HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լքված մարդկանց երկրորդ շնչառություն տվող կենտրոնը

Տարեցների «Արծվաբույն» կենտրոնը, որը 2006-ին «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը հիմնադրել է Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում, 45 միայնակ, անօթեւան տարեցների ու հաշմանդամների կեցությունն ապահովելու հնարավորություն ունի: Կենտրոնն իր բնակիչներին շուրջօրյա ծառայություններ է տրամադրում` սոցիալ-հոգեբանական, առողջապահական, անհատական խնամք եւ սնունդ: Այսօր, սակայն, Արծվաբույն կենտրոնը 7 բնակիչ ունի, եւ շահառուների թիվը նվազել է այն պատճառով, որ կենտրոնն ապահովված չէ ջրով:

Տարիներ առաջ կենտրոնը վերանորոգվել, կահավորվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, առանձին բարերարների աջակցությամբ, սակայն ջրամատակարարման հարցն այդպես էլ չի կարգավորվել: 

Արծվանիկ համայնքի ղեկավարի աջակցությամբ 7,5 կմ երկարությամբ խմելու ջրատար է կառուցվել՝ «Քահրիզներ» կոչվող աղբյուրից մինչեւ «Արծվաբույն», սակայն, ինչպես կենտրոնի տնօրեն Արմենուհի Չիրոյանն է ասում, գյուղի բնակիչները հաճախ փակում են ջրի ակունքը, իսկ ամռան ամիսներին ակունքում ջուր չի լինում: Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող աղբյուրից կամ մոտակա տներից ամեն օր աշխատակիցները ջուր են բերում կենցաղային կարիքները հոգալու եւ խմելու համար:

«Ջուրը միակ պատճառն է, որ կենտրոնն այսօր չի կարողանում ապահովել չորս տասնյակից ավելի շահառուների կեցության հարցը,- ասում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության սոցիալական աշխատանքի խորհրդատու Մարգարիտ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` յուրաքանչյուր շահառուի հաշվով ամսական ծախսվում է 110 հազար դրամ, որի մի մասը՝ օրական մեկանգամյա սնունդը եւ սպասարկող անձնակազմի աշխատավարձը, փոխհատուցվում է պետբյուջեից: Խորհրդատուի ասելով` կենտրոնի երկու տասնյակից ավելի ննջասենյակները, որոնք ապահովված են կոմունալ հարմարություններով, առանձին ճաշարանը, հանգստի սենյակը, բուժկետը, բարեկարգ բակը, կարող են այսօրվա սոցիալական դժվարին պայմաններում ապրող միայնակ, անօթեւան մարդկանց համար բարեկեցիկ ծերություն ապահովել, եթե կենտրոնը մշտական կամ գոնե կանոնավոր գրաֆիկով ջրամատակարարում ունենա:

Կենտրոնում ամենուր բախտակից մարդկանց պատմություններն են

Սվետան եւս այստեղ էր ապրում:  Չնայած երիտասարդ տարիքին, տարեցների հետ ապաստան էր գտել ապահով անկյունում եւ, իր խոսքով, փորձում էր մոռանալ ճակատագրով իրեն բաժին հասած տառապանքները: Ասում էր, որ մոր մահից հետո միակ տեղն է, որտեղ իրեն ջերմությամբ են շրջապատել եւ հնարավորություն ունի ստեղծագործել: Հորդորում էր, որ գրեմ կենտրոնի մասին, բայց միշտ հետաձգում էի` մտածելով, որ երբ հրատարակվի նրա գիրքը, շնորհանդեսին կգնամ: Չհասցրի, գրքի տպագրությունից հետո նա նույնքան անաղմուկ հրաժեշտ տվեց կյանքին, ինչպես ապրել էր, բայց երեւի երջանիկ, քանի որ կողքին հարազատ դարձած մարդիկ էին:

Սվետայի մասին «Արծվաբույն» կենտրոնում հարցնելու կարիք չեղավ. միջանցքի տարբեր պատերի վրա ցուցատախտակներ են, որոնց վրա նաեւ նրա բանաստեղծություններն են, լուսանկարները:

«Բոլորս առանձնահատուկ սիրով էինք վերաբերվում Սվետային, ոչ միայն այն բանի համար, որ համեմատաբար երիտասարդ էր, միայնակ, այլ հիանում էինք նրա լավատեսությամբ, չնայած կյանքի դաժան փորձություններին` շարունակում էր հավատալ, թե լավը դեռ առջեւում է»,- ասում է կենտրոնի տնօրեն Արմենուհի Չիրոյանը: Նա պատմում է, որ իրենց կենտրոնում բնակվող մարդիկ գրեթե բոլորը բախտակիցներ են: «Զավակներ ունեն, հարազատներ, բայց լքված են: Ժամանակ-առ ժամանակ ինչ-որ մարդիկ են հայտնվում, ասում են, որ ազգականներ են, բայց նրանց այցելությունը կարճ է տեւում, մեկնումից հետո, նկատելով մարդկանց ընկճված տրամադրությունը, հասկանում ես, որ «կամ աղն էր պակաս, կամ՝ մաղը»,- ասում է Արմենուհին: Ապա հավելում է, որ եկողները հիմնականում կա́մ փորձում են տարեցների բնակարանների գրանցումներն իրենցով անել, կա́մ պատահում է, որ աչքները նրանց թոշակին է լինում:

«Մանավանդ թոշակի առումով մեր «բնակիչները» նախկինում հաճախ էին դժգոհում. կենտրոնում ապահովված են երեքանգամյա սնունդով, հագուստով, օգտվում են անվճար բուժսպասարկումից, դեղորայքից: Արդյունքում` թոշակի խնայողություններ էին ունենում, բայց «Չարի վերջը» հեքիաթի նման մի օր հայտնվում էր մի աղվես ու տանում: Այդ պատճառով, նրանց առաջարկությամբ, իրենց թոշակի հիմնական մասը փոխանցվում է կենտրոնին, որն ուղղվում է նրանց կեցության ապահովմանը, հիմնականում սնունդ ենք ձեռք բերում»,- պատմում է կենտրոնի տնօրենը:

Վերջինիս խոսքով` տարիների ընթացքում այդտեղ ապրող մարդիկ մի ընտանիք են դարձել, եւ հետաքրքրականն այն է, որ երբեք բարձրաձայն չեն դժգոհում իրենց հարազատներից, ովքեր լքել են նրանց: Արմենուհին հումորով շարունակում է, որ, որպես կանոն, չնայած սիրո հետաքրիր պատմություններին, չեն խրախուսում կենտրոնի բնակիչների ամուսնությունը, որովհետեւ «առանց այն էլ շատ զգայուն են, հիվանդագին են վերաբերվում մեկը մյուսին, ասես ամեն մեկն ուզում է, որ իր նկատմամբ ավելի ուշադիր լինեն»:

Կոկիկ, մաքուր շենքում ամենուր կենտրոնի մարդկանց պատմություններն են՝  կազմակերպված միջոցառումների վավերագրեր, անուններ, ձեռքի աշխատանքներ, նկարներ: Կենտրոնի «գլխավոր» նկարիչը Սերյոժան է, ով երկար ժամանակ է, ինչ «Արծվաբույնում» է, երեխաները Ռուսաստանում են, կնոջ մահից հետո միայնակ ու անօթեւան մնալով` այստեղ է ապաստան գտել, նկարում է, շախմատ խաղում, նաեւ օգնում է տնտեսությանը: Նրա սենյակի սեղանի վրա ջրաներկեր են, վրձիններ, ասում է` այնքան շատ նկարներ ունի, որ կարող է մի քանի ցուցահանդեսի նյութ ապահովել: Նկարների հերոսները ճանաչված մարդիկ են, նաեւ` պատմությունների հերոսներ: Մտերիմներին չի նկարում, չի էլ մեկնաբանում, բազմանշանակ լռում է, երբ հարազատների մասին եմ հարցնում:

«Արծվաբույնի» ամենահին բնակիչը Սվարանց գյուղից է, այստեղ է համարյա հիմնադրման օրից: Չի թաքցնում, որ եթե հանկարծ կենտրոնը դադարեցնի իր գործունեությունը, ինքը փողոցում կհայտնվի:

Տարեցների ընտանիքին վերջինը միացել է Ռաֆիկը, չնայած երեխաներ ունի` ամիսներ շարունակ ապրել է փողոցներում: Հիմա կարծես թե չի հարմարվում, քնում է հագուստով, ամբողջ օրը կծկված է անկողնում: Չի պատասխանում նաեւ իմ հարցերին: Միայն, երբ փորձում եմ զրույց սկսել այն մասին, թե տաք ու հարմարավետ կյանքը, ջերմ մթնոլորտը նախընտրելի չե՞ն բաց երկնքի տակ գիշերելուց, գլուխը հանում է վերմակի տակից ու հազիվ լսելի ձայնով մրմնջում. «Ես էստեղ ոնց որ տամոժնյայում լինեմ. ամեն ինչի համար պիտի հարցնեմ՝ ուր գնամ, ոնց անեմ»: Ասում է ու գլուխը ծածկում բաճկոնով:

Դժվար է ասել` ում է ուղղված նրա դառնացած խոսքը՝ անտուն մարդկանց երկրորդ շնչառություն տվողների՞ն, թե՞ պահած-փայփայած զավակներին, ովքեր իրեն փողոցում են թողել:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter