HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Բնակիչները դատի են տվել քաղաքապետ Զախարյանին եւ նախարար Այվազյանին

Էդիկ Բաղդասարյան
Վահե Սարուխանյան 

Երեւանի Աղայան 19 եւ Տերյան 56 շենքերի միջեւ գտնվող արդեն նախկին կանաչ տարածքն այժմ վերածվել է շինհրապարակի:

Չնայած 516 քառ.մ հողակտորը կառուցապատման նպատակով պարսպապատվել է 2006-ի դեկտեմբերին, ամեն ինչ սկսվել է դեռեւս 2000թ.-ին:

2000թ.-ին Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Ալբերտ Բազեյանի թիվ 653 եւ 1136 որոշումներով տարածքը հատկացվել է «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ին՝ գրասենյակների, հյուրանոցային եւ այլ ծառայությունների չորսհարկանի մասնաշենք կառուցելու նպատակով:

Նուշիկյան եղբայրներին պատկանող ընկերությունն առավելապես հայտնի է օծանելիքի եւ հագուստի առեւտրով, Երեւանի փողոցների գովազդային վահանակների պատրաստմամբ եւ տեղադրմամբ: «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ն Հայաստանի խոշոր հարկատուների 2006թ.-ի ցուցակում զբաղեցնում է 180-րդ տեղը:

2002-ին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը իր թիվ 354 որոշմամբ 516 քառ.մ տարածքն օտարել է «Նուշիկյան ասոցիացիային», եւ շուտով քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը (ՔՃՔՎ) տվել է ճարտարապետահատակագծային (ՃՀ) առաջադրանք:

«Այս ՃՀ առաջադրանքում նշված է, որ առաջադրանքը տալու պահին տարածքը եղել է «ազատ, մասամբ բարեկարգ, նախկինում որպես բացօթյա սրճարան օգտագործվող, հարթ տարածք»: Սակայն չի ասվում, որ այնտեղ այդ պահին եղել են 20 հաստաբուն ծառեր: Բացի այդ, առաջադրանքում ոչ մի խոսք չկա ՀՀ օրենսդրությամբ սահմանված հասարակական լսումների, բնության պահպանության փորձաքննության, առաջադրանքի գործողության ժամկետի մասին»,- բացատրում է Աղայան 19 եւ Տերյան 56 շենքերի բնակիչների իրավունքների պաշտպանության հանձնախմբի ղեկավար Ռուբեն Թորոսյանը:

Իմանալով, որ ծառերը հատվելու են եւ տեղում կառուցվելու է չորսհարկանի շինություն, վերոնշյալ շենքերի բնակիչները ելել են բողոքի:

2004-ի հունվարին նրանք դիմում-բողոք են ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարին, որին ի պատասխան՝ նախարարության Բնապահպանական պետական տեսչության պետ Ռ. Աբրահամյանը գրել է, թե տեսչության կողմից ուսումնասիրվել է տարածքը, որը «ծառաշատ է, այնտեղ առկա են շուրջ 20 հատ հաստաբուն ծառեր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տարածքում նախատեսվում են քաղաքաշինական փոփոխություններ, որի հետեւանքով հատվելու են ծառեր՝ ԲՊՏ-ն առարկում է այդ տարածքում որեւէ շինարարական աշխատանքների կատարմանը»:

Բնակիչների իրավունքների պաշտպանության հանձնախմբի ջանքերով 2004-ին Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը դադարեցրել է կանաչ տարածքի կառուցապատման գործընթացը:

Սակայն 2006թ.-ին «Նուշիկյան ասոցիացիան» վերսկսել է կառուցապատումը:

ՔՃՔՎ-ի պետ Ա. Լալայանցի տեղեկացմամբ՝ կառուցապատողին հանձնարարվել է շինարարության մասին անցկացնել հասարակական իրազեկում, «ինչը եւ իրականացվում է տեղադրված պաստառի միջոցով՝ համաձայն քաղաքապետի 04.02.04թ.-ի թիվ 133-Ա որոշմամբ սահմանված կարգի»:

«Քաղաքապետի այդ որոշումը հակասում է ՀՀ կառավարության 28.10.98թ.-ի թիվ 660 որոշմանը: Վերջինիս համաձայն՝ պետք է քաղաքապետն ասի, որ այստեղ միջավայրի փոփոխություն է տեղի ունենում: Մենք կառուցապատողի հետ ոչ մի գործ չունենք: Քաղաքապետը պետք է իրազեկում աներ, բայց նա չի արել»,- ասում է Ռուբեն Թորոսյանը:

Հետագայում դատարանը գտել է, որ քաղաքապետի թիվ 133-Ա որոշումը չի հակասում կառավարության թիվ 660 որոշմանը:

Ռ. Թորոսյանը նշում է, որ թիվ 660 որոշման համաձայն՝ իրազեկումը պետք է արվեր կառուցապատողի ներկայացրած հայտը ստանալուց 3 օր անց զանգվածային լրատվության միջոցներով, ծրագրերի ու նախագծերի ցուցադրման միջոցառումներով եւ հասարակական քննարկումներով, ինչը չի արվել, եւ խախտվել է բնակիչների տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ըստ նրա՝ շինարարության մասին իրազեկող միակ բանը եղել է Նուշիկյանների կողմից կախված պաստառը, որի վրա գրված է եղել, որ այդտեղ շենք է կառուցվելու, եղել է նաեւ կառուցվող շենքի նկարը եւ մեկ բջջային հեռախոսահամար:

Դատարանի որոշմամբ՝ այդքանը բավարար է եղել բնակիչների տեղեկատվություն ստանալու իրավունքը չխախտելու համար: Սակայն պաստառը, Ռ. Թորոսյանի ասելով, դատարան չի բերվել. վճիռը կայացվել է առանց այդ ապացույցի:

Կառուցապատման նախագիծ ներկայացրած «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ն օրենքի համաձայն դիմել էր «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցկացնելու նպատակով: ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Սանթրոսյանն էլ պատասխանել է, թե այդպիսի փորձաքննություն արվում է միայն 1000 քառ.մ եւ ավելի տարածքների համար, իսկ ՍՊԸ-ին օտարված տարածքը եղել է 516 քառ.մ:

«Բայց եթե 1000 քառ.մ-ից պակաս է, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքով էլի պետք է իրազեկեն համայնքին, ասեն, որ այստեղ շենք են ուզում կառուցել, դուք մի ամիս ժամկետում հասարակական լսումներից հետո պիտի ասեք` ուզու՞մ եք, որ նախագիծը գնա փորձաքննության: Եթե մենք ասում ենք՝ այո, ապա լիազոր մարմինը որոշում է՝ բնապահպանական փորձաքննություն անե՞լ, թե՞ ոչ: Չանելու դեպքում էլ մենք կարող ենք դիմել դատարան: Այսինքն՝ օրենքը շատ ժողովրդավարական է»,- մեկնաբանում է Ռ. Թորոսյանը՝ նշելով, որ իրենց իրավունքների ոտնահարման գործում գլխավոր դերակատարումն ունեցել է հենց Ա.Սանթրոսյանը:

Այսպիսով՝ չի կատարվել օրենքի պահանջը՝ համայնքը չի իրազեկվել, եւ անտեսվել է նրա կարծիքը:

Ռ. Թորոսյանի ներկայացմամբ՝ 2006-ի նոյեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետի տեղակալ Կարեն Դավթյանը, հիմք ընդունելով 2002-ին ՔՃՔՎ-ի տված «օրենքին հակասող» ՃՀ առաջադրանքը, «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ին տվել է վերոնշյալ տարածքում շինարարության թույլտվություն: Փոխքաղաքապետի գրության մեջ նշված է. «Կառուցապատողը նախքան շինարարություն սկսելը, ինչպես նաեւ դրա ընթացքում պարտավոր է հասցվելիք վնասի փոխհատուցման համար համաձայնության գալ կառուցապատման հետեւանքով վնասներ կրող սուբյեկտների հետ»:

Իսկ բնակիչները դժգոհ են եղել մասնավորապես նրանից, որ կառուցվող շինությունը նվազեցնելու է շենքերի 1-4-րդ հարկերի լուսավորությունը:

«Պետական նորմաների հիման վրա կատարվել են հաշվարկներ, որոնց համաձայն բնակարանների լուսավորությունը մինիմալ նորմաներից 50 տոկոսով էլ ավելի է,- ասում է «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանը,- մենք առաջարկեցինք բնակիչներին բակի ավտոտնակներն իջեցնել գետնի տակ, իսկ վերեւն ամբողջությամբ բարեկարգել, բայց իրենք չհամաձայնվեցին»:

2006-ի դեկտեմբերի 9-ին Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ քաղաքապետ Երվանդ Զախարյանը կասեցրել է շինթույլտվության գործընթացը: Դեկտեմբերի 12-ին բնակիչներին նույնը ասել է հենց Ե. Զախարյանը՝ համաձայնվելով, որ գործընթացը պետք է գնա օրինական ճանապարհով:

Բնապահպանության նախարարը թույլ է տվել հատել 20 ծառ

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին, «Նուշիկյան ասոցիացիան» ստացել է ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի գրությունն առ այն, որ ընկերությանը թույլատրվում է 516 քառ.մ տարածքում հատել ծառեր եւ թփեր:

Նույն օրն էլ շինհրապարակի նախապատրաստման համար ՍՊԸ-ն սկսել է պարսպապատել տարածքը: Բնակիչները դիմել են քաղաքապետին, սակայն պատասխան չեն ստացել:

Այն բանից հետո, երբ փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը Նուշիկյաններին տվել էր շինարարության թույլտվություն, Տերյան 56 եւ Աղայան 19 շենքերի բնակիչները դիմել էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Գործը վարույթ է մտել դեկտեմբերի կեսերին: Առաջին նիստը կայացել է այս տարվա հունվարի 19-ին ու հետաձգվել է:

Սակայն հունվարի 20-ի վաղ առավոտյան երկու շենքերի բնակիչներն արթնացել են սղոցի ձայնից եւ դուրս գալով տեսել, որ բանվորները հատում են ծառերը: Վերջիններս բնակիչներին ցույց են տվել Վ. Այվազյանի գրությունը:

«Այդ պահի դրությամբ դատական վեճի առարկա կար, վճիռ դեռ չէր եղել,- ասում է Աղայան 19 շենքի բնակիչ Դավիթ Պետրոսյանը,- Նուշիկյանը երեւի մտածում է` չկան ծառեր, ուրեմն չկա պրոբլեմ, այսինքն` բնակիչները հետ կկանգնեն իրենց պահանջներից: Թերեւս, իրենք էլ գիտեին, որ անօրինական բան են անում, թե չէ ինչու՞ են առավոտ-գիշերով եկել... Երեւի որ մարդիկ չխանգարեն»:

Ռ. Թորոսյանի պատմելով՝ ամենահետաքրքիրն այն է, սակայն, որ ծառահատման հաջորդ օրը ՀՀ բնապահպանության նախարարությունից եկել է մի խումբ՝ բնությանը հասցրած վնասը չափելու եւ դատախազություն ներկայացնելու համար: «Այսինքն՝ չափեցին նախարարի գրությամբ բնությանը հասցրած վնասի չափը»,- ասում է Ռ. Թորոսյանը:

Հունվարի 29-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Գոռ Հակոբյան) մերժեց դիմող Ռ. Թորոսյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետի եւ քաղաքապետարանի:

Տերյան 56 եւ Աղայան 19 շենքերի բնակիչները մտադիր են բողոքարկել վճիռը: Նրանք ասում են, որ պայքարելու են մինչեւ վերջ: Բացի այդ, նրանք այս գործով եւս երկու հայց են ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարի եւ նախարարության դեմ:

Ռ. Թորոսյանի տեղեկացմամբ՝ փետրվարի 2-ի կեսօրին Նուշիկյանների շինարարական աշխատանքների հետեւանքով շարքից դուրս է եկել տարածքի ջրամատակարարման խողովակը, որը ջրմուղի աշխատակիցները կարողացել են նորոգել միայն մոտ հինգ ժամ անց: Սակայն առ այսօր շենքերին մատակարարվող ջուրը, Ռ. Թորոսյանի խոսքերով, պղտոր է: Բնակիչները պատրաստվում են դիմել սանէպիդկայան:

Սակայն վերջերս պարզվել է, որ այս տարածքը անժամկետ վարձակալության էր տրված Հարություն Ավետիսյանին, որին կասկածելի հանգամանքներում կալանավորել են: Նրա մայրը` Քնարիկը, համոզված ասում է, որ որդու նկատմամբ այս գործը սարքել են Նուշիկյանները, որպեսզի տիրանան այդ տարածքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter