HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Ա.Փելեշյան.«Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև նրանք լի են սխալներով»

Համաշխարհային կինոյի հսկաները, միջազգային մամուլը  նրան համարել են  և շարունակում են գնահատել՝ որպես բոլոր ժամանակների ամենատաղանդավոր կինոռեժիսորներից մեկը:  Տարիներ շարունակ նրա հանճարեղ ֆիլմերը ցուցադրել են ամբողջ աշխարհում. դրանք վաղուց արդեն կինոյի ու մշակույթի տարածքում  համաշխարհային արժեքի դրոշմակիր են: Արտավազդ Փելեշյանի հայտնագործած «դիստանցիոն» կամ տարածական մոնտաժի սկզբունքը հեղաշրջում է համարվում  կինոյի պատմության մեջ։ Ֆիլմերից բացի,  1974թ.-ին Ա. Փելեշյանը հրատարակել է «Տարածական մոնտաժ» գիրքը, որը դասագիրք է դարձել բուհերի ուսանողների համար, իսկ 1988թ.-ին ռուսերենով լույս է տեսել «Իմ կինոն» , որտեղ ներկայացված են արվեստագետի մտքերը, տեսական աշխատանքները և սցենարները։ Արդեն 20 տարի է, ինչ Փելեշյանը ֆիլմ չի նկարում, լռում է։ Նրա վերջին ֆիլմը «Կյանք»-ն էր՝  (1993 թ.): «Homo Sapiens» («Հոմո Սափիենս») ֆիլմի սցենարը վաղուց պատրաստ էր, սակայն ֆինանսների բացակայության պատճառով այն մինչեւ հիմա մնացել է դարակում։ 

«Եթե ինձ հաջողվի նկարահանել իմ «Homo Sapiens»-ը, ապա իմ բոլոր ֆիլմերը, որոնք հիմա կան, դրա համամեմատ շատ փոքրիկ էսքիզներ կթվան» ,- ասել է կինոռեժիսորը: Երկարատև սպասումից հետո կինոռեժիսորը տպագրության հանձնեց սցենարը՝ շարունակելով հուսալ, որ ֆինանսական աջակցությունը այնուամենայնիվ մի օր կհայտնվի… բայց մինչ օրս ոչ ոք չի խզել այդ լռությունը:

Հանդիպումներից մեկի ժամանակ, երբ նրան հարցրել են՝ «Իսկ եթե այդ գումարը չստացվի գտնե՞լ»,  նա՝ իրեն բնորոշ լրջությամբ և դեմքի երբևէ չկարդացվող արտահայտությամբ ասել է՝ «Դուք գիտեք, ես դա ձեզ համար եմ անում. ես այդ ֆիլմը վաղուց տեսել եմ»:

Փետրվարի 22-ը համաշխարհային կինոյի մեծագույն վարպետներից մեկի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Նա հարցազրույցներ չի սիրում և հազվադեպ է ներկա լինում նույնիսկ նախապես պայմանավորված հանդիպմուներին: Սակայն վարպետի ծննդյան օրը հրաշալի առիթ է` մեկ անգամ ևս նրա ներկայությունը վայելելու ֆիլմերի, արտասովոր և միևնույն ժամանակ գեղեցիկ մտքերի միջով: Փելեշյան –երևույթին փոքր-ինչ մոտենալու համար նաև զրուցել ենք կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանի և կինոքննադատ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանի հետ: 

Կինոպոետը

Դավիթ Մուրադյան- Փելեշյանին կարելի է անվանել բանաստեղծ, ասացող, կարելի է անվանել առասպելներ հյուսող: Իհարկե կարելի՛ է նախևառաջ անվանել վավերագրող, բայց մենք անմիջապես կսխալվենք, եթե միայն այդպես դիտենք նրա արվեստը, որովհետև երբ «Մենք» ֆիլմն ես հիշում, հասկանում ես, որ ինքը բանաստեղծ է: Չարենցականության մի զարմանալի ոգի կա այդ ֆիլմում, չարենցական չափ ու կշիռ, չարենցական հայացք՝ սեփական երկրին ու ժողովրդին: Երբ «Տարվա եղանակներ» ֆիլմն ես դիտում, հասկանում ես, որ նա Թումանյանի հոգեզավակն է, վիպասան-փիլիսոփա է՝ համաշխարհային հայացքով…ընդ որում ինքը աշխարհի մարդ լինելու իրավունքը ունի, մարդկության և այս մոլորակի ճակատագրի մասին խորհելու իրավունքը ունի, որովհետև նկարել է «Մենքը» և «Տարվա եղանակները»: Փելեշյանը իր կենաց արմատի մասին է նկարել: 

Արտավազդ Փելեշյան. 
«Իմ ֆիլմերի թերությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան, իմ ֆիլմերի առավելությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան»: 

Դավիթ Մուրադյան - Բառը արժեզրկվել և կորցրել է իր նախնական միստիկ իմաստը: Բառն անընդհատ է՝ 24 ժամ, եթերներով, միլիոնավոր տպաքանակներով մամուլում, հրապարակներում, ամբիոններում, քաղաքական ճառերում… բառը այլևս դարձել է սովորական: Իսկ Փելեշյանի կինոն ծիսական է՝ դեպի մարդու նախահիմքերը գնացող: Այդ կինոն հողի, երկրի, ճակատագրի թանձրացումների մասին է, կյանքի գաղտնիքը որոնելու, ժամանակի ու հավերժության, և բառը պիտի նահանջի այդտեղ: Դա կինոյի մաքուր տեսակն է, որտեղ պատկերն է խոսք: Փելեշյանը խոսում է պատկերաշարով և իսկապես հեղափոխական ներկայություն էր 60-80-ական թթ. համաշխարհային կինոյում: Նա ահռելի հեղինակություն ձեռք բերեց, որովհետև կյանքի կենդանի նյութի, իրենից տասնամյակներ առաջ նկարահանված խրոնիկայի և իր սեփական նկարահանումների անհատական համադրությամբ կարողացավ  մեր իմացած աշխարհը մեզ ցույց տալ բոլորովին նորովի: Մենք իր աչքերով հայտնաբերեցինք էդ աշխարհը, ինքը չլիներ՝ չէինք տեսնի, չէինք իմանա նրա գոյության մասին:

Գոդֆրի Ռեջիո. «Իմ կուռքը կինոյում Արտավազդ Փելեշյանն է: Ես տեսել եմ նրա գրեթե բոլոր ֆիլմերը։ Դժվար է ասել, որն է ամենալավը…Եթե ես կայծեր եմ արձակում կինոյում, ապա նա` գնդակերպ շանթեր»:   

Փելեշյանի ներկայության և բացակայության միջև 

Զավեն Բոյաջյան -Ըստ էության, Փելեշյանի իրական մեծությունը, արժեքը մենք չենք ընկալում և գիտակցում, որովհետև նա այսօր անվերապահորեն կենդանի դասականի կարգավիճակ ունի, աշխարհի խոշորագույն կինեմատոգրաֆիստներից մեկն է և շատ մեծ սահմանափակում կլիներ, եթե նրան փորձեինք տեղավորել ընդամենը հայկական կինոյի կամ, նույնիսկ, խորհրդային կինոյի շրջանակում: Դրանք այսօր շատ անձուկ կլինեին և մոտավորապես նույնը, ինչ վագրին կամ առյուծին փակեինք վանդակում. ահա այդ աստիճան նեղ կլիներ: Աշխարհի տարբեր փառատոներում նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ են տեղի ունենում, որտեղ Փելեշյանը ներկայանում է իր ողջ փայլով և համաշխարհային կինոյում ունեցած մեծ ներդրումով, և այս ամենը կարծես անցնում է մեր կողքով:  (Վերջին տարիներին այդ անտարբերությունը  փոքր-ինչ փոխվեց, բայց սրանք կաթիլներ են ընդամենը): Եվ այսպիսի պարադոքսալ վիճակ է՝ մենք գործ ունենք Փելեշյանի ներկայության և բացակայության, գոյության և չգոյության, էության և անէության հետ, որոնք միաժամանակ կողք-կողքի գոյատևում են: Փելեշյանը, ի տարբերություն շատ այլ արվեստագետների, որոնք ճանաչված, կայացած, մեծ արվեստագետների համարում ունեն, միայն պատմական արժեք չէ, միայն պատմության փաստ չէ, որովհետև նրա կինոն այսօր էլ նույնքան կենդանի է, որքան իր ստեղծման տարիներին էր, շնչող, ապրող կինեմատոգրաֆ է: Նույնիսկ դասական բոլոր գործերը չէ, որ կարող են հպարտանալ այդ հանգամանքով, բայց Փելեշյանը այդ առումով այն բացառիկ մեծ արվեստագետներից է, ում ստեղծագործությունը այսօր էլ զորեղ, հուզական ներգործություն կարող է ունենալ հանդիսատեսի վրա, ինչպես որ կար ժամանակին: Ցավոք, այդ արվեստը մեզ մոտ կիսամոռացված, կիսաանտեսված է և մնացել է հեռվում ՝ որպես մեր գիտակցության փաստ, մեր մշակույթի, այսօրվա իրականության կռվան: 

«Homo Sapiens». Արտավազդ Փելեշյանի չիրականացված երազանքը 

Դավիթ Մուրադյան-  Ժամանակին «Հայֆիլմում» քննարկվել է այդ սցենարը և դրական գնահատական տրվել: Հետաքրքիր էր՝  աշխարհում ապրող մի բանական մարդ, որը կարծես անընդհատ հրաժարվում է իր բանականությունից: Բարդ սցենար էր՝ խորեոգրաֆիկ էլեմենտներով: Երբ սցենարը հրատարակեց, նա հենց էդպես էլ ներքևում գրեց՝ խորեոգրաֆիկ ֆիլմի սցենար: Բայց այդպես էլ չիրականացավ, որովհետև …   այդ տարիներին (ես իհարկե ենթադրում եմ ),սովետական միջավայրում էդ սցենարը ավելին էր, քան աշխարհի մասին սովետական ընկալումը: Եվ հակասության մեջ էր մտնելու այս ընկալման հետ. հավանաբար այս պատճառով Մոսկվայում՝ այն օղակներում, որտեղ ի վերջո լուծվում էին հարցերը, այդ սցենարը կանգ առավ: Որովհետև արվեստագետի ազատ հայացքով էր նկարվելու մի ֆիլմ բանական մարդու մասին, և նա կարող էր այնքան էլ չհամապատասխանել աշխարհայացքային այն չափորոշիչներին, որն ուներ այն ժամանակվա սովետական երկիրը: Միգուցե դա էր պատճառը, որ այդ նախագիծը կանգ առավ իր ճանապարհի կեսին… չնայած՝ ուներ այն ժամանակվա սովետական հեղինակավոր արվեստագետների միջնորդագրերը: Օրինակ՝ ես հիշում եմ Սերգեյ Գերասիմովի (այդ տարիներին անառարկելի հեղինակություն էր) միջնորդագիրը՝ կցված այդ սցենարին: Փելեշյանը, հավանաբար այդ խոչընդոտը նախապես տեսնելով, ստիպված էր այդ թղթերն հավաքել, որպեսզի կարողանար իր սցենարը պաշտպանել: 

Զավեն Բոյաջյան- Մենք միայն ա՛յդ չիրականացված երազանքի մասին գիտենք, բայց ես համոզված եմ, որ նա բազմաթիվ այլ նախագծեր ևս ունեցել է , որոնք գոնե կարող էին իրականացվել: Պետք է այստեղ չմոռանանք նաև պատմական հանգամանքը. այն, որ Խորհրդային Միությունը փլուզվեց, մենք հայտնվեցինք անկախության պայքարի մեջ և այս ընթացքում շատ դժվարություններ ունեցանք: Այդ փուլում և դրան հաջորդող ժամանակահատվածը արվեստի, մասնավորապես կինոյի համար նպաստավոր չէր: Բայց չենք կարող չասել նաև, որ հետագա տարիներին ունեցանք առավել բարվոք ժամանակներ: Եթե մենք իսկապես գիտակցեինք Փելեշյանի մեծությունը, ապա հատուկ պայմաններ կստեղծեինք նրա նման արվեստագետի համար, որպեսզի կարողանար աշխատել, ստեղծագործել: Ցանկացած երկիր, եթե այդ մեծության արվեստագետ ունենար, անկասկած, այդ խնդիրը լուծելու տարբերակներ կգտներ: Չէ՞ որ Փելեշյան ունենալ, նշանակում է գործ ունենալ համաշխարհային մեծության հետ, ում գոյությունը բոլոր ժամանակների համար է: Նա մեր հպարտությունն է: 

Փելեշյանի ֆիլմերը չեն ցուցադրվում 

Դավիթ Մուրադյան - Գուցե մենք էլ ճանապարհ ունենք անցնելու դեպի արվեստը, չէ՞ որ միայն արվեստը չպետք է գա դեպի մեզ: Մենք մեր տեղում հանգիստ նստենք, ասենք՝ «Արվե՛ստ, արի՛, մոտեցիր և սպասարկիր մեզ»: Իսկ մեր հանդիպակաց հոգևոր կյանքը որտե՞ղ է: Ի՞նչ ենք անում, որպեսզի ինքներս մի քիչ հավասարվենք այդ արվեստին: Մյուս կողմից, Փելեշյանը, այո, համաշխարհային մեծություն է, բայց դժվար է նրան այսօրվա հեռուստատեսությամբ դիտելը. պատկերացնու՞մ եք, որ «Տարվա եղանակները» ընդհատվի սանտեխնիկայի գովազդով: Դա գեղարվեստական մի ամբողջ հյուսվածք է, որը հենց խախտեցիր, ուրեմն կործանեցիր հյուսվածքը: Բացի այդ, դա անելու համարձակությունը պետք է ունենալ: Ընդհանրապես, դա ամբողջ կյանքի ընթացում իմ տեսած ամենագեղեցիկ ֆիլմերից մեկն է: 

Զավեն Բոյաջյան-  Մենք նույնիսկ տեղյակ էլ չենք, թե Փելեշյանը արտասահմանում ինչ մեծ համբավ ունի և ինչ արվեստագետների կողքին է կանգնած: Գոդարի նման խոշորագույն դեմքը (ում մեծության և վաստակի մասին խոսելիս, շատերը կինոյի պատմությունը  բնորոշում են նախագոդարյան և հետգոդարյան) ամենայն պատկառանքով և հարգանքով է խոսում Փելեշյանի մասին՝ նրան ընկալելով որպես բոլոր ժամանակների խոշորագույն արվեստագետներից և կինոյի հսկաներից մեկը: Նրան մեծարում են, հրավիրում դասախոսությունների, վարպետության դասի, մինչդեռ մենք ավելի շատ քնած կարգավիճակում ենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter