HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայոց Մայրը»` Ջիոտտոյի զանգակատան ներքո

Այս օրերին Իտալիայում բնակվող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսի «Հայոց մայրը» կոչվող քանդակը շարունակում է իր ճանապարհը։ Ֆլորենցիայից եւ Սիենայից ճանապարհորդած բրոնզե արձանն այժմ հյուրընկալվել է Կարվիլիայում, ապա կտեղափոխվի Հռոմ, Վատիկան, Վենետիկ և անցնելով Իտալիայի սահմանը՝ կմեկնի Նիցցա, Մարսել, Փարիզ, Բրյուսել, Ժնև և Կոպենհագեն։ Հատվածաբար ձեզ ենք ներայացնում քանդակագործ և բանաստեղծ Մասսիմո Լիպպիի հոդվածներից մեկը (Գրիգոր Ղազարյանի թարգմանությամբ), որով հեղինակը վերլուծական անդրադարձ է կատարում Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող այս կարևորագույն աշխատանքին։

«Առաջին իսկ հայացքից «Հայոց մայրը», որը հոգածությամբ պաշտպանում է իր զավակներին, մեզ է ներկայանում մինչև սրտի խորքը հասնող ամենաթափանց նրբությամբ։ Նա գրեթե հրաշագեղ ու ինքնաբավ մի Տիրամայր է։ Դարերի ճամփան անցած ոսկեփայլ մի ամպ, որի հայացքում վեհաշուք լեռներն են ու կորած գյուղերը, և որն այժմ գնում է իր խնամքը բաշխելու բազմահոգս արարածներին։ Այս լուսավոր Մայրը Ողորմածության մի աստղ է, որի մարմինը չարչրկվել է իր զավակների նկատմամբ իրագործված ջարդի անսահման տաժանքից։ Պատճառը 1915 թվականին մեկ ու կես միլիոն հայերի բնաջնջումն է։ Սակայն Մոր մեջ գերիշխում է նաև Աստվածային նախախնամությունը, որ սնում է կյանքի փորձություններ դիմագրավելու նրա կարողությունը։

Նա Գթասրտության Մայր է։ Կենսուրախ ու կենդանի ներկայություն նահատակ մի Ժողովրդից սերող կնոջ մի տեսակի, որի սիրտն ու ձեռքերը բացվել են, որպեսզի փրկություն շնորհեն սարսափելի կոտորածից։ Այսուհանդերձ, հայ Արվեստագետ Վիգեն Ավետիսի այս գլուխգործոցի մեջ որևէ նշույլ անգամ չկա այն ճչացող ցավից, որն ուղեկցել է այս փառահեղ Ժողովրդին։ Վարպետը քրիստոնեաբար շրջանցել է ցասումի, սարսափի և հակառակորդից վրեժխնդիր լինելու կատեգորիաները՝ հոգու անզուգական հզորությամբ մեկանաբանելով սեփական ժողովրդի զգայունությունն ու բնույթը, որ կայանում է վիրավորանքի և ջարդի դիմաց Սիրո քաղաքակրթությամբ հատուցելու մեջ։

Ուշադիր զննենք այս հիրավի մոնումենտալ աշխատանքը՝ իր պլաստիկ կազմվածքով, որը կառուցված է ավելի շատ մտավոր կարգապահությամբ ու ջանասիրութամբ, քան երկրաչափորեն, և վերլուծենք հենց Հուշարձան (Monumento) ասվածի հասկացությունը, որը սերում է «զսպել» բառից (ammonire), այսինքն  մարդու մեջ «զսպել» ցանկացած չար միտում։ Նույնիսկ հայացքով կարծես շոշափելի են դառնում այս մարմինները՝ Մայրն ու իր անմեղ զավակները, որոնք դողահար շոշափում են նրա զգեստի թևքերը։ Կնոջ կերպարանքից զգացվում է այն անսահման քաղցրությունը, որը բնորոշ է յուրաքանչյուր մորն, ով սնում է իր ամեն մի վիրավոր զավակին և կանխազգում նրա տագնապն ու կանչը։


Հին Վարպետների շնորհքով կերտված այս աշխատանքը ներկայացնում է հոգու առողջություն և մի զորավոր կորով, որը կոտրում է բռնության և ճնշվածության մութ կաղապարը։ Այստեղ արտացոլված է Հայաստանն՝ իր Հոգևոր մեծ երգիչներով և Անդրաշխարհիկ գեղեցկությամբ, մի անմահ զորության աղերսով, որն արտահայտված է միմյանցից բռնված չորս զավակների միջոցով, չորսն էլ ամուր, զորակցող և կենսուրախ։ Համակ ուշադրությամբ նրանց խնամող Մոր կերպարանքը լի է նրբագեղությամբ ու հպարտությամբ, որը բացառում է ցանկացած անհանգստություն կամ հուզական արգելք։

Վարպետ Ավետիսի աշխատանքն իր մեջ կրում է մի Ժողովրդի պատմություն, որն անցնում է իր սահմաններից այն կողմ և ձգվում դեպի Խաղաղության եզերքը։ Այս Օրհնված կերպարանքի հանդերձի ներքո բացվում է Սիրո և գթասրտության մի անսահմանություն։ Քրիստոնեական արվեստի պատմությունը լի է իր զավակներին պաշտպանող Տիրամոր այս սփոփիչ կերպարով։

[...] Այս կատարյալ Կինը իրականում Աստվածամոր վեհ կերպար է, որն իր զգեստի ներքո պահում-պահպանում է ազգեր ու ժողովուրդներ, և արդարացի է այն, որ ճակատագրի ընտրությամբ նա ի սկզբանե հայտնվել է գթասիրտ ֆլորենտացիների Պատկառելի ընկերակցության մեջ, ովքեր դարեր շարունակ (սկսած 1244-ից) ամեն օր հոգու անդորր և սփոփանք են բերում իրենց եղբայրներին։

Աշխատանքը Չիլիայի և Կառռայի հետ միասին հանգրվան կգտնի Նորվեգիայում՝ Կրագերո քաղաքի մերձակայքում։ Հուշարձանը Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հրաչյա Աղաջանյանի և նրա եղբոր՝ ձեռնարկատեր և բարերար Արսեն Աղաջանյանի պատվերն է։ Անձամբ ծանոթ եմ այս անձանց մոր՝ նկարչուհի և բանաստեղծուհի տիկին Սվետլանայի հետ, և նրանից ստացել եմ բոլոր մայրերի և հայ կանանց հանդեպ խորագույն սիրո և կապվածության զգացում, քանի որ նրանում կա է այն կենսական կորիզը, որն այժմ ամբողջ սփյուռքում ծլարձակում է այս Հուշարձանի միջոցով։ Հստակ տեսել եմ նրա սերն ընտանիքի և ամենասրբազան Ավանդույթների հանդեպ։ Արվեստագետի մորը, ցավոք,  չեմ ճանաչել, սակայն միանշանակ տեսնում եմ նրա արտացոլքը այս հրեշտակի կերպարի դիմագծերում, որը երազային թե երևակայական աղերսներով ձուլվում է Արվեստագետի կնոջ՝ Էլինայի դիմագծերին։

Վիգեն Ավետիսը ներկայանում է որպես Կյանքի և քանդակագործության մի պոետ, որն ունակ է մեկ պոռթկմամբ միաձուլել ամենահամամարդկային ապրումները, որոնք գեղեցկացնում, արդարացնում, վեհացնում և մաքրագործում են Արվեստագետի նրա առաքելությունը։ Վատիկանի թանգարանների տնօրեն Անտոնիո Պաոլուչչին Վարպետ Ավետիսի ստեղծագործության անկեղծ երկրպագու է։ Եվ սա մի անգին կնիք է, որը ներկայացնում է Հայոց հինավուրց Ժողովրդին Միքելանջելոյի հանճարի հետ միավորող արժեքի երաշխիքը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter