HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդին նոր աղբավայր ունի, բայց աղբը դարձյալ թափում են Դեբեդ գետի ափերին

Երբ դուրս եկա Ալավերդու նորակառույց աղբավայրից, մուտքի մոտ կանգնած տաքսու վարորդի հետ զրուցող տարեց տղամարդն ասաց, որ ուզում է հետս զրուցել: Մադան գյուղի բնակիչ Էդիկ Գրիգորյանն է: Նա Ալավերդուց Մադան գյուղ ճանապարհի ձախ լանջին ամեն օր իր այծերն է արածեցնում: Ճանապարհի այդ հատվածում է գտնվում Ալավերդու նորակառույց  աղբավայրը:

«Միշտ նկատում եմ` գալիս են, այ, տեսեք էլի, այսօր մեկ հոգի է, բայց մնացած օրերին 4-5 հոգի գալիս են ու աղբը վառում են: Մետաղալար, պլյումին, պղինձ, ալյումինի ու պղնձի ամաններ են որոնում: Ախր վառվող աղբի ծուխը մենակ իրենց առողջությանը չի վնասում, ծուխը հասնում է Մադան, մեզ էլ է նեղացնում: Ու չենք հասկանում, թե էս գործի վերջը ոնց է լինելու»,- ասում է  Էդիկ Գրիգորյանը:

Նա մատնացույց արեց ձեռքերով աղբը քանդող մի տղամարդու: Նրան աղբավայրում շրջելիս չէի նկատել: Վառվող աղբի թանձր ծխից շնչահեղձ եմ լինում: Վերևից սկսեցի լուսանկարել աղբի մեջ աշխատողին, հետո հարցրի անունն ու խնդրեցի բարձրանալ վերև` զրուցելու:  «Զրուցելուց չեմ հրաժարվում, մենակ մի նկարեք»,- ներքևից ասաց նա, սակայն շարունակեց իր գործը: Աղբածածկ զառիթափը մի կերպ հաղթահարելով և չնկարելու խոստում տալով`իջա նրա մոտ:

«Արմեն է անունս, ազգանունս Ղազարյան է, 33 տարեկան եմ: Ալավերդու Սարահարթ թաղամասից եմ, թուրքմենների թաղում եմ ապրում: Աշխատանք չունեմ: Վերջին երեք ամիսներին այստեղ եմ գալիս մետաղ որոնելու: Տանում եմ, հանձնում: Որ կեղտ է, բա ի՞նչ անեմ, որ աշխատանք չկա, մի բանով պետք է զբաղվենք, որ կարողանանք ապրել»,- ասում է Արմենը:

Արմենը  պատմեց, որ հոր ու եղբոր ընտանիքի հետ է ապրում: Նրա ասելով` օրը 5 հազար դրամի մետաղ է հավաքում աղբավայրից:

«Աղբը ես չեմ վառել: Էլի մարդիկ կան, գալիս են: Մի 6-7 հոգի են: Ամեն օր գալիս ենք, տարբեր մետաղներ ենք հավաքում, 1կգ ալյումինի համար 150 դրամ են վճարում»,-ասում է Արմենը:

Արմենին փորձում եմ բացատրել ծխի մեջ աշխատելու վտանգավորությունը:

«Գիտեմ, բայց որ աշխատանք չկա, ստիպված էդ գործն ենք անում, որ գոյատևենք: Իհարկե, կարգին աշխատանք կուզեի, շինարար եմ, ես միշտ Ռուսաստան եմ գնում, այս անգամ չկարողացա գնալ Ռուսաստան, մնացի այստեղ: Այստեղ էլ աշխատանք չկա: Մյուսներն էլ աղբավայր են գալիս, որովհետև նրանք էլ ինձ նման գոյատևման խնդիրներ ունեն»,-ասում է Արմենը:

Վերադառնալով Ալավերդու նորակառույց աղբավայրին` նշենք, որ այն շահագործվել է 2012թ. սեպտեմբերի 28-ին: Նոր աղբավայր կառուցելու գաղափարը պատկանում է Լոռու մարզպետ, Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանին: «Աղբը Դեբեդ գետը չթափելու միակ լուծումը նոր աղբավայր կառուցելն է»,- տարիներ առաջ ասում էր նա և հավաստիացնում, որ  աղբավայրը անպայման  համապատասխանելու է  եվրոպական չափանիշներին:  

Արդեն երկու տարի է անցել աղբավայրի շահագործումից, սակայն Ալավերդու Էնգելս, Կախոյան և Սանահին կայարանային թաղամասի բնակիչներն իրենց կենցաղային աղբը շարունակում են թափել Դեբեդ գետի ափերին:

Նախագծով նախատեսվել է աղբավայրում կառուցել ախտահանման հոր աղբավայրից դուրս եկող աղբի ավտոմեքենաների անիվների լվացման համար, սակայն այդպես էլ չի կառուցվել: Աղբավայրի կառուցման ընթացքում գործող քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը պարբերաբար հավաստիացնում էր լրագրողներիս, թե հետագայում աղբի վերամշակման արտադրամաս պետք է կառուցվի հենց աղբավայրին հարող տարածքում, և այդ դեպքում աղբը ոչ թե միանգամից լցվելու է կուտակիչի տարածք, ինչպես ներկայումս, այլ աղբավայրին կից փոքր միջանկյալ տարածքում տեսակավորվելու է:

Պետբյուջեից տրամադրված 151,4 մլն դրամը ծախսելուց հետո Ալավերդին ունեցավ նոր աղբավայր, սակայն այն դարձավ վտանգավոր նյութերի արտանետումներով, մշտապես այրվող և բնապահպանական լուրջ վտանգներով լի մի տարածք: 

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ու սա կոչվում է «կառուցված» նոր աղբավա՞յր: Ու իբր թե սա « 3000 տարվա քաղաքակրթություն» ունեցող մի ազգի երկիր է:.................................... Հայաստանում դեռ կարծում են, որ եթե բնակիչներին «կոչեր» անեն, ապա վերջիններս (կենցաղային) աղբ այլևս չեն թափի գետերն ու այլ հասարակական վայրեր: Առաջադեմ երկրներում վաղուց բնապահպան ոստիկաններ (eco police) կան, որոնք (նաև քաղաքացիական համազգեստով աշխատելով) բռնեցնում են այդ փնթի-օրինախախտ քաղաքացիներին: Էլ չեմ խոսում կամերաների մասին: Որ մի քանիսին մի լա՛վ տուգանեն, մնացածները այլ կերպ կսկսեն իրենց պահել:
Լարիսա Փարեմուզյան
Պարոն Վարազ Սյունի, դժբախտաբար սա կոչվում է ՀՀ պետբյուջեի 151,4 մլն. դրամով կառուցված աղբավայր: Այո, այսպես են ծախսվում մեր հայրենիքում պետական ֆինանսական միջոցները.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այսինքն՝ մոտ 300 հազար դոլար անիմաստ վատնել են. այդ փողով սահմանամերձ գյուղերի սահմանները գոնե կամրապնդեին: Փաստորեն Հայաստանում պիտի ստեղծել ոչ միայն անկախ ու առանձին բանակի օմբուդսմանի (army ombudsman),այլ նաև ֆինանսական օմբուդսմանի ( finances ombudsman) կառույց՝ իր բոլոր ենթակառույցներով, օրենքով սահմանված վերահսկողական իրավունքներով ու պատժիչ ֆունկցիաներով:..........................................Ու սա էլ՝ (կենցաղային) աղբի/ հակահիգիենիկ պայմանների պատճառով աշխարհում ավելի շատ մարդ է մահանում,քան բոլոր երկրների բոլոր հանցագործությունների զոհերը՝ միասին վերցրած:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter