Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Քանի դեռ կա կենդանիների օրինական առևտուր, ուրեմն կա նաև անօրինական»



Էկզոտիկ կենդանիների պահանջարկն աշխարհում աճել է վերջին տարիներին: Մարդիկ սկսել են իրենց տներում վայրի կենդանիներ պահելու սովորություն ձևավորել:

Միացյալ Արաբական Էմիրություններից «Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամ»-ի ներկայացուց, Մերձավոր Արևելքի տարածաշրջանային տնօրեն Էլսայեդ Մոհամեդն այսօր Հայաստանում է: Նա կենդանիների անօրինական առևտրի վերաբերյալ սեմինարի բանախոսներից է:

Հաշվի առնելով CITES-ի տվյալների բազան՝ Էլսայեդ Մոհամեդը նշում է, որ բավականին մեծ քանակությամբ կատվազգիներ են մուտք գործում Հայաստան, մասնավորապես՝ հովազ, վագր, առյուծ: Որոշները պահվում են հանրապետությունում, որոշները՝ արտահանվում են Հայաստանից: Սրանք կենդանիների օրինական առևտրի տվյալներն են: Օրինական ներկրման մեծ ծավալներ են գրանցվել թառափի ներկրման գործում: Մասնագետը ենթադրում է, որ թառափը Հայաստանում աճեցվում է, այդ պատճառով է ծավալները մեծ լինում:

Կենդանիների միջազգային առևտրի կարգավորման միակ մեխանիզմը «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան է: Սակայն տեղական օրենսդրական դաշտը նույնպես մեծ դերակատարություն ունի: Որոշ երկրներ ավելի խիստ օրենսդրական սահմանափակումներ ունեն: Սակայն դա ևս  չի կարող կանգնեցնել կենդանիների անօրինական առևտուրը: Նա որպես օրինակ դիտարկում է ԱՄՆ-ն, որը համարվում է կենդանիների անօրինական առևտրի ամենամեծ պայքարողներից մեկը, այն միևնույն ժամանակ ամենամեծ շուկան է փղոսկրի համար: Միացյալ Թագավորությունը թութակների ամենամեծ «գնորդն» է:

Հիշեցնենք՝ Հայաստան կապիկների անօրինական ներմուծուը տեղի էր ունեցել հենց Էմիրություններից, որի շուրջ զրուցեցինք Էլսայեդ Մոհամեդի հետ:

Տեղյա՞կ եք, որ հենց Միացյալ Արաբական Էմիրություններից են անօրինական ճանապարհով Հայաստան մուտք գործում անհետացող տեսակները:

Այո, բայց ես չէի ասի դա անօրինական, ես գիտեմ, որ կա օրինական առևտուր: Չկա տվյալների բազա, որտեղ ապօրինի առևտրի մասին տեղեկություններ լինի:

Հայաստանում քրեական գործ կա հարուցված կապիկների գործով, որոնք ներմուծվել են ՄԱԷ-ից, չնայած կենդանիների ծագման երկիրը Գվինեան է նշվում:

Ես կարդացել եմ դրա մասին զանգվածային լրատվամիջոցներում, և գնահատում եմ, որ Հայաստանը միջոցներ է ձեռնարկել: Չեմ կարող ասել, որ սա տարածված պրակտիկա է, բայց միաժամանակ ամբողջ աշխարհում տեղի է ունենում:

Այսինքն՝ ձեր երկրից դուրս է գալիս կենդանի՝ առանց ձեր թույլտվությա՞ն: Մինչդեռ արտահանման կամ վերարտահանման համար կոնվենցիան համակարգող մարմնի թույլտվությունն է անհրաժեշտ:

Նախ և առաջ, էմիրությունները ամենամեծ կենտրոնն է ու տարանցիկ կետը ամբողջ աշխարհում կենդանիների ներկրման, արտահանման և վերաարտահանման տեսակետից: Ունի մեծ օդանավակայաններ և նավակայաններ, և կարելի է ասել, որ Էմիրություններն այս տեսակետից մրցակից չունի: ՄԱԷ-ն տարեկան տալիս է 6-7 հազար թույլտվություն: Մինչդեռ ամբողջ Միջին Ասիան տալիս է 2000 թույլտվություն: 

Այսինքն՝ քանակը խոչընդոտում է, որպեսզի պատշաճ վերահսկողություն իրականացվի՞:

Քանի դեռ կա կենդանիների օրինական առևտուր, ուրեմն կա նաև անօրինական: 100-տոկոսանոց օրինական առևտուր որևէ տեղ չկա:

Ձեր կարծիքով՝ CITES-ի ձեր համակարգող մարմնում կոռուպցիա կա՞:

Ոչ: Իհարկե, ինչ-որ մակարդակում կոռուպցիա կա: Կա հսկայական ծավալի առևտուր, և դա չի կարող 100 տոկոսով օրինական լինել: Ինչ-որ մաս կա, որը օրինական չէ:

Նման միջոցառումների հիմնական նպատակը շահագրգիռ մարմինների աշխատակիցներին, մաքսային մարմնի աշխատակիցներին սովորեցնել, թե որն է օրինական և որը անօրինական: Ոչ մի երկիր այսօր չի կարող ապահովել լիարժեք օրինականություն, որովհետև որքան մեծանում է օրինական առևտրի քանակը, համամասնորեն ավելանում են ապօրինի առևտրի հնարավորությունները համակարգում: Որևէ երկիր ի վիճակի չէ ամբողջությամբ վերացնել ապօրինի առևտուրը: 


Գլխավոր էջ



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Կենդանիների առևտուրը և Հայաստանը» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ