HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ավետիսյանների հարազատները համոզված են՝ Պերմյակովը մենակ չի գործել

7 անձից բաղկացած Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանդից անցել է 40 օր: Այսօր առաջին անգամ նրանց հարազատները կարողացան մուտք գործել Մյասնիկյան 188 հասցեում գտնվող տուն, որտեղ ոչ մի բան չէր փոխվել հունվարի 12-ից ի վեր, անգամ լվացքի պարանը շարունակում էր կրել Ավետիսյանների ընտանիքին պատկանող հագուստները:

Ավետիսյանների հարազատները հիմնականում խուսափեցին խոսել լրագրողների հետ: Նրանցից միայն Հասմիկ Ավետիսյանի քույրերը՝ Մարիամ Տոնոյանն ու Ռիտա Ավետիսյանը որոշեցին հայտնել կասկածները ընթացող հետաքննության վերաբերյալ: Նրանց համոզմաբ Վալերի Պերմյակով միայնակ չի գործել, ավելին՝ ըստ Ավետիսյանների հարազատների ռուս զինվորականն ընդամենը հասարակ խաղաքարտ է, իսկ նրա թիկունքում կանգանած են գուցեւ ավելի լուրջ ուժեր:

Մարիամ Տոնոյան, Ռիտա Ավետիսյան(ձախից աջ)

«Գտեք իսկական հանցագործներին, ով էրավ, ինչի համար, լավ ինչն էր պատճառը: Ըսիկ թե ղեկավարության գործ էր, թե պալիտիկա էր ինչ էր, մենք գուզենք իմանանք, օր հանգստանանք: Մեզի կգրեն, թե դուք բավարարվել եք, ինչո՞վ ենք բավարարվել, ոչ մի արդյունք չկա, ոչ մի նորմալ բան չենք լսել, ինչո՞վ ենք բավարարվել: Կերթանք հիմարի պես, որպես գույք կնստինք, նույն բանը կլսենք գուքանք, մենք գուզենք գիտենանք, թե էս ամենի հետեւում ով է կանգնած, գուզեք ստույգ իմանանք, օր գոնե մեր տները հանգիստ նստինք, բայց էսօրվա դրությամբ ոչ մեկս հանգիստ չենք»,- նշեց Մարիամ Տոնոյանը:

«Մենք մի քանի օր էլ կսպասենք, դրանից հետո մինչեւ եվրոդատարան կբողոքենք: Մենք հանգիստ չենք մնա կյանքում, եթե ստույգ պատասխան չստացանք, մենք հարազատներով կերթանք միտինգներ կենենք, Սերժի դուռը կհասնինք, ուր հնարավոր է կերթանք, մենակ, թե ստույգ պատասխանը ստանանք: Մենք կխելագարվինք, օր օրի մեր վիճակը փոխանակ հանդարտվի, ավելի կլարվինք»,-հավելեց Ռիտա Ավետիսյանը:

Ավետիսյանները դեմ չեն, որ քննությունն իրականացնի ռուսական կողմը: Ինչպես պատկերավոր արտահայտվեց Մարիամ Տոնոյանը. «Տա՞ն հայկական կողմին, օր ծածկադմբո՞ց էնեն»: Սպանդի ենթարկված ընտանիքի հարազատները համոզված են, որ սեփական կառավարությունը որեւէ ձեւով չի աջակցում գործի բացահայտմանը: «Եթե Սերժը ուզեր, մատը մե հատըմ կճտցներ, էս գործը կբացվեր, ուրեմն չեն ուզեն բացվի, օր հեչ բանն չեն էնե»,- հայտարարեց Ավետիսյանների հարեւանուհիներից մեկը: Վերջինս պատմեց, որ դեպքից 3 օր առաջ Սերյոժա Ավետիսյանն իրենց տուն է եկել, քանի որ ցանկացել են հարեւանությամբ գտնվող վաճառքի հանված բնակարանը գնել:

«Խելոք, անշառ, աշխատող մարդիկ էին»,- հավելեց հարեւանուհին: Մեկ այլ հարեւան, ով ներկայացավ Ստեփան անվամբ, պատմեց, որ Ավետիսյանները համեստ, խաղաղ մարդիկ են եղել: «Սերոժն արտակարգ վարպետ էր, ձեռքից ամեն ինչ գուկար: Տունը կվերցներ, զրոյից կսարքեր: 2000 թ-ին իմ տունս էլ է ինքը սարքել: Մենք ուղղակի ապշած ենք մնացել, թե ինչի ըսպես բան էղավ: Ոչ թշնամի ունեին, ոչ շառի մեջ էին ընկել դրսերը, իրանց համար գլուխները կախ կաշխատեին կապրեին»,-ափսոսանք հայտնեց Ստեփանը:

Ավետիսյանների հարազատները հայտնեցին, որ իրենց դեռեւս չեն հարցաքննել եւ իրենք չգիտեն ոչ մի այլ ինֆորմացիա, բացի պաշտոնապես հայտարարվածից: «Մենք էլ գիտենք մենակ էն ինչ թերթերը կգրեն, ոչ մի ավել բան, բայց նաեւ չենք հավատա էդ վարկածին, օր հըմի առաջ են քաշել»,- նշեց Մարիամ Տոնոյանը:

Ավետիսյանների Մյասնիկյան 188 հասցեում գտնվող տուն կեսօրին այցելեցին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյան: Քաղաքային եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Շիրակի մարզից ընտրված պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Սուքիաս Ավետիսյանը եւ Արման Սահակյանը Ավետիսյանների հարազատներին միացել էին գերեզմանոցում:

Մեկնաբանություններ (2)

ԱՎԱ
Ցավոք Պուտինը լիազորություններից զրկել է Հայաստանին սեփական օրենքներով շարժվի, քանի որ օրենք լինի, որ ինչ լինի, վիճակն է տիրում մեր մոտ։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես ուղղակի գտնում եմ, որ պարզապես ցինի՛զմ ու հայ ազգի նկատմամբ անհարգա՛նք է ասել,որ իբր «Պերմյակովը մենակ էր»: Սա ԽՄԲԱՅԻՆ արարք էր. վերջապես մի անգամ ուշադիր կարդացեք (արդեն հայտնի) փաստերը և մտածեք : 7 հոգի՝ բոլորը անկողնու՛մ սպանված: Այսինքն՝ ամեն անկողնու գլխին մեկը կանգնած էր: Քանի՞ (մեծահասակի) անկողին կար այդ տանը: ..............................................ՀՀ իշխանավորները օր ու գիշեր հոխորտում են Ադրբեջանի ու «խելագար» Ալիևի դեմ. դա իրենց համար ապահով է: Բայց «բարեկամ» ռուսի դեմ ԴՈՒԽ ՉՈՒՆԵՆ (իրե՛նց աթոռների համար ապահով չէ). նույնիսկ երբ ռուսական բազայի հատուկ զինված մի ԽՈՒՄԲ մորթում է մի ամբողջ հայ ընտանիք՝ Եղեռնի 100-ամյակի նախաշեմին. ու «դաշնակից» ռուսը՝ ԿՈՊԻՏ խախտելով երկկողմանի պայմանագիրը և ՀՀ օրենքը, արհամարհում է ամբողջ հայ ազգին ու ոճրագործ(ներ)ին ապօրինաբար թաքցնում:..................................................Ի՞նչու ՀՀ գլխավոր դատախազը դեռ պաշտոնին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter