HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Հակակոռուպցիոն նոր «կինոյի» մեկնարկին սպասելիս

Կոռուպցիայի և դրա դեմ պայքարի մասին Հայաստանում վաղուց ոչ ոք չէր խոսել: Եվ դա պահատական չէ: Ընդհանրապես խոսում են այն բանի մասին, որը լուրջ է կամ որպես խնդիր սրված է երկրում: Հասարակությունն այդ մասին չէր խոսում, որովհետև հոգնել է անիմաստ խոսելուց, իշխանությունը չէր խոսում, որովհետև համարում էր, թե Հայաստանում գրեթե կոռուպցիա չկա: Ավելի ճիշտ՝ կա, բայց միայն կաշառակերության տեսքով, այն էլ` ոչ թե պետական կառավարման ոլորտում, այլ՝ հասարակական: Այդ իրողությունը բացահայտել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ անցած դեկտեմբերին կայացած համատեղ ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահը բառացիորեն ասել է հետևյալը. «…Դժվար է ապացուցել, թե որտեղ է կաշառակերությունը, որտեղ՝ կոռուպցիան: Իհարկե, Հայաստանում կոռուպցիա կա, նաեւ պայքար կա, բայց դա համաժողովրդական պայքար չէ, որովհետեւ ցանկացած կառույց ՀՀ-ում, որը դերակատարում ունի հասարակության մեջ, եթե կոռուպցիայով չի զբաղվում, անպայման կաշառակերությամբ զբաղվում է: Դա վերաբերում է ե՛ւ հասարակական կազմակերպություններին, ե՛ւ լրագրողներին»: Որ մեզանում կոռուպցիան կաշառակերության տեսքով միայն այս սեկտորում է գործում, ապացուցվում է նաև գործով: Վերջին շրջանում կաշառակերության մեղադրանքով ձերբակալվում և կալանավորվում են հիմնականում շարքային բժիշկներ, դասախոսներ, մեկ մեկ՝ քննիչներ: Առանձին դեպքեր լինում են նաև դատավորների շրջանում: Բայց դրանք այնպիսի բացառիկ, էկզոտիկ դեպքեր են, որ ավելի շատ խոսում են վերին օղակներում կառուպցիայի բացակայության, քան առկայության օրինաչափության մասին:

Բայց ինչպես երևում է՝ անգամ այդ  չնչին ծավալի կոռուպցիան Կառավարությունը հանդուրժել չի պատրաստվում: Կոռուպցիայի վերջին նշույլներն արմատախիլ անելու համար հայրենի կառավարությունը որոշել է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: Եվ քանի որ տրամաբանական է, որ կոռուպցիան պետք է վերացնեն դրանով չզբաղվողները, դրա մեջ չթաթախված մաքուր օձիքավորները, իրենց հալալ քրտինքով «մի փոր հացի» գումար վաստակողները, որոշվել է, որ խորհուրդը պետք է գլխավորի... վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Իսկ  խորհրդի կազմում, բացի քաղաքացիական հասարակության երկու և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից, պետք է ընդգրկվեն նաև... կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, վերջինս` ըստ իր ցանկության: Մի քիչ, իհարկե, տխրեցնում է, որ այդ խորհրդում ընդգրկված չէ Հայաստանի կոռուպցիայի լավագույն տեսաբան գիտակներից մեկը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Բայց այն, որ խորհուրդը չափազանց լուրջ է տրամադրված Հայաստանում կոռուպցիայի և կաշառակերության վերջին նշույլները վերացնելու հարցում, վկայում է այն հանգամանքը, որ խորհրդին կից ստեղծվում է փորձագետներից կազմված մի ամբողջ հանձնախումբ:

Ընդհանրապես խորհուրդներ ու հանձնախմբեր ձևավորելով, դրանց շրջանակներում ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի տրցակներ գրոտելով, խորհրդակցություններ, ժողովներ, քննարկումներ, կլոր սեղաններ կազմակերպելով, դրանց ընթացքում դեմքի շատ լուրջ արտահայտություններով  ու բռունցքով ամբիոններ ջարդոտելով ուղեկցվող կրակոտ ելույթներով կոռուպցիայի վերացման հաջող պրակտիկան Հայաստանում նոր երևույթ չէ: Նմանատիպ մեկ կառույց չէ, որ Հայաստանում ստեղծվել է: Դրանցից վերջինը, որը կոչվում էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, ստեղծվել էր դեռ 2004թ., և այն կրկին գլխավորում էր վարչապետը: Մի քանի տարի տևած տքնաջան աշխատանքներից հետո, ի վերջո, այս խորհուրդը ոչ միայն մշակեց ու ընդունեց կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագիր, այլև դրա շրջանակներում իրար ետևից երկու սերնդի բարեփոխումներ իրականցրեց: Եվ այն հանգամանքը, որ ԱԺ նախագահի պատկերացմամբ կոռուպցիան ներկայումս միայն հասարակական սեկտորում է մնացել, ըստ ամենայնի, հենց այդ քրտնաջան աշխատանքի արդյունքն է: 2000-ականների սկզբներին նման մի կառույց էլ ստեղծվել էր ՀՀ նախագահին կից և կոչվում էր «Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողով»: Թե ինչով ավարտվեց վերջինիս գործունեությունը, թերևս, կարևոր չէ: Կարևորը, որ այն եղել է: Դատելով այս խորհրդի առավել քան խոսուն կազմից և այն արդյունքներից, որոնք արձանագրել են նախկին խորհուրդներն ու հանձնաժողովները, որևէ կասկած չկա, որ Հովիկ Աբրահամյանի գլխավորած այս նոր հակակոռուպցիոն խորհուրդը, որ, ի դեպ, կրկին զբաղվելու է բարեփոխումների ծրագրեր մշակելով (հավանաբար նախկինները լավ չէին մշակվել), ուղղակի դատապարտված է կոռուպցիան մեր իրականությունից վերջնականապես արմատահան անելու:

Սրա արդյունքում խորհրդում ընդգրկված նախարարները, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, կախարդական փայտիկի էֆեկտով, հանկարծ բոլորի համար անսպասելի սկսելու են սիրահոժար հրապարակել իրենց հայտարարագրած բազմամիլիարդ կարողության կուտակման իրական աղբյուրները, ճանապարհները: Ի վերջո կբացատրեն, թե համեստ աշխատավարձով ինչպես են կարողացել այդքան կարողություն դիզել: Նրանք այլընտրանք չեն ունենալու, որովհետև այս խորհրդում է ընդգրկված նաև բարձրաստիճան պաշտոնատար անձնանց էթիկայի հանձնաժողովի նախագահը: Եթե չգիտեք, տեղեկացնենք, որ Հայաստանում այսպիսի հանձնաժողով էլ կա: Օֆշորային աֆյորան, որի հետ է կապվում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, վերջապես ամբողջությամբ կբացահայտվի: Իսկ արդարադատության նախարարը կպարզաբանի, թե ինչ «թյուրիմացության» արդյունքում մեկ-երկու տարի «նստելուց» հետո ազատության մեջ հայտվեցին առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարած, քրեական ծանր հանցագործություններ պարտակած ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները: Դատախազն էլ կբացատրի, թե ինչպես քրեական պատասխանատվության ենթարկվելուց ազատվեց ՊՆ-ին մսամթերքի մատակարարման ոլորտում հայտնաբերված խոշոր կոռուպցիոն գործարքի կնքահայր ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը, որին նույնիսկ հանրապետության նախագահը մեղադրեց պարտքի անվան տակ կաշառք վերցնելու մեջ:

Ամենայն հավանականությամբ, նոր խորհրդի ստեղծումը կազդի նաև հայրենի օլիգարխների վրա: Նրանք այլևս չեն սպասի, թե երբ է նախագահը, տրամադրությունն ընկելու դեպքում, վարչապետին հանձնարարելու ստուգել իրենց հարկային պարտավորությունները: Նրանք իրենց հոժար կամքով, քաղաքացիական պարտքի խորը գիտակցումով սկսելու են փասատթղթավորել իրական ապրանքաշրջանառությունը, բարեխիղճ վճարել հարկերը, իրենց վերապահված արհեստական մենաշնորհներից հրաժարվելով ազատ տնտեսական մրցակցության միջավայր ստեղծել ու բացարձակապես չխառնվել քաղաքական գործերին, ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ չբաժանել և չընդգրկվել կուսակցությունների համամասնական ցուցակներում:

Հավանաբար, այս խորհրդի ակտիվ գործունեությունից հետո Վերահսկիչ պալատի նախագահն արդեն բյուջետային և վարկային միջոցների ծախսման հաշվետվությունը ներկայացնելու համար Ազգային ժողով մտնելու իր պարտավորությունից փախուստ տալու առիթ չի ունենա՝ վախենալով զեկույցում արձանագրված խոշոր չափերի յուրացումների ու ատկատների մասին պատգամավորների հարցադրումներից: Թե չէ Իշխան Զաքարյանի վիճակն արդեն իսկապես անտանելի էր դառնում:

Խորհրդի գոյության պայմաններում հանրապետության նախագահն այլևս նրան չի մեղադրի, եթե համարձակվի ներկայացնել Կառավարության կողմից բյուջետային միջոցները համարյա մեկ երրորդի չափով անիմաստ վատնելու, յուրացնելու փաստերը ու դատախազից կպահանջի ոչ թե հայտարարել, թե ՎՊ նախագահը չափն անցել է իր այդ հայտարարություններով ու զրպարտում է Կառավարությանը, այլ կհորդորի ընթացք տալ այդ հաշվետվությունների միջոցով տրվող, ըստ էության, հանցագործությունների մասին հաղորդումներին ու/կամ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին կամ դրանք չհիմնավորվելու դեպքում՝ գործադիրին զրպարտողին:

Այնպես որ, ամեն ինչ այնքան էլ վատ ու անհույս չէ, որքան թվում է առաջին հայացքից: Հերթական հակակոռուպցիոն խորհրդի ստեղծմամբ գործնականում կարելի է Հայաստանում բոլոր կոռուպցիոներների հարցերը լուծված համարել: Կարելի է անգամ մտածել կոռուպցիայի դեմ պատերազմում տարած հաղթանակի առթիվ օրացույցում մեկ տոն ևս ավելացնել ու ոչ աշխատանքային օր հայտարարել: Մնում է թուլանալ ու հետևել այս խորհրդի շատ հետաքրքիր կազմով և գլխավոր դերակատարմամբ կինոյի ընթացքին: Հաճելի դիտում բոլորիս:    

Մեկնաբանություններ (3)

հայկ
գայլը վրան ոչխարի մորթի առած, հոտերին հսկող պահապան է դառած: Ջիվանի
Հակոբ
Մարդու, իրեն չպատկանող միջոցների տնօրինման իրավունքը, ծնում է կոռուպցիա: Այն որ պետական բյուջեն ոչ մեկին չի պատկանում և այն թալանվում է ներքևից հարկահավաքների, վերևից պետական գնումների և այլ միջոցներով, հայտնի է բոլորին: Վերահսկիչ պալատը դարձավ այն անդերոենյան մանուկը, որից իմացան, որ թագավորը մերկ է և իչնչպես Պարույր Սեվակն է ասել, բայց թագավորները ծածկելու են արդյոք մերկությունն իրենց, թե շարունաքկելու են նորից մերկ մնալ և հակառակը կամեցողներին կամ պարզապես ամաչողներին ստիպելու են ապրել կապված աչքերով, թե չէ հաշվում եք, հաշվում եք, հաշվում: ԱՄՆ-ի նախագահը հաճախ մտնում է օրենսդիր իշխանությունը և փող է ուզում այս կամ այն չնախատեսնված աշխատանքը կատարելու համար: Ես չեմ հանդիպել, որ մանրը վերադարձվի: Միջոցները պետք է պատկանի տնօրինողին, որից անհրաժեշտ հատկացումները կատարելուց հետո մնացածը տանելու է տուն: Պետական բյուջեն պետք է պատկանի ՀՀ նախագահին, որից բոլոր հատկացումները կատարելուց հետո մնացածը պետք է տանի տուն կամ տնից բերի դեֆիցիտը փակի, ինչպես սովորական մարդ կամ բիզնեսմեն : Տես նաև haksur.of.ru/forum
Ամալյա
Հա էլի, հենց աղվեսին կարգեցին հավաբնի վարիչ, հարցն ինքստինքյան կլուծվի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter