Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ախթալայի հանքագործները բողոքում են ղեկավարության գործելաոճից



Արդեն հինգերորդ օրն է՝ թվով 150 աշխատողներ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրինությունից պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը և կյանքի համար վտանգավոր աշխատատեղերում ապահովել աշխատանքային անվտանգությունը:

Այս պահանջների համար ԼՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարտուն Հակոբյանի հրամանով փետրվարի 17-ից աշխատանքից հեռացվել են կոմբինատի ջարդման արտադրամասի ջարդման տեղամասի պետ Աշոտ Բեժանյանը, ավագ ջարդող Աշոտ Բեկթաշյանը, ջարդողներ Էդուարդ Ջամալյանն ու Վահրամ Փարսադանյանը, հարստացուցիչ ֆաբրիկայի զտիչավար Սասուն Վարդումյանը, Շամլուղի ստորգետնյա հանքի ավագ հորատանցողներ Ալեքսանդր Մարկինը, Վրեժ Սահակյանը, Արթուր Մաթոսյանը, Գևորգ Ավետյանը, Վարուժան Բաբայանը, հանքագործ Արտակ Պետրոսյանը, էլեկտրափականագործներ Շահեն Սահակյանն ու Միքայել Շախկյանը (առաջին լուսանկարում):

Աշխատանքից հեռացնելու հրամաններում ԼՀԿ-ի գլխավոր տնօրենը տվել է զավեշտալի հիմնավորում. «Ես հրամանում գրել եմ ազատել աշխատանքի չներկայանալու պատճառով: Իրենք աշխատանքի չեն եղել, մեր կոմբինատն էլ կանգնեցրել են 8 ժամ, որի պատճառով կոմբինատի վնասը կազմում է 15-20 մլն դրամ: Ես վնասը չեմ ուզում, բայց իրենց աշխատանքից ազատում եմ: Գիտեք ինչ, ամեն պատահական մարդ, որ կոմբինատ կանգնեցնի, էդ դառնալու է անարխիա»,- ասում է Մարտուն Հակոբյանը:

«Երեք ամիս առաջ մեր բոլորի աշխատավարձը իջեցվել է: Կոնկրետ իմ աշխատավարձը 100 հազարից 75 հազար դրամ է դարձել: Պայմանավորվածություն է եղել, որ պլանը կատարելու դեպքում տնօրինությունը մեզ կվճարի պարգևատրում, որի միջոցով էլ կպահպանվի մեր նախկին աշխատավարձի չափը: Պլանը, մի բան էլ ավել կատարվել է, սակայն ընկերությունը խախտել է պայմանավորվածությունը և աշխատողներին դադարել է վճարել պարգևատրումները»,- բացատրեց հարստացուցիչ ֆաբրիկայի զտիչավար, Ախթալա համայնքի ավագանու անդամ Սասուն Վարդումյանը:

Ֆաբրիկայի ջարդման արտադրամասի աշխատակից Կարեն Դարչինյանի ասելով` մինչ միջազգային շուկայում պղնձի գների անկումը արտադրամասում աղացել են 28 հազար տոննա հանքաքար. «Հիմա աղում ենք 64 հազար տոննա: Մեզ ասել են՝ եթե այդքան պլանը կատարենք, կստանանք աշխատավարձի 25 տոկոսի չափով պարգևատրում: Բայց 28 հազարն ուր, 64 հազարն ուր, կրկնակիից ավելի բարձրացել է արտադրանքի ծավալը, ուրեմն պետք է մեր աշխատավարձն էլ կրկնակի բարձրանա, և 100 հազար դրամի փոխարեն պետք է սահմանվի 200 հազար դրամ աշխատավարձ: Մարդը որքան էլ կիրթ չլինի, էդ տարբերությունը հասկանում է»:

«Մենք բոլորս նույն պահանջն ենք դնում, բարձրացնել մեր աշխատավարձն ու բարելավել մեր աշխատանքային պայմանները: Մենք ցանկացել ենք անձամբ գլխավոր տնօրենի հետ հանդիպել և նրա հետ խոսել այդ մասին: Խնդրել ենք՝ ինքը գա աշխատատեղերում մեզ հետ հանդիպի, սակայն նա չի ցանկացել գալ: Ընդունել է 4 հոգու և հայտնել է, որ պարգևատրումներ այլևս չեն լինելու, և մենք էլ ֆաբրիկայի արտադրանքի ծավալները մեծացնելու պայմաններում նորից ստանալու ենք 100 հազար դրամ աշխատավարձ: Մինչև պղնձի գների անկումը մեր աշխատավարձը կազմել է 105-110 հազար դրամ: Երբ պարգևատրում են տալիս, այդ դեպքում 140 հազար դրամ աշխտավարձ էինք ստանում»,- ասաց ջարդման արտադրամասի ջարդող Վահրամ Փարսադանյանը:

«Հարցն այն է, որ 25 տոկոս պարգևավճարից պահումներ անելու իրավունք չունեն, սակայն դրանք գումարում են աշխատավարձին և մեր պահումները ավելացնում»,- դժգոհեց ստորգետնյա հանքի էլեկտրափականագործ Միքայել Շախկյանը: «Ջարդման արտադրամասում անվտանգության պահպանման ոչ մի պահանջ չի կատարվում: Ոչ վինտիլյացիա, ոչ մի բան չկա, ամբողջ սարքավորումները ջարդված վիճակում են: Մեկ մետրի վրա աշխատողները միմյանց չեն տեսնում: Թե այդ փոշու մեջ ոնց ենք աշխատում, մենք չենք պատկերացնում»,- դժգոհեց արտադրամասի հերթափոխի պետ Աշոտ Բեժանյանը:

Մարտուն Հակոբյանը մեզ հետ զրույցում համաձայնեց, որ ֆաբրիկայի ջարդման արտադրամասում աշխատանքային պայմանները ծայրահեղ վատ են, սակայն հավելեց. «Ծանր պայմաններից դժգոհում են, թող դուրս գան, գնան ուրիշ տեղ աշխատեն: Բա ես ինչ անեմ»: Վերջինիս հիշեցրի աշխատատեղերում աշխատանքային անվտանգության ապահովման գործատուի պարտականությունների մասին: «Այս հնարավորություններով ո՞նց կարող ես աշխատանքային պայմաններ բարելավել: Կամ պետք է մարդիկ սոված մնան, կամ էլ այդ պայմաններում աշխատեն: Դուք այդպես չե՞ք գտնում»,- հարցրեց գլխավոր տնօրենը: «Ես գտնում եմ, որ չի կարելի աշխատողներին շահագործել»,- պատասխանեցի նրան: «Մենք չենք շահագործում, ընդհակառակը իրենց օգնում ենք, որպեսզի կարողանան ապրել»,- ասաց Մ. Հակոբյանը:

Վերջինիս ասելով՝ ԼՀԿ-ի աշխատողները իրավունք չունեն բողոքելու իրենց աշխատավարձից. «Հունվարին իրենք լավ աշխատանք են կատարել, մենք վճարել ենք 38 տոկոս պարգևավճար, որը կազմել 216 մլն դրամ: Ընդհանուր մեր հասույթը 510 մլն դրամ է, որից 216 մլն դրամը կազմել է աշխատավարձը, որը կազմում է մեր արտադրանքի արժեքի 45 տոկոսը: Այսինքն՝ մեր բոլոր ծախսերը պետք է կրճատենք աշխատավարձի համար: Այս դեպքում մենք մեր ձեռքերը կկապենք: Մենք չենք կարող ընկերության գործունեությունն ապահովել: Հետո մենք եկանք այն եզրակացության, որ այդպես չի կարելի: Այս մի ամիսը որ իրենք չեն կատարել պլանը, իրենք չեն ստացել պարգևավճար, ստացել են միայն պայմանագրով սահմանված աշխատավարձը»:

Մարտուն Հակոբյանը նաև ասաց, որ միջազգային շուկայում պղնձի գների անկման հետ ԼՀԿ-ի արտադրության ծավալները շարունակելու են աճել` առանց բանվորների սահմանված պարգևավճարների և աշխատավարձի բարձրացման:

Այսօր առավոտյան ԼՀԿ-ի վարչական շենքի տարածքում հավաքված աշխատողներին Մարտուն Հակոբյանը հայտնել է, թե անդրդվելի է և աշխատանքում չի վերականգնելու աշխատանքից հեռացված 13 աշխատողներին: «Դիմեք դատարան: Թե կարող եք դատարանով աշխատանքի վերականգնվեք»,- ասել է գլխավոր տնօրենը: Մարտուն Հակոբյանը մերժել է նաև 13 ախթալեցիներին իրենց աշխատանքում վերականգնելու մասին Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի միջնորդությունը: Այսուհանդերձ, ԼՀԿ-ի 150-ից ավելի աշխատողներ վճռական են:

Այսօր առավոտյան ժամը 9-ից նրանք հավաքված էին ԼՀԿ-ի վարչական տարածքում: Հանքագործները պահանջում են աշխատանքում վերականգնել ապօրինի ազատված 13 աշխատողներին, բարձրացնել իրենց աշխատավարձը և կյանքի համար վտանգավոր աշխատատեղերում ապահովել իրենց կյանքի անվտանգությունը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ