HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղիկների բիզնես՝ նախագահի աշխատակազմի մասնակցությամբ

Վերջին երկու տարիներին կտրուկ աճել են ծաղիկների արտահանման ծավալները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ «Հետքին» տրամադրած տվյալների համաձայն՝ 2013 և 2014թթ. ծաղկեփնջի, ծաղիկների, կոկոնների եւ դեկորատիվ կանաչի արտահանման ծավալները գերազանցել են 300 տոննան: Արտահանման արժեքը կազմել է շուրջ 2 մլն դոլար:

ՀՀ ֆինանսների նախարարության՝ «Հետքին» տրամադրած ցանկի համաձայն` ծաղիկների արտահանման բիզնեսում դերակատարություն ունի «Էկոտոմատո» ՓԲԸ-ն, որը ստեղծվեց 2011թ. Կոտայքի մարզի Գողթ գյուղում: Ընկերությունում մասնաբաժին ունի ՀՀ նախագահի խորհրդական Արամ Ղարիբյանը: Գողթում կառուցած նրա ջերմոցներում աճեցնում են հոլանդական վարդեր:

Ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ և դեկորատիվ կանաչ արտահանվում է հիմնականում Ռուսաստան և Վրաստան, վերջին երեք տարիներին` նաև Բելառուս (տես գրաֆիկը): 


Արտահաման ծավալների աճին զուգահեռ՝ վերջին երկու տարիներին նվազել են ներմուծման ծավալները: Եթե 2011 և 2012 թվականներին ներմուծվում էր ավելի քան 73 տոննա ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ եւ դեկորատիվ կանաչ, ապա 2013 և 2014 թվականներին 60 և 57 տոննա համապատասխանաբար: Ստորև գրաֆիկներում ներկայացրել ենք 2007թվականից Հայաստանից արտահանված և Հայաստան ներմուծված ծաղկեփնջի ծաղիկների, կոկոնների և դեկորատիվ կանաչի ծավալների մասին տվյալները: 

Ծաղկեփնջի, ծաղիկների, կոկոնների և դեկորատիվ կանաչի արտահանման ծավալները (տոննա) Ծաղկեփնջի, ծաղիկների, կոկոնների և դեկորատիվ կանաչի ներմուծման ծավալները (տոննա)

Ֆինանսների նախարարության ցանկում ներմուծող կազմակերպություններից է «Ավ գրուպ» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը ստեղծվել է 2012 թվականին: Ընկերության սեփականատերը և տնօրենը Գագիկ Վանեցյանն է: Վերջինս ՀՀ նախագահի աշխատակազմի Կադրերի վարչության պետ Մարգարիտ Ազարյանի ամուսինն է:

Մարգարիտ Ազարյանը 2002-2011թթ. եղել է Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ, 2011-ի հունվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի Կադրերի վարչության պետ: 

Ծաղիկներ ներմուծողների ցուցակում է նաև 2014-ին հիմնադրված «Էլ ընդ էլ» ՍՊԸ-ն: Այս ընկերության հիմնադիրներից է Լարինա Բիչախչյանը՝ «Ամերիաբանկի» վերապատրաստումների և զարգացման թիմի ղեկավարը: Ծաղիկներ և դեկորատիվ կանաչ ներմուծում է նաև գործարար Չոբանյան եղբայրների հիմնադրած հայտնի «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ-ն: Ծաղիկների բիզնեսում մյուս մասնակիցները անհատներ են:

Ծաղիկներ՝ Էկվադորից

Եթե մինչև 2011թ. մեծածավալ ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և դեկորատիվ կանաչ ներմուծվում էր Նիդեռլանդներից, ապա վերջին երեք տարիներին՝ Էկվադորից: Վերջին երկու տարիներին ծաղիկներ ներմուծվել է նաև Թուրքիայից: Ներմուծումն ըստ երկրների և տարիների՝ ստորև: 

Չնայած տեղական արտադրություն կա, բայց ծաղիկների վաճառքով զբաղվող մանր ձեռնարկատերերը այս տարվա առք ու վաճառքից դժգոհ են: 23 տարի ծաղիկների վաճառքով զբաղվող Սիրանույշ Հակոբյանն արձանագրել է, որ ծաղիկների վաճառքի ծավալներն իր փոքրիկ սրահում նվազել են, ծաղիկներն էլ՝ թանկացել: Տիկին Սիրանույշի հաշվարկներով` ծաղիկները մոտ 20-25 տոկոսով թանկացել են:

«Գնում բիրիքնոցից թանկ առնում ենք, բայց բերում շատ չնչին տարբերությամբ ենք վաճառում, որ հաճախորդներին չկորցնենք: Այս տարի մոտավորապես 2-3 հազար ամեն կապի մեջ թանկ է: Հայաստանում աճեցվող հոլանդական վարդերն անցյալ տարի վերցնում էինք 10 հազար դրամով, այս տարի վերցնում ենք 12 հազարով, այն մյուս կապոցը (ցույց է տալիս մեկ այլ ծաղկեփունջ-հեղ.) վերցնում էինք 7 կամ 8 հազարով, այս տարի՝ 10 հազար»,-ասում է նա:

Տիկին Սիրանույշի սրահը «Ծաղիկների աշխարհ» սրահը

«Ծաղիկների աշխարհ» սրահի դիզայներ, ծաղկավաճառ Վարդիթեր Բաղդասարյանը հիշում է իրենց սրահը` մշտապես լցված ծաղիկներով. տոն օրերին լիքը սրահը դատարկվում էր մինչև առավոտյան ժամը 10-ը, իսկ հիմա օր է լինում՝ հաճախորդ չի մտնում սրահ:

«15 տարվա մեջ ամենավատ տարին այս տարի է,- ասում է Վարդիթեր Բաղդասարյանը,- այս տարի վնասով ենք աշխատում: Սա փչացող ապրանք է, եթե չվաճառվի, պիտի թափենք: Մարդիկ Նոր տարուն հաճույքով ծաղիկներ էին գնում, բայց այս տարի չի եղել նման բան ընդհանրապես: Խանութը պետք է ծփար, հիմա չենք կարողանում ապրանք բերել: Թանկ առնում ենք, էժան վաճառում»:  

Վարդիթեր Բաղդասարյանը պատմում է, որ Գողթի վարդերը Նոր տարվա նախօրեին գնել են կապը (20 հատը) 18 հազար դրամով՝ նախկին 10-12 հազարի փոխարեն: Բայց իրենք իրենց գնորդներին միշտ նույն գնով են վաճառում, որպեսզի չկորցնեն մշտական հաճախորդներին: Մեկ վարդը վաճառել են 800-1000 դրամով, շահույթ չեն ստացել: Ներմուծվող խոլորձի գինը չի փոփոխվում՝ մեկ ճյուղը 12 հազար դրամով են գնում: Հերբերաների մեկ արկղը՝ 30 հատը 7000 դրամ արժե: 

Թե որքանով է դրամի արժեզրկումը ազդել ծաղիկների այս տարվա վաճառքի վրա, ծաղկավաճառները չգիտեն, միայն նշում են, որ ծաղիկների առևտուրը տարեց տարի անկում է ապրում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter