HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Այս տարին սակավաջուր չէ, քան նախորդ սակավաջուր տարին էր

«Հիդրոմետ» ծառայությունը օրերս հայտարարեց, որ այս տարի ավելի ջրառատ կլինի, քան նախորդ տարին էր: «Անհիմն են լուրերը, թե ջրամբարները դատարկ են, եւ երաշտ է սպասվում: Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեղեկատվությունը հիմված չէ փաստերի վրա եւ չի համապատասխանում իրականությանը ...»,- փետրվարի 11-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է «Հիդրոմետ» ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լեւոն Ազիզյանը:

Ջրային ոլորտի պատասխանատուները հայտարարում են, որ նախորդ տարին ջրառատ չէր, այս տարին նույնպես սակավաջուր է լինելու: Օրեր առաջ ներկայացրել էինք «Սեւան-հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանի տեսակետը, ով հայտնում էր, որ նախորդ երկու տարիներին ջրամբարները չեն լցվել:

«Մենք խուճապի մեջ ենք, այս տարի էլ ջրամբարը չի լցվի: Հիմա Ազատի ջրամբարը 160,000 խմ ջուր ավել է լցվել անցյալ տարվանից, բայց դա թիվ չի, որովհետեւ ձյան շերտ չկա, հալոցք չի լինելու, որ ավելանա, այս տարի սպասելիք չունենք»,- հայտնել էր «Սեւան-հրազդանյան-ջրառի» տնօրենը:

Լ. Ազիզյանի խոսքով` վարարումների հոսքը կախված է նաեւ եղանակային պայմաններից: Ըստ նրա` եղել են տարիներ, երբ կուտակվել է մեծ քանակությամբ ձյուն, սակայն վարարումների ընթացքում ջերմային եւ խոնավության պայմաններով պայմանավորված հոսք չի ձեւավորվել, ու ջրամբարները չեն լցվել: Նա նշում է, որ 2003թ.-ին ջրամբարները չեն լցվել:

Սամվել Հովհաննիսյանն ավելացնում է, որ 2008թ.-ը դարձյալ սակավաջուր տարի է եղել: Ջրամբարները չեն լցվել նաեւ 2013-2014 թվականներին:

Անցյալ տարվա սակավաջրության մասին էր խոսել նաեւ «Ջրային տնտեսության  ծրագրերի  իրականացման գրասենյակի» արդեն նախկին տնօրեն Ադիբեկ Ղազարյանը: «Ոռոգման ենթակա ամբողջ հողերը ոռոգելու համար անհրաժեշտ է օգտագործել 1 միլիարդ 130 մլն խմ ջուր: Մենք հիմա ունենք ջրի դեֆիցիտ,  այդ իսկ պատճառով էլ, եթե որոշումը կայացվի՝  Սեւանից 150 մլն լիտր ջուր պետք է վերցվի: Այն ջրամբարները, որոնք սպասարկում են Արարատյան  դաշտավայրը`Ապարանի, Ազատի ջրամբարները  եւ գետերը,  այս տարի սակավաջուր են:  Ապարանի ջրամբարը մոտ 75 մլն  խմ ջուր  ավելի պակաս է հավաքել, քան սովորական տարիներին, իսկ Ազատի ջրամբարը` 10-12 մլն  խմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր Ադիբեկ Ղազարյանը:

Սակավաջրության խնդիրը լրատվամիջոցներում բուռն քննարկման թեմա է դառնում այն ժամանակ, երբ մոտենում է ոռոգման սեզոնը, եւ Կառավարությունը պետք է դիմի Ազգային ժողովին` Սեւանից պահանջված քանակի ջուր բաց թողնելու հարցով: Այստեղ էլ գործադիրին հակադրվում են բնապահպաններն ու ջրային ոլորտի մասնագետները:

«Խնդիրն այսօր գլոբալ սակավաջրությունն է: Եթե ջրամբարը չի լցվում` այդ ժամանակ ստիպված Սեւանից ենք վերցնում ջուրը, իսկ որպեսզի Սեւանի մակարդակը շատ չիջեցնենք` պոմպով ենք մղում, ուրիշ ելք չունենք: Անցյալ տարի պոմպերով 1 մլրդ խմ ջուր մղեցինք, որպեսզի Սեւանից ջուր չվերցնենք»,- «Հետքին» հայտնել էր Ս. Հովհաննիսյանը:

Տեխնիկական գիտությունների թեկնածու Քնարիկ Հովհաննիսյանի կարծիքով, եթե նախորդ տարիները չորային էին, դա չի նշանակում, որ Սեւանից պետք էր ջուր բաց թողնել: Ըստ Հովհաննիսյանի` ջրամբարների ջուրն այս տարի կբավականացներ մեզ, սակայն խնդիրն այն է, որ դրանք շատ քիչ են լցվել: Ջրաբանն ասում է, որ ոչ թե եղանակից, այլ ջրամբարները սխալ շահագործելու հետեւանք է դա: Որպես գլխավոր պատճառ նշվում է հէկերի ինտենսիվ կառուցումը ջրամբարներից դուրս եկող գետերի վրա, որոնք յուրացնում են գյուղացուն հասանելիք ջուրը:

Լրատվամիջոցները սակավաջրության մասին գրում են ներկայացնելով ոլորտի  պաշտոնյաների տեսակետները, ովքեր սակավաջրությունը դարձյալ հիմնավորում են իրենց թվերով ու փաստերով: Ճիշտ կլիներ, որ «Հիդրոմետ» ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լեւոն Ազիզյանը` «թվերին ու փաստերին» չտիրապետելու մեղադրանքներն ուղղեր ոչ թե լրատվամիջոցներին, այլ «Ջրային տնտեսության պետական կոմիտեին», երբ նրանք սակավաջրության, Սեւանից նախատեսված քանակից ավել ջուր բաց թողնելու անհրաժեշտությունն են հիմնավորում: Եթե, իհարկե, համաձայն չեն նրանց թվերի հետ:

Պրն Ազիզյանի մնացած բացատրությունները, թե կլիմայական ինչպիսի փոփոխության պայմաններում ջրային հոսք չի ձեւավորվում, հազիվ թե կարեւոր լինի լրագրողների եւ ջրօգտագործողների համար, քանի որ երկուսն էլ գործ ունեն վերջնական իրողության հետ` ջրամբարները չեն լցվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter