանը նրանք բնակարան ունեցել են, թե ոչ: Այդպես էլ դատախազությունից պատասխան չստացանք:

Իսկ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Հետքի» գրավոր հարցմանը պատասխանել է, որ կառավարության ծրագրի «Պետական կառավարման համակարգի բարեփոխում» գլուխը սահմանում է, որ կառավարությունը նախատեսում է պետական աշխատանքը գրավիչ դարձնելու նպատակով շարունակել սոցիալական երաշխիքների ներդրման քաղաքականությունը և պահուստային ֆոնդից գումար հատկացնելու խնդրո առարկա կառավարության որոշումը պետք է դիտարկել այդ համատեքստում:

«Կառավարությունը պահուստային ֆոնդից գումար է ուղղում նախաձեռնության ֆինանսավորմանը, իսկ ծրագրից օգտվող պետական ծառայողների ցանկը կազմվում են պետական մարմիններում»,-պատասխանել է Դ. Հարությունյանը:

Մեկնաբանություններ (3)

Մարտիկ
Անբարոյականության վերջը
համո
Մերոնք լավն են էլի, դատավորն ու միլիցեն որ կուշտ ու ապահով չլինեն էլ ինչ արդարություն սպասես նրանցից!
Ֆեմիդա
Վիրավորական է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter