HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ես ունեմ հույսի թղթապանակ

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ամեն մեկը՝ մի ճակատագիր, ամեն մեկը՝ մի ողբերգություն

Խցում՝ սեղանի վրա մի թղթապանակ ունեմ: Այն անուն ունի՝ «Հույսի թղթապանակ», որն ինձ առաջ շարժվելու, չնահանջելու հույս է տալիս: Այստեղ հավաքում եմ Ողջերի աշխարհից ինձ ուղարկված նյութեր, լուսանկարներ ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում արդարացման դատավճիռներով ազատություն ստացածների մասին: Եթե արդարացվածների նկարները փակցնեմ խցի պատերին, գուցե մռայլ պատերն ամբողջությամբ ծածկվեն նրանց երջանիկ դեմքերով:

Բոլոր արդարացվածներին ճանաչում եմ դեմքերով, կարծես իմ ընկերները լինեն: Գիտեմ նրանց անունները, նաև այն, թե ով կամ ովքեր են շարունակել հավատալ նրանց` անկախ ամեն ինչից, երբ բոլորն այդ մարդկանց ներկայացրել ու ընկալել են որպես մարդասպանների, հանցագործների: Ովքեր են պայքարել, որ Ազատություն վերադառնան այդ անմեղները: Գիտեմ, թե ով քանի տարի է իսկական հանցագործի փոխարեն կյանքը մաշել բանտերում: Գիտեմ նրանց գործերի մանրամասները, գիտեմ, թե ինչպիսի սուտ ցուցմունքներով են դատապարտվել: Գիտեմ, թե ԴՆԹ փորձաքննությունն ու իրեղեն ապացույցների պահպանումը ինչպես է փրկել նրանց հետագա պատժից:

Պարբերաբար բացում եմ իմ թղթապանակը, վերընթերցում արդեն հարյուր անգամ կարդացածս տողերը, հոդվածները, նայում հատկապես այն լուսանկարները, որտեղ տասնյակ տարիներ շարունակ պատիժ կրած անմեղ մարդիկ դուրս են գալիս Ազատություն: Ուզում եմ պատկերացնել, թե ինչ են զգացել այդ մարդիկ Ազատության առաջին րոպեները վայելելիս, թթվածնի առաջին շունչը քաշելիս: Մտովի պատկերացնում եմ, որ գալու է Օրը, երբ զգալու եմ այն, ինչ զգացել են թղթապանակիցս ինձ հույս ու հավատ տվող դեմքերը:  

Բանտում չկատարած հանցանքների համար պատիժ կրած ու տասնյակ տարիներ անց արդարացված մարդկանց մասին պատմող հրապարակումներով լի իմ թղթապանակը գնալով հաստափոր է դառնում. շուտով հնարավոր է ևս մի այդպիսի թղթապանակի կարիք լինի, քանի որ յուրաքանչյուր տասը օրը մեկ ստանում եմ նոր արդարացվածի մասին տեղեկություն:

ԱԺ-ն դեռ չի ընդունում իրեղեն ապացույցների պահպանման նորմը

Առաջադեմ աշխարհում պետական մարմինները գիտակցել են, որ գիտության զարգացմամբ հնարավոր է նոր փորձաքննությունների կատարման գործիքներ մշակվեն: Եվ այնտեղ պահպանել են այդ ապացույցները: Ու արդեն 20 տարի կարողանում են գենետիկական փորձաքննություններով ճանաչել մարդկանց անմեղությունը:

Իսկ մեզ մոտ ԱԺ-ն դեռ չի ընդունում այն նորմը, որով իրեղեն ապացույցները պետք է պահպանվեն (երկու տարի է ընդգրվել է Քրեական օրենսգրքի նախագծում, սակայն օրենքի ուժ դեռ չի ստացել): 

Դարձյալ «Հետքից» ստացած նյութերում կարդացի, որ 2011թ. քննված սպանության գործով դեպքի վայրից գտնված մազերը փորձագետը առերևույթ նմանեցրել էր մեղադրյալի մազերին: Ու այդ փորձաքննության արդյունքները դրվել էին մեղադրական դատավճռի հիմքում: Փաստորեն, չէր կատարվել գենետիկական փորձաքննություն, որը կհաստատեր կամ կհերքեր այդ մազերը մեղադրյալին պատկանելու փաստը: Իսկ հիմա այդ ապացույցները ոչնչացված են: Բայց միգուցե հիմա անմեղ մարդ է պատիժ կրում բանտում այս գործով:

Եթե չլինի քաղաքական կամք, միշտ էլ հավանական է՝ անմեղը պատժվի, իսկ մեղավորը վայելի ազատությունը

Մամուլի քաղվածքներում կարդացի «Հետքի» հրապարակումը ԴՆԹ փորձաքննությունների մասին: Ուրախ եմ, որ իմ կողմից բարձրացված խնդիրները նկատել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, սակայն դեռ շատ անելիք կա այս ոլորտում: Նախ՝ պետք է օրենքով ամրագրել, որ գենետիկական փորձաքննությունները պետք է պարտադիր պայման լինեն սպանությունների, կյանքի դեմ ուղղված հանցագործությունների քրեական գործերով: Երկրորդ՝ պիտի ստեղծել տվյալների բազա, ինչի համար ևս նախ օրենսդրական հիմք է պետք:

Օգտագործելով բժշկական գիտելիքներս, սովորելով իրավագիտության ֆակուլտետում՝ խորացնում ու խորացնելու եմ հմտություններս մի ոլորտում, որը դեռ չկա մեր երկրում: Խոսքը քրեագիտական գենետիկայի մասին է: Լինելով դատական սխալի զոհ՝ աշխատելու եմ այն գործիքների զարգացման ուղղությամբ, որոնք գրեթե անհնար կդարձնեն անմեղ մարդու դատապարտումը: Գրում եմ՝ «գրեթե անհնար կդարձնեն», քանի որ, միևնույն է, եթե չլինի քաղաքական կամք՝ քրեական հետաքննության մեջ կիրառելու բացառապես օրենքով սահմանված գործիքներ, միշտ էլ հավանական է, որ անմեղը կպատժվի, իսկ մեղավորը կվայելի ազատությունը:   

Իսկ իմ գործով 1996թ., երբ քաղաքակիրթ աշխարհում արդեն գենետիկական փորձաքննություններ էին կատարվում, անգամ մատնահետքաբանական փորձաքննություն չի արվել: Չի կատարվել նաև քննչական փորձարարություն, դատահոգեբանական, առհասարակ համալիր փորձաքննություն չի արվել: Ընդամենը գործի ելքով շահագրգիռ մյուս մեղադրյալի 4 անգամ փոփոխված ցուցմունքը դատավորը դրել է դատավճռի հիմքում ու գործը համարել ավարտված: Հիշեք՝ մարդուն ծանրագույն հանցանքի մեջ մեղադրելու համար հիմնավոր, ծանրակշիռ ապացույցներ են պետք:

Լուսանկարը` Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Նկարում իրավապահների ժպիտը ասում է այն մասին, որ նրանք չեն հավատում թե Մհերը հանցագործ է: Մեծամասնությունս չենք հավատում և գիտենք որ անմեղներին դատող դատավորներն են հանցագործ: Այդ դեպքում ակնհայտ է թե ինչու հանցագործ դատավորները ոչ մի կերպ չեն հայտնվում բանտերում և նրանց փոխարեն մարդու իրավունքների համար ազնիվ պայքարողները ոչ մի դեպքում չեն դառնում դատավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter