HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ճաշը ոնց եփել եք, այնպես էլ կերեք»,- բժիշկը հանդիմանել է ծնողներին

Երկիրը զբաղված է շատ կարեւոր խնդրով՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հաշտեցմամբ: Հայաստանը ուրիշ մարտահրավերներ չունի, Հայաստանում հիմա բոլորը քննարկում են մի բան՝ Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը կհաշտվե՞ն, թե՞ կպատերազմեն: Դրանից ի՞նչ կփոխվի սովորական հայաստանցու կյանքում, իհարկե՝ ոչինչ: Դրանից որեւէ բան չի փոխվի նաեւ բժշկի սխալի պատճառով ծանր հիվանդություններ ձեռք բերած 6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի կյանքում:

Երեկ «Հետքը» գրել էր  Հասմիկ Մարտիրոսյանի մասին: Նշագեղձերը հեռացնելու վիրահատության արդյունքում աղջնակը հայտնվել է  ծայրահեղ ծանր վիճակում` ձեռք բերելով գլխուղեղի հիպօքսիկ-իշեմիկ ախտահարում` ցնցումային համախտանիշով: Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում» կատարված վիրահատության ժամանակ նարկոզի գերդոզավորման արդյունքում երեխան 6 օր գտնվել էր կոմայի մեջ, իսկ այդ դեպքից ամիսներ անց Հասմիկի մոտ նկատվում է տարօրինակ վարվելակերպ, հիշողության հետ կապված խնդիրներ: Ձախակողմյան թուլության հետեւանքով ծռվել է երեխայի ոտքը. հատուկ կոշիկներով փորձում են ուղղել այն: 6-ամյա փոքրիկը դեռեւս բուժումներ, դեղեր ու վերականգնողական կուրսեր է ստանում:

Մեր հրապարակումից հետո Հասմիկի վիրահատության անեսթեզիոլոգ (ով շարունակում է աշխատել հիվանդանոցում) Աշիկ Դալիբալդյանը իր մոտ է հրավիրել երեխայի մորը եւ հանդիմանել, թե ինչու են բողոքել. «Ասաց` էդ ճաշը ոնց որ եփել եք, գնացեք ինքներդ էլ կերեք, ինձ հետ ընդհանրապես առնչություն չունենաք: Թե բա` երեխան հիմա շատ էլ լավ է, ինչի՞ եք բողոքել: Բժշկի կինն էլ ասաց, որ ամուսնու իրավունքները պիտի պաշտպանի, ասաց, թե դուք մարդկային լեզուն չհասկացաք, ում գնացել-բողոքել եք, իրենց էլ դիմեք: Ինքն ի նկատի ունի, որ լավություն են արել, երեխայի դեղերն առել են, մենք լավությունը չենք հասկացել: Ինքը զանգել, Երեւանում խոսել էր, որ երեխային տանեի վերականգնողական կուրսերի, հիմա որ հրաժարվեց դեղ առնելուց ու էդ կուրսերից, ես չգիտեմ` ինչ պիտի անեմ»,- ասում է Հասմիկի մայրը` Լիաննա Ռաֆայելյանը:    

Անեսթեզիոլոգ Աշիկ Դալիբալդյանը
Վիրահատող բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան Երանուհի Վարագյանը

Հիշեցնենք, որ «Հետքը» կապվել էր վիրահատության ընթացքում Հասմիկին նարկոզ տված բժշկի` անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Աշիկ Դալիբալդյանի հետ: Դալիբալդյանը նշել էր, որ հեռախոսով ոչ մի մեկնաբանություն չի տա. «Էդ ոնց է պատահել, որ մենք երեխային վիրահատությունից 3 ամիս հետո առողջ-առողջ տարել, իրենց տունն ենք դրել, հանկարծ ինչ-որ բան է պատահում որեւէ մեկի հետ…»,- ասել էր անեսթեզիոլոգ Աշիկ Դալիբալդյանը:

Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի» քիթ-կոկորդ-ականջաբան, վիրահատող բժիշկ Երանուհի Վարագյանը «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ ինքը որեւէ կապ չունի: «Դուք այդ ձեր հարցի պարզաբանումը երեխայի նարկոզի բժշկից պիտի իմանաք, որովհետեւ նարկոզի ժամանակ ապարատն է դադար տվել, ապարատը փչացել է, վնասել է: Դա քիթ-կոկորդի բժշկի ֆունկցիան չէ: Ես խիստ զարմացա, որ դուք ինձ զանգել եք, քանի որ իմ վիրահատության արդյունքում մի կաթիլ արյուն չի եղել: Այդտեղ միակ խնդիրը նարկոզի ապարատի անսարքությունն է եղել»,- ասել էր վիրահատող բժիշկ Երանուհի Վարագյանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածը սահմանում է` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:

Առողջապահության նախարարությունն ու ոստիկանությունը չեն արձագանքում նշագեղձերի վիրահատության արդյունքում ծանր հիվանդություններ ձեռք բերած այս երեխայի պատմությանը, փոխարենը բժիշկը ոչ միայն շարունակում է աշխատել այդ հիվանդանոցում, այլ նաեւ հանդիմանում է իր արարքը բողոքարկելու համար:

Հասմիկի հայրը Ռուսաստանում է, չի կարողանում բավականաչափ գումար աշխատել երեխայի բուժման ծախսերը հոգալու համար: Ընտանիքը երբեմն ճանապարհածախսի գումար չի ունենում` փոքրիկին հիվանդանոց հասցնելու: Անեսթեզիոլոգ Աշիկ Դալիբալդյանը խոստացել էր գնել երեխայի դեղերը, սակայն մեր հրապարակումից հետո հրաժարվում է որեւէ բան անել:

Քանի որ մեր երկրի գերատեսչությունները չեն տեսնում բժիշկների գործողության հետեւանքով նման իրավիճակում հայտնված Հասմիկ Մարտիրոսյանին, «Հետքը» խնդրում է ընթերցողներին միասին հոգալ երեխայի բուժման եւ վերականգնողական կուրսերի ծախսը:

Հասմիկի ընտանիքի անդամները հաշվեհամար չունեն, նրան օգնելու համար զանգահարեք «Հետքի» խմբագրություն (+374) 10563363 կամ (+374) 55020780 համարով:        

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter