HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեմպիոն չեն ծնվում, չեմպիոն դառնում են

Տաթեւիկ Ղազարյան

Վանաձորցի Արման Ավեյանը բազկամարտի վեցակի չեմպիոն է: Քաղաքում գրեթե բոլորն են ճանաչում 22-ամյա Արմանին: Նրա կյանքը գուցե այլ կերպ դասավորվեր, եթե ժամանակին չլիներ բժշկական սխալը: Բժիշկների սխալ ներարկման հետեւանքով նրա մոտ առաջացել են  ֆիզիկական խնդիրներ՝ ստորին վերջույթների պարալիզ:

«Միշտ ուզում էի մարզասրահներ հաճախել, բայց հաշմանդամությանս հետ կապված ոչ մի մարզակումբում չեմ կարողացել պարապմունքներ սկսել: Հիմնականում բոդիբիլդինգով էի ուզում զբաղվել»,-ասում է Արմանը:

Ի վերջո, ընկերոջ խորհրդով Արմանը սկսել է հաճախել «Ալեքս» մարզական ակումբ:

«Ամեն ինչ պատահական է սկսվել: Ընկերոջս խորհրդով եկա այս մարզակումբ, որպեսզի բարելավեմ առողջությունս: Հետո տեսա բազկամարտով զբաղվող թիմ: Մարզիչիս խնդրեցի, որ ես էլ զբաղվեմ, տեսնեմ` ինչքանով կստացվի: Մտածում էի, որ հաշմանդամությունը կխանգարի, փառք Աստծո` չխանգարեց: Փորձելուց հետո մարզիչս ասեց, որ տվյալներս վատը չեն: 2 ամիս բոդիբիլդինգով զբաղվելուց հետո սկսեցի զբաղվել բազկամարտով»- պատմում է Արմանը:

Ընդամենը եռամսյա մարզումներից հետո Արմանը սկսել է լուրջ արդյունքներ գրանցել: Մասնակցելով բազկամարտի Լոռու մարզի բաց առաջնությանը` գրավել է առաջին հորիզոնականը:

«Միայն էս անգամ է եղել, որ մրցել եմ հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ: Մրցումներն անց էին կացվում նստած, կարճ սեղանների վրա, որովհետեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ էլ կային: Ես էնտեղ չէի գտնում ինձ, չէի կարողանում օգտագործել իմ ուժը, որովհետեւ չգիտեի` նստած ոնց կարող եմ մենամարտել»,-ասում է Արմանը:

Վերջին հաղթանակը գրանցել է 2014 թվականի դեկտեմբերին` մասնակցելով Արմավիրում կազմակերպված բազկամարտի Հայաստանի բաց առաջնությանը:

Այժմ Արմանն ունի վնասվածք եւ միայն վերականգնողական մարզումների է մասնակցում: Նա նշում է, իր կյանքում ամենամեծ նվաճումն այն է, որ ամեն գնով փորձում է առաջ շարժվել, լինել ակտիվ ու չտարբերվել շրջապատից:

Մինչ բազկամարտով զբաղվելը Արմանը սովորել է Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջում, ստացել ոսկերչի որակավորում: Հիմա Արմանն աշխատում է «Էպրիքոտ» ՍՊԸ-ում, որտեղ աշխատում են միայն հաշմանդամություն ունեցող անձինք: Փայտից պատրաստում է հուշանվերներ. «Ամեն ինչ հարմարեցված է մեզ համար եւ չենք դժգոհում: Հաշմանդամություն ունեցող անձի համար աշխատանքը մեծ նվաճում է»:

Արմանը, հաշմանդամություն ունեցող ակտիվ ընկերների հետ միասին Վանաձորում հիմնել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն: Այստեղ նրանք փորձում են հնարավորին չափ վեր հանել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց խնդիրները եւ դրանք լուծել: Կազմակերպությունը որոշել է հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում զարգացնել սպորտը: Ինչպես հանրապետության այլ քաղաքներում, Վանաձորում եւս սահմանափակ կարողությունների տեր անձը հանդիպում է մի շարք դժվարությունների: «Խնդիրների եմ հանդիպում քաղաքում, տրանսպորտում, հասարակական վայրեր այցելելիս: Չունենք քաղաքում մեկ տրանսպորտ, որ հաշմանդամություն ունեցող անձը կարողանա ազատ տեղաշարժվել: Ես էլ դժվարանում եմ, որովհետեւ տնից տեղափոխվել մարզակումբ, մարզվել, աշխատանքի գնալ, այդ ամեն ինչը շատ դժվար է: Ես կոչ կանեմ բոլոր հաշմանդամներին, որ լինեն ակտիվ, փորձեն իրենց ուժերը տարբեր բնագավառներում եւ չմտածեն, որ չեն կարող»,-ասում է Արմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter