HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են 15 տարով ազատազրկել Սերոբ Տեր-Պողոսյանին

Վանաձորում ընթացող դատական նիստում երեկ մեղադրող կողմը դատարանից պահանջեց  Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել ազատազրկման` 15 տարի ժամկետով: «Սա այն մաքսիմում ժամկետն էր, որ օրենսդիրը կարող էր նախատեսել: Դրանից ավելի պատիժ հնարավոր չէր»,- ասաց գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանը:

Դատական նիստից հետո նա տեղեկացրեց, որ մեղադրող կողմը մեղադրական ճառում վերլուծեց բոլոր այն գործողությունները, որոնք իրականացրել էր Սերոբ Տեր-Պողոսյանը, բոլոր ապացույցները, որոնցով հիմնավորվեց առաջադրված մեղադրանքը, և համարեց, որ հանրության համար նրա արարքի վտանգավորության աստիճանը առավել քան բարձր է, և որ անչափահասների և մանկահասակների նկատմամբ նրա կատարած արարքները քրեաիրավական առումով համարվում են առանձնապես ծանր հանցագործություններ:

Միևնույն ժամանակ Հ.Սարգսյանը նշեց, որ ՀՀ դատական պրակտիկայում, համենայնդեպս, այսպիսի քրեական գործ դեռևս չի եղել: Քրեական պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտարկվել տուժողների մեծ թիվը, հաշվի է առնվել, որ տուժողները ապագա 10 զինվորներ են, հաշվի է առնվել հասարակության վերաբերմունքն այդ տեսակի ոտնձգության ենթարկված անձանց նկատմամբ: «Եվ հետևաբար, մենք գտանք, որ քրեական պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ չկան՝ չնայած նրան, որ ներկայացվեցին Տեր-Պողոսյանի բազմաթիվ պատվոգրերը և շնորհակալագրերը»,- ասաց Հովսեփ Սարգսյանը:

Նա նպատակահարմար չհամարեց լրագրողներին հայտնել, թե պատանիների և երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար Տեր-Պողոսյանին որ մարմիններն են պարգևատրել շնորհակալագրով: Սակայն հայտնեց, որ մեղադրող կողմը համարել է, որ դա ոչ թե քրեական պատասխանատվությունը մեղմացնող, այլ հակառակը` քրեական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է: «Որովհետև, փաստորեն, Տեր-Պողոսյանը խաբեությամբ է զբաղվել, խաբել է պետությանը, նաև հասարակությանը, նաև մարդկամց, ովքեր հավատացել են իրեն»,- ասաց Հովսեփ Սարգսյանը:

Ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը կարծում է, որ եթե օրենսդրությունը հետագայում փոփոխվի,  պատիժը պետք է ավելի խստացվի: «Պետք է խստացվի ոչ միայն պատժատեսակը, այլև պետք է նախատեսվեն լրացուցիչ պատիժներ տվյալ հանցագործության համար: Մենք գտնում ենք, որ սա այն դեպքն է, որի համար պետք է մաքսիմում պատիժ սահմանվի»,- ասաց նա:

Արամ Ամիրզադյանն անդրադարձավ Տեր-Պողոսյանի ցուցմունքներում տեղ գտած հերքումներին: «Պատռվեց մի դիմակ, որի տակ թաքնված էր այն մարդը, ում համար մենք միջնորդեցինք 15 տարվա ազատազրկում, այսինքն` մի անձնավորություն, ով փշրեց առնվազն 10 մարդու կյանք»,- ասաց մեղադրողը, ով շնորհակալություն հայտնեց մամուլին տուժողների անունները չհրապարակելու համար, որը ուղղակի հնարավորություն է տվել, որ այդ երեխաները ճնշված չզգան:

Արամ Ամիրզադյանը նաև լրագրողներին հայտնեց, որ այս քրեական գործով ձեռք բերված ապացույցները առաջին հերթին նախաքննական մարմնի կատարած գործողություններն են: «Նախաքննական մարմինն էր, որ կարողացավ ողջ գործը բացահայտել, և իզուր չէ, որ այսօր մեր ճառում մենք օգտագործեցինք այդ բոլոր հանգամանքները: Մենք մեր խոսքում ասել ենք, որ այն 140 հոդվածով առաջադրված մեղադրանքը հենց նախաքննության արդյունքում է վերափոխվել, և նոր մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածով, որովհետև ապացույցների ճնշման տակ է դա կատարվել»,- ասաց Ա.Ամիրզադյանը:

Ապացույցների վերծանման համար, Արամ Ամիզադյանի կարծիքով, պետք է շնորհակալություն հայտնել «Փորձագիտական կենտրոնին»` Արտաշես Ջավադյանի գլխավորությամբ, ով մասնագիտական ծանր աշխատանք է կատարել, և դրա արդյունքում է բացահայտվել հանցագործությունը: «Գնդակը հիմա դատարանի դաշտում է,- ասաց Հովսեփ Սարգսյանը և հավելեց:- Դատարանը պետք է գնահատի: Մենք համոզված ենք, որ մենք ճիշտ և սկզբունքային դիրքորոշում ենք ունեցել»:

«Մենք դատարանին ներկայացրել ենք 60 և ավելի ապացույցներ»,- ասաց Արամ Ամիրզադյանը: «Դրանք տեսանյութերն են, դատաիրավական փաստաթղթերն են, քննչական գործողությունների արձանագրություններն են, տուժողների ու վկաների ցուցմունքները և այլն»,- հավելեց Հովսեփ Սարգսյանը:

«Սերոբ Տեր-Պողոսյանը Ամերիկայի քաղաքացի է, իսկ Ամերիկայի քրեական օրենսգիրքը ընդունում է հետևյալ դրույթը: Եթե անձը համագործակցում է իրավապահ մարմնի հետ, ապա ստանում է առավել մեղմ պատիժ, բայց Տեր-Պողոսյանը չհամագործակցեց իրավապահ մարմինների հետ, չփորձեց մեղա գալ իր կատարած արարքի համար և արտահայտեց հետևյալը, որ անչափահասներն էին ձգտում իր հետ սեռական հարաբերության: Նա ջանում էր Ախթալայի հասարակությանը ներկայացնել որպես փչացած հասարակություն, բայց ստիպված եմ ասում` ինքը անմեղ էր, 70 տարեկան մարդը չգիտեր՝ ինչ է անում»,- ասաց Հովսեփ Սարգսյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին:

Մեկնաբանություններ (3)

unnamed
առաջին հերթին պետք ա հենց ծնողներին պատժել, եթե դրանց կարելի ա ծնող անվանել..............պատժել հնարավորինս խիստ...
Ես
Իսկ ինչ պատիժ կառաջակեք այն ծնողների համար, ովքեր գիտակցաբար/նյութական կարիքից դրդված............./ խրախուսել կամ աչք են փակել իրենց երեխաների արարքների վրա????????? Ես կառաջարկեի նույն պատիժը, ինչ որ մեղադրյալին, ոչ ավելի, ոչ պակաս/ինչ վճիռ էլ դատարանը կայացնի:
Mleh
Chapazants meghm patizh en pahanjel ays MICROB-i hamar. Amortsatel, apa kakhel Akhtalayi hraparakum - sa er petq anel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter