Կիրակի, 23 սեպտեմբերի

Նախկին միլպետի ջանքերը, Քննչական կոմիտեի սխալը և Անդրկովկասյան գորշ արջի անհայտ ճակատագիրը



Արջի «օպերացիան» գլուխ չի գալիս

Ծաղկաձորի «Թփուտներ» ռեստորանային համալիրում պահված Անդրկովկասյան գորշ արջի գործը կասկածելի երանգներ է ստանում:

«Թփուտներ» համալիրի սեփականատիրոջ եղբայրը՝ Մեխակ Եղիազարյանը զանգահարել էր «Հետքի» խմբագրություն և հավաստիացնում էր, որ քրեական գործը կարճվել է: Նա պնդում է, որ իրենք ոչ թե որսացել են արջին, այլ կերակրել և տիրություն են արել: Շուրջ երեք տարի առաջ քոթոթը հայտնվել է իրենց տարածքում և մի քանի օր չի ցանկացել լքել: Արջի համար փոքր վանդակ են սարքել, մեծանալուց հետո՝ ավելի մեծը: Եվ այդպես արդեն 3 տարուց ավելի է՝ Անդրկովկասյան գորշ արջն իրենց տարածքում է ապրում:

«Մենք արջին չենք բռնել: Էդ փոքր արջը թե ինչ կարգի էր ու ոնց էր եկել հասել մեր օբյեկտի տարածք, մի պահ շները նենց էին վրա տալիս, որ մենք 2-3 օր մեր շներին պահեցինք, որ էդ քոթոթը հետ գնա: Բայց տեղ չէր գնում, ինքն էլ նենց վատ վիճակի մեջ էր, կլիներ մի 3-4 կիլո: Սկսեցինք կերակրել, էլ չէր ուզում օբյեկտի տարածքից հեռու գնալ»,-ասում է Մեխակ Եղիազարյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրի իր վանդակից դուրս էր եկել և փախել անտառ: Պարզվել էր, որ «Թփուտներ» համալիրի տերը Կարմիր գրքում գրանցված Անդրկովկասյան արջին ապօրինի է պահել՝ չի ունեցել համապատասխան թույլտվություն: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետով՝ ապօրինի որս: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Հունվարի 30-ին քրեական գործն ուղարկվել է դատարան»: 

Մեխակ Եղիազարյանն ասաց, որ դատարանը լրիվ լսումներն արել է, և գործը կասեցրել: Արդեն գործով վճիռը կայացվել է: Թե երբ է եղել վերջին նիստը, ասաց՝ դրա մասին ավելի մանրամասն իր եղբայրը գիտե, նա է մասնակցել: Ռեստորանը իրենց ընտանիքին է պատկանում, որի տնօրենը եղբայրն է՝ Վարդան Եղիազարյանը: Քիչ անց զանգահարեց նաև Վարդան Եղիազարյանը: Նա էլ մեզ հետ զրույցում գործի մասին եղբոր հաղորդածից տարբերվող տեղեկատվություն հայտնեց. քրեական գործը կարճվել է Կոտայքի մարզի քննչականում, այսինքն՝ դատարանում չի քննվել: Թե ինչպես է դատարան ուղարկված գործը կարճվել, դժվարացավ բացատրել, միայն հիմնավորում էր, որ իրենք արջին չեն որսացել և դրա վերաբերյալ որևէ ապացույց գործում չկա:

 «Գործն ուղարկել են դատարան, դատարանը հիմք չընդունելով, որ դա քրեական գործ չի կարա լինի, հետ է ուղարկել, որովհետև պահանջը դատարանին չի բավարարում: Դատավորը հոմ ամեն մի գործ չի վերցնի: Նրանք ապացուցե՞լ են, որ մենք որս ենք արել, բնությանը ինչ-որ վնաս ենք տվել, նաբարոտ, մենք օգնել ենք»,-հիմնավորեց Վարդան Եղիազարյանը:

Իրավիճակի պարզաբանման համար ևս մեկ անգամ դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե՝ հիշեցնելով իրենց նախորդ պատասխանը:

«Իրապես քրեական գործով նախաքննությունն ավարտված է եղել և հունվարի 30-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար։ Նշված օրը վարույթն իրականացնող մարմինը թյուրիմացաբար կարծել է, որ քրեական գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել դատարան: Մինչդեռ գործը դատախազին ուղարկելուց տասն օր հետո, (Ձեզ գրավոր պատասխանելուց մեկ շաբաթ հետո), քննիչը տեղեկացվել է, որ դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը և չի ուղարկել դատարան։ Քրեական գործը փետրվարի 11-ին հետ է ուղարկվել վարույթն իրականացնող մարմնին, եւ ներկայումս նախաքննությունը շարունակվում է։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը սխալ տեղեկատվություն տրամադրելու համար»,- հետևյալ պարզաբանումը ստացանք այսօր։

Երեք տարբեր աղբյուրներից նույն գործի վերաբերյալ տարբեր պատասխանները տարօրինակ չէին լինի և դժվար կլիներ բացատրել, եթե Վարդան Եղիազարյանը Ծաղկաձորի նախկին միլպետը չլիներ և համակարգում աշխատող ընկերներ չունենար: Վարդան Եղիազարյանը Ծաղկաձորի բաժանմունքի ոստիկանապետի պաշտոնակատար է եղել մինչև 1997թթ.: Այդ մասին մեզ հետ զրույցում հենց ինքը շեշտեց:

Ըստ ամենայնի, Վարդան Եղիազարյանը փորձում է օգտագործել իր կապերը՝ գործը գլուխ բերելու համար, սակայն վերջնական արդյունքի դեռևս չի հասել:

Մեր հարցադրմանը, թե ինչպես է հանգուցալուծվել արջին առանց համապատասխան մարմինների թույլտվության պահելու հանգամանքը, Մեխակ Եղիազարյանը պատասխանեց, որ իսկապես արջին պահելու թույլտվություն չեն ունեցել և դա իրենց բացթողումն է եղել, որի մասին, սակայն, իրենք չեն իմացել: «Թերացումը երևի մեր կողմից է եղել, բայց կարող եմ ասել, որ բժիշկ ունենք, որ գալիս է մազաթափության համար, ոսկորների պինդ լինելու համար դեղեր է բերում, սրսկում ենք, ամեն ինչն անում է: Արդեն ոնց որ ընտանի կենդանի դարձած լինի»,-ասում է Մ. Եղիազարյանը:

Մեխակ Եղիազարյանի պատմելով՝ այդ օրը, երբ արջը փախել էր, տղաներն առավոտյան  լողացրել էին նրան, վանդակի դռանը իրենք նույնիսկ կողպեք չեն դնում, որովհետև արջը խելոք ու մարդամոտ է, փոքր մետաղալարով կապել էին վանդակի դուռը, արջը խաղացել, խաղացել ու դուրս է եկել կեսօրից հետո՝ ժամը 16:00-ի կողմերը: «Մեզ արջ խաղացրեց էդ կենդանին, ուրախացել էր, վազվզում էր, ֆռում գալիս էր, բայց վանդակ չէր մտնում: Մենք  ինչի զանգեցինք փրկարար տղերքին, ուղղակի մտածելով, որ մարդիկ կարող է անցնեն, հանգստյան գոտի է, արջը որ մարդ տեսներ, ոչ թե պիտի գնար վնասելու, պիտի վազեր դեպի մարդը խաղալու համար, անծանոթ մարդ է, կարող է վախենար»,-ասում է Մ.Եղիազարյանը:

Մ.Եղիազարյանը խոստովանում է, որ անցյալ տարվա ամռանը մի երկու ժամով բաց է թողել արջին: Կենդանին, սակայն, դուրսն այլևս չի կարող ապրել, որովհետև սովորել է, որ իրեն պետք է կերակրեն, որս չի կարող անել, չեփված ուտելիք չի ուտում, փոքրուց սովոր է ճաշերով կերակրվելուն:

Եղբայրը՝ Վարդան Եղիազարյանը առանց փաստաթղթի, այսինքն՝ արջին ապօրինի պահելու հանգամանքը նույնպես ժխտում է. «Բոլոր համապատասխան մարմինները գիտեն, որ օբյեկտներում լինում են կենդանիներ, ինչո՞ւ իրենք չեն ճանապարհը ցույց տալիս, ինչո՞ւ իրենք չեն ասում, որ հնարավորություն կա օրինականացնելու, քանի գործը չի հասնում էս բանին, չեն ասում, որ պետք է օրինականացնել չէ՞: Ես նախկինում եղել եմ Ծաղկաձորի միլպետը, ես օրենքի պաշտպան մարդ եմ եղել, նույն բանը էն ժամանակ էլ կար, և մենք գրանցում էինք օբյեկտները, որտեղ կենդանիներ կար, ստիպում ու պահանջում էինք, որ գնան որսորդմիությունում գրանցվեին: Հիմիկվա շրջանում չկար մեկը, որ ասեր՝ գիտեք դուք ապօրինի եք պահում, կամ իրավունք չունեք պահելու: Բազմիցս մեր մոտ եղել են, նստել են, հաց էլ են կերել և բնապահպաններ, և որսորդմիության անդամները, և երկրի բարձրաստիճան մարդկանցից էլ, կարող էին, չէ՞, ասել, որ այսօր մենք պարտավորություն ունենք կենդանիներին գրանցելու, դա անօրեն չի կարող լինել»:

Վարդան Եղիազարյանը պնդում է, որ կենդանին միշտ էլ դրսում է եղել, շատ խելոք կենդանի է, և «նենց չի, որ ինքը փախել էր» այդ օրը. «Մենք իրեն ուզում էինք բերեինք, էտի պրոստո չգիտեմ ոնց կատարվավ, որ ձայն բարձրացավ: Էնքան որ միլպետն իմ ընկերն էր, խնդրեցի ինչ-որ միջոց ձեռնարկել ինչ-որ մեկին չվնասի կամ իր հետ ինչ-որ բան չկատարվի, ու դա մեր գլխին մի կաթիլ մեղրը դարձավ»:

«Թփուտներ» համալիրի սեփականատերը բնապահպանության նախարարությանն արդեն դիմում է գրել և խնդրել է թույլ տալ արջին պահել իրենց համալիրում և օրինականացնել դա փաստաթղթերով: Սպասում է նախարարության պատասխանին:

Ռեստորանի տերը նաև պատմեց, որ ևս մեկ արջ է ապրում իրենց տարածքի ժայռերի մեջ: Նրան նույնպես մշտապես կերակրում են, և «ի՞նչ մեղք ունեն, որ անտառային գոտում են և արջերը գալիս են իրենց տարածք»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ