HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատասխանատվության ենթարկել քաղաքական դաշտը էքսպերիմենտների տարածք դարձրածներին

«Հետքի» հարցերին պատասխանում է կոնֆլիկտաբան, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Արսեն Խառատյանը

-Արսեն, ի՞նչ եք մտածում ՀՀ ներքաղաքական դաշտում վերջին դեպքերի մասին: Մեր քաղաքացու շահը ո՞րն է այդ ամենից:

-Կարծում եմ, որ վերջին զարգացումները մի շարք իրողություններ արձանագրեցին: Նախ այն, որ Սերժ Սարգսյանի վարչակարգը անհրաժեշտության դեպքում կարող է եւ գործի կդնի պետական հանցագործ ահաբեկչական մեքենան եւ կրիմինալը, բացահայտվեցին Գագիկ Ծառուկյանի, նրա կուսակցության որոշ խոցելի կողմեր եւ գոնե այս պահին քաղաքական պայքարում նրա կարողությունների չափերը, ինչպես նաեւ այն, որ համաժողովրդական շարժում անվանելով` գործընթացը հարուցողները ցանկալին ներկայացնում էին որպես իրողություն: Չեմ կարող ասել, թե այս ամենում մեր քաղաքացու շահը որն էր, բայց թե որը չէր, ինձ համար հստակ է` հերթական ձախողումից հիասթափվելն ու իրավիճակից ելք գտնելու հույսի կորուստը, իմա` գործող վարչակարգից ազատվելու էլ ավելի անհավանական լինելը:

-Ի՞նչ եք կարծում` Գագիկ Ծառուկյանին ուղղված Սերժ Սարգսյանի ելույթն արդյո՞ք խոսում էր իշխանության թուլացման եւ իշխանափոխության հավանական վտանգ տեսնելու մասին: Ինչո՞ւ, ի վերջո, չարիքի դեմ պայքար հայտարարած ԲՀԿ նախագահը նահանջեց:

-Սերժ Սարգսյանի եւ իր կուսակցական սպասարկուների կողմից հնչող տեքստերը շատ հստակ ուղերձներ էին պարունակում` անձնական վիրավորանքից մինչեւ ազգային անվտանգության սպառնալիք: Լյուդովիկոս 14-րդի «պետությունը ես եմ» հայտնի ձեւակերպումը նշանաբան դարձրած այս մարդկանց ասելիքն էր` «օձին իր բնում պետք է սպանել»:

Ուշագրավ է, սակայն, որ հայտարարությունները հնչեցին Ծառուկյանի` Մոսկվա գնալուց անմիջապես հետո, ինչն, ըստ իս, նշանակում է, որ կամ Սերժ Սարգսյանը խնդիր ուներ ցույց տալու, թե տիրապետում է երկրում իրավիճակին եւ դա ապացուցելու համար միջոցների մեջ խտրականություն չի դնելու, կամ նա դա անում էր Մոսկվայից ունեցած հստակ աջակցությամբ եւ հրահանգով: Իսկ արդեն վարչակարգի կողմից առաջին մի քանի կոնկրետ գործողություններից հետո, երբ ակնհայտ դարձավ, թե հնարավոր ինչ կորուստներ կարող են լինել առճակատման պարագայում, ԲՀԿ նախագահը տեղի տվեց:

-Իսկ ի՞նչ կորուստներ կարող էին լինել:

-Նյութական` բիզնես կարողությունից մինչեւ հնարավոր մարդկային` կախված զարգացումների ընթացքից:

-ԲՀԿ նախագահը մի՞թե չէր հաշվարկել դա մինչեւ հայտարարություն անելը:

-Չեմ կարող ասել՝ ի՞նչ էր հաշվարկել Ծառուկանը, համենայնդեպս, նրա հայտարարությունը հենց մարդկային հնարավոր զոհերն էր որպես գործընթացը դադարնելու փաստարկ բերել: Վստահ եմ, որ իր եւ իր կուսակցակիցների` հնարավոր նյութական կորուստներին պատրաստ չլինելը, ինչպես նաեւ անձնական զոհողությունների, ինչպես օրինակ պոտենցյալ քաղբանտարկյալ դառնալուն պատրաստ չլինելը առաջին ճնշման դրսեւորումներն էին, որոնք գոնե այս պահին ի ցույց դրեցին ԲՀԿ կոչվող կառույցի բացասական իմաստով ճկունության մակարդակը՝ առնետավազքի դրսեւորումներով:

-Իսկ ստեղծված ներքաղաքական իրավիճակը մի քանի բառով ինչպե՞ս կձեւակերպեք:

-Արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ վերջին երկու տարիների ընթացքում ընդդիմադիր դիրքերից խոսողների սխալ հաշվարկների արդյունքում ապահովվեց Սերժ Սարգսյանի վարչակարգի գոյությունը, որն ակնհայտորեն աղետալի է մեր երկրի համար, եւ ուրեմն պետք է բացառել դրա կրկնությունը:

-Ձեր կարծիքով` Տեր-Պետրոսյանի` Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակն ապաքաղաքակա՞ն գրություն էր, թե՞ դրա մեջ պետք է տեսնել ներքաղաքական ենթատեքստ: Համաձա՞յն եք այն կարծիքին, որ առաջին նախագահը, այսպես ասած, դավաճանեց ԲՀԿ-ին, որը, միայնակ մնալով, հանձնվեց:

-Նախ` նամակի մասին: Առաջին նախագահի` Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակով Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ ներկայանալու որպես պետական եւ ոչ քաղաքական գործիչ: Ընդ որում, ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եւ արտերկրում բնակվող մեր հայրենակիցների, այլ նաեւ միջազգային հանրության աչքերում` հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կարեւորությունը: Երկու հանգամանք, սակայն, թույլ են տալիս պնդել, որ այս նամակը ոչ այլ ինչ էր, քան էժանագին պոպուլիզմի դրսեւորում, հետեւյալ պատճառներով:

Առաջին. եթե իրապես կառուցողական մղումներով էր արվում իր հնարավոր մասնակցությամբ հանձնաժողովի նոր կառուցվածք կամ նոր հանձնաժողով ձեւավորելու առաջարկը, ապա ինչպե՞ս բացատրել հրապարակումից ընդամենը մի քանի օր առաջ նրա կողմից հրապարակված մեկ այլ քննադատական հոդված, որտեղ նա հրապարակավ հողին է հավասարեցնում «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը»: Եթե Տեր-Պետրոսյանն իրապես նպատակ ուներ կամ ցանկանում էր գործող կամ նոր հանձնաժողովում մասնակցություն ունենալ, ապա հռչակագրի տեքստի փոփոխության առաջարկությամբ կարող էր հանդես գալ հանձնաժողովի ներսում կամ, իր իսկ խոսքերով, խորհրդապահական խողովակների միջոցով:

Երկրորդ. Ցեղասպանության 100-րդ տարելիցը որքան էլ որ խորհրդանշական իմաստ ունի, սակայն Հայաստանի Հանրապետության անվտանգության տեսանկյունից ուղիղ սպառնալիք չի ներկայացնում, 100-ամյակի փաստն ինքնին իրավական ազդեցություն չունի, այն առավելապես քարոզչական ոլորտին է վերաբերում: Եվ ուրեմն, 100-ամյակը առիթ դարձնելով, պետական գործիչ խաղալը պարզունակ անազնվություն է, ինչը, սակայն, Տեր-Պետրոսյանի համանման աճպարարությունների շարքում նորություն չէ: Դե իսկ դրա հրապարակման ժամկետի շուրջ շահարկումներին չեմ էլ ուզում անդրադառնալ, ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններում ազնվության եւ դավաճանության մասին թող իրենք խոսեն:

-ՀԱԿ առաջնորդին ինչո՞ւ էր անհրաժեշտ Ձեր ասած պոպուլիզմի դրսեւորումը:

-Ինչպես նշեցի, մի կողմից` որպես պետական եւ ոչ միայն քաղաքական գործիչ ներկայանալու, մյուս կողմից` Ցեղասպանության 100-ամյակի զգայական եւ քաղաքական կարեւորությունը հաշվի առնելով, իր «կառուցողական» ներկայանալու հանգամանքը բացատրելի դարձնելու նպատակով:

-Առաջիկայում ներքաղաքական կյանքում սպասե՞նք նոր վայրիվերումների, թե՞ քաղաքական դաշտը գնում է դեպի լճացում:

-Դժվար եմ պատկերացնում ներքաղաքական լուրջ վայրիվերումներ մոտ ապագայում: Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ ընդդիմադիր ուժերը եւ անհատները իրենց առջեւ լուրջ խնդիր ունեն. վերջնականապես հստակեցնել վերջին 3 տարիների ընթացքում դաշտը քաղաքական էքսպերիմենտների տարածք դարձրած եւ Հայաստանի քաղաքացուն ցանկալին իրականության տեղ մատուցած ուժերին պատասխանատվության ենթարկելը` ապագայում նման հանցավոր վարքագծից խուսափելու համար:

Իսկ սրանից էլ ավելի կարեւոր է առանց խաբեության քաղաքացուն իշխանափոխության առավել իրատեսական ճանապարհ եւ Հայաստանի զարգացման տեսլական առաջարկելը:

Լուս.` Ա. Խառատյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter