HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այդ մասին հենց այս դասին

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

Վերջին օրերին Հայաստանի քաղաքական կյանքում էական տեղաշարժեր արձանագրվեցին: Թվում է, թե ոչիշխանական կոալիցիա կամ տիտղոսային ընդդիմություն ներկայացող քաղաքական ուժերը շրջեցին իրենց անփառունակ վերջին էջը` լիակատար տապալվեցին: Սակայն խորքային առումով տապալվեցին ոչ թե այդ ուժերը, այլ այն քաղաքական մշակույթը, որը վերջին տարիներին պարալիզացնում էր քաղաքական կյանքը Հայաստանում:

Նախ պետք է նկատել, որ կրախի ենթարկվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը: Պարզվեց, որ Ծառուկյանը ոչ մի Իվանիշվիլի էլ չէր, իսկ տեղի ունեցողն էլ բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Ավելին պարզվեց, որ մեր քաղաքական միտքը բռնաբարվել է արդեն մի քանի տարի: Նորօրյա ֆեոդալները` քրեաօլիգարխիան իր ողջ միջնադարյան հմայքով, անվանվել է ազգային բուրժուազիա:

Քաղաքական գործունեություն ծավալող հսկայական մի շերտ հանրությանը չորս տարի համոզում էր, թե օլիգարխները զոհերն են Հայաստանում հաստատված հանցավոր ռեժիմի ու նրանց հետ պետք է գործակցել եւ օգնել, որպեսզի դուրս գան իրենք իրենց դեմ, գցեն իրենց վրայից ճորտատիրոջ ու քիլլերի թիկնոցը, լուսավորյալ մեր դարաշրջանում ազատագրվեն խավարի կապանքներից, տոգորվեն այդ քաղաքական դասի մատուցած ժողովրդավարական արժեքներով եւ երկրում ծավալեն բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Չորս տարի փչվում էր մի փուչիկ եւ հանրությանը նախապատրաստում «իքս» օրվա, երբ «ցորենի հատիկը կլինի մասուրի չափ, իսկ գարու հատիկը՝ ընկույզի» ու դուրս կգա Մհերը Ագռավաքարից: Առյուծակերպ մեր նորօրյա հսկան էլ, իբրեւ էմանացիա իր առասպելական արքետիպի, «իքս» օրվա մասին հարցնելիս, բավական սակրալ բանաձեւ էր կիրառում` «այդ մասին` հաջորդ դասին»:

Ի վերջո հավատացյալ հոտին անապատում ծարավ չորս տարի ման տալուց հետո եկավ «հատուցման» ժամը եւ բարձրաձայնվեց արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների գնալու կուրսը, կամ այլ կերպ ասած` ասվեց, որ թագավորը մերկ է: Ընդամենը երեք օր տեւած «պայքարը» ավարտվեց` առյուծին ձեւելով: Առյուծ ներկայացող լիդերը կատու դարձավ առաջին իսկ հարվածից: Չաշխատեց անգամ կրիմինալի վարքային կոդեքսում ընկած արժանապատվությունը` խոսքը գետնովը չտալու, ասված խոսքի տերը լինելու սկզբունքայնությունը: Կայացավ քրեաօլիգարխիկ ջերմ հանդիպում` սխոդկա, ձեռք բերվեցին կուլիսային պայմանավորվածություններ, բարիշեցին ու ժողովրդին էլ ուղարկեցին տներով:

Սակայն ոչ թե միայն պայթեց Գագիկ Ծառուկյանի փուչիկը, այլ կրախի ենթարկվեց կուսակցական այն քաղաքականությունը, որը քաղաքացու մեջ անհիմն հույսեր էր արթնացնում դեպի այս կամ այն լիդերը: Առավել կոնկրետ` լիակատար կրախի ենթարկվեցին քաղաքական պայքարի կազմակերպման կուսակցական սկզբունքները: Կուլիսներում պայմանավորվելու, հրապարակում մարդկանց հավաքելու, դեմագոգիկ ճառեր ու միտք չարտահայտող ճամառտակություններ ասելու եւ ապա տուն ուղարկելու ժամանակներն ավարտվեցին: Ընդդիմադիր հանրության մոտ սասանվեց այն համոզմունքը, որ կոնկրետ քայլեր չառաջադրող կուսակցական ակտիվությունը` հանրահավաքներ, ցույցեր, երթեր ենթադրող միջոցառումները, ռեժիմի տապալման ճանապարհ են: Առավել մեծ թափով սկսեց պախարակվել կռապաշտությունը: «Հավատացեք մեզ եւ մենք ձեզ կպարգեւենք հաղթանակ», «մեր լիդերը մի բան գիտի», «մեր լիդերը միշտ ճիշտ է դուրս գալիս» եւ այս կարգի մանիպուլացնող հիմնավորումները հիմնավորապես բացահայտեցին իրենց ողջ սնանկությունը:

Տեղի ունեցածը, բացի նրանից, որ աղբարկղ ուղարկեց քաղաքական այդ շուլերությունը եւ դրանց կրողներին, քաղաքական դեմագոգիան եւ դրանք արտահայտողներին, Հայաստանում ակտուալացրեց կարեւոր մի հանգամանք: Ո՞րն է պայքարը: Ինչը՞ կարելի է անվանել պայքար: Արդյո՞ք հանրահավաքը, երթը դրանք պայքարի գործիքներ են: Մարդկային ո՞ր ակտիվությունը կարելի է բնութագրել իրական պայքար ռեժիմի դեմ: Ճանապարհ բացվեց դեպի լայն հանրային քննարկում իրական պայքարի սկզբունքների, գործիքների շուրջ:

Այդ հարցերի պատասխանները պետք է տրվեն քաղաքական մտքի կողմից: Սակայն այնպես չէ, որ այդ մասին չի խոսվել Հայաստանում: Տարիներ շարունակ մանիպուլացնող փուչիկների առկայությունը մարդկանց թույլ չէր տալիս բաց աչքերով նայել առկա խնդիրներին ու տեսնել արդյունավետ ճանապարհները` դրանք լուծելու գործում: Մարդն իր բնույթով մի կողմից դյուրահավատ է, իսկ մյուս կողմից հակված է գնալ հեշտին: Համատարած կրոնական մտածողությունը հանրությանը ստիպում էր հավատալ Ագռավաքարից նորօրյա հերոսի դուրս գալու առասպելին, իսկ օր առաջ իր վրայից խնդիրները գցելու հակվածությունը ստիպում էր գնալ հեշտ, անվտանգ ու անվնաս ճանապարհով: Ինչո՞ւ էներգիա ծախսել, եթե կան կուռքեր ու հերոսներ, ովքեր պայքարում են ռեժիմի դեմ եւ ովքեր վստահեցնում են, որ ընդամենը հանրահավաքի գալով դու արդեն իսկ պայքարում ես ու հենց միայն այդ քայլով որոշվում է ռեժիմի լինել-չլինելիությունը:

Այսօր կրկին պետք է փաստվի, որ հանրահավաքը, միտինգը, երթը պետք է ուղղված լինեն կոնկրետ խնդիր լուծելուն: Բայց Հայաստանում բացի դեմագոգիա արտահայտելուց, այդ միջոցառումներում քաղաքական գործիչներ ներկայացող մարդիկ, ոչ մի այլ խնդիր չեն լուծել: Եթե բողոքի ցուցադրություն են եղել այդ միջոցառումները, ապա պետք էր նախ պատասխանել այն հարցին, թե այդ բողոքը արդյոք ազդում է ռեժիմի վրա: Եթե այդ միջոցառումները կազմակերպվում էին հանրությանը պայքարի տեսլականներ, միտք ու գիտելիք փոխանցելու համար, ապա որքանո՞վ էր այն իր այդ դերը կատարում: Սեփական անձի հանրային փիառը, զանգվածների մեջ անհիմն հույսեր արթնացնելու, սրտները «տաքացնելու» ու ապա տուն ուղարկելու գործընթացը պայքար չէ, այլ շուլերություն: Այդ նպատակով արվող հանրահավաքներն ու երթերն էլ այլեւս դառնում են ոչ թե պայքարի, այլ` մարդկանց գործ նախաձեռնելու ունակությունը եւ ցանկությունը ոչնչացնելու գործիքներ:

Այսուհետ քաղաքական պայքարի ընդամենը մի չափանիշ պետք է գործի` քաղաքական գործունեության արդյունավետությունը: Կա՞ արդյունք ցուցաբերած ակտիվության մեջ, ուրեմն կա նաեւ քաղաքական պայքար: Եկել է ներքաղաքական կյանքում բարոյական հաղթանակների վերջը տալու ժամանակը: Եթե այստեղ եւս մնալու ենք բարոյական հաղթանակների հույսին, ապա արտաքին թշնամու դեմ նույնն է լինելու ապագայում: Հայ զինվորի կուռ շարքերը սկսվում են հանրության մեջ եղած ներքին զորությունից: Ընտրենք մի սկզբունք, այն է` մեր քաղաքական վարքին ու հանրային գործունեությանը նայում ենք խնդիրները պարզելու ու դրանք լուծելու դիտանկյունից: Բոլոր դեպքերում հարց տանք մեզ` ին՞չ խնդիրներ կան, որոնք կարող ենք մենք լուծել ու ինչպե՞ս կարող ենք դրանք լուծել: Այնուհետու սկզբունք դարձնենք, որ պատասխանատու ենք թե՛ հաղթական արդյունքի համար, թե՛ տապալման: Ընդ որում տապալման համար պատասխանատվությունը առաջին հերթին պետք է լինի քաղաքական դաշտը ազատելու եւ քաղաքականությունից հեռանալու ձեւով: Իսկ երկրորդ կամ երրորդ հերթերի մասին ինքը` հանրությունը կորոշի արդեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter