HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աժ նախագահի ընտանիքի բիզնեսը

Դեռևս 2007թ. ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների ներկայությամբ բարձրաձայնել է իր երազանքի` բիզնես ունենալու մասին: Անցյալ տարի ԱԺ նախագահը «թարմացրել» է երազանքը՝ ասելով, որ երազում է շքեղ ավտոմեքենա ու առանձնատուն ունենալ: Գալուստ Սահակյանը միշտ հայտարարել է, որ բիզնեսով չի զբաղվում և իրեն նվիրել է բացառապես քաղաքականությանը, սակայն «թաքցրել» է, որ բիզնեսով զբաղվում են կինն ու պաշտոնյա որդիները: Միամտություն է կարծել, թե Գալուստ Սահակյանն ապրում է «չոր աշխատավարձով» և իր ընտանիքի անդամները առանց անձնական կապերն օգտագործելու, իրենց աշխատասիրությամբ դարձել են ընկերությունների սեփականատերեր:

ԱԺ նախագահը 2011թ.-ից սկսած իր գույքի ու եկամուտների հայտարարագրերում որպես եկամուտ լրացրել է միայն աշխատավարձ և կենսաթոշակ` մոտ 3.6 մլն դրամ: Նա ո́չ դրամական միջոց է հայտարարագրում, ո́չ էլ` այլ եկամուտներ:

Գալուստ Սահակյանի կինը` Ժաննա Աղաբաբյանը, ով ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրն է, բացի իր դրամական միջոցներից` հայտարարագրել է նաև շահաբաժնից ստացած եկամուտ: Նա իր եկամտի առյուծի բաժինը ստանում է շահաբաժնից, իսկ մնացած մասը` աշխատավարձից ու կենսաթոշակից:

Ժաննա Աղաբաբյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրն ըստ տարիների

 

2011թ.

2012թ.

2013թ.

Դրամական միջոց

 

դրամ

 

29.530.000

 

60.785.765

 

75.785.765

դոլար

0

0

0

Եկամուտ

31.961.036

31.255.765

30.488.000

Այդ թվում` շահաբաժին

30.660.000

29.606.400

28.500.000

«Հետքը» ԱԺ hասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի միջոցով փորձեց Գալուստ Սահակյանից պարզել, թե որ ընկերությունից է Ժաննա Աղաբաբյանը ստանում շահաբաժին: «Այդ տեղեկատվության տնօրինողը Ազգային ժողովը չէ»,- եղավ պատասխանը:

Գալուստ Սահակյանն, անշուշտ, տեղյակ է, թե իր կինը որտեղից է եկամուտ ստանում, այլ հարց է, որ ընկերության կամ ընկերությունների անունները հրապարակելը չի բխում ԱԺ նախագահի ու նրա ընտանիքի շահերից:

Ժաննա Աղաբաբյանի և առողջապահության փոխնախարարի ընտանիքի բիզնեսը

«Առողջ Ապագա Բժշկական Կենտրոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002թ. հունիսին: Ընկերության բաժնեմասը 50/50 բաշխվել է Ժաննա Աղաբաբյանի ու Լիլիթ Գասպարյանի միջեւ: Վերջինս Վաղարշապատի պոլիկլինիկայի տնօրենն է` առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի կինը: Ընկերությունը ղեկավարում է փոխնախարարի որդին` Էդգար Պողոսյանը:

«Առողջ Ապագա Բժշկական Կենտրոն» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն Էջմիածին քաղաքն է: Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են` պատրաստի դեղորայքի գնումն ու վաճառքը, առողջապահական ծրագրերի իրականացումը, հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպումը, բժշկական և իրավաբանական գործունեությունը և այլն:

Նշենք, որ Գալուստ Սահակյանի կինը այս ընկերության բաժնետեր է դարձել ավելի ուշ`2005-ին: Մինչ այդ Լիլիթ Գասպարյանի հետ միասին ընկերության բաժնետերեր են եղել վերջինիս ազգական Մարուշ Մելքոնյանը և փոխնախարար Պողոսյանի մորաքրոջ որդին` Վահրամ Հարությունյանը:

Մինչև փոխնախարարի որդու` տնօրեն նշանակվելը Վահրամ Հարությունյանը եղել է նաև «Առողջ Ապագա Բժշկական Կենտրոն» ՍՊԸ-ի տնօրենը:

«Մեդիպրիզ» ՍՊԸ-ն ևս 2006թ. մարտին է հիմնադրվել: Այստեղ բաժնետերերը երկուսն են` Ժաննա Հարությունյանը և Վահրամ Հարությունյանը` 50-ական տոկոս բաժնեմասերով: Ուշագրավն այն է, որ Ժաննա Հարությունյանը նույն ինքը Ժաննա Աղաբաբյանն է, սակայն, չգիտես ինչու, բաժնետերերի ցուցակում նրա ազգանունը Հարությունյան է գրվել: Հենց նա է «Մեդիպրիզ» ընկերության տնօրենը:

Թեև «Մեդիպրիզ» ՍՊԸ-ն գործող է, սակայն նրա գործունեության մասին որևէ տեղեկատվություն չկա: Իսկ իրավաբանական հասցեն դարձյալ Էջմիածին քաղաքում է: Էջմիածինն էլ պատահական չէ ընտրված. առողջապահության փոխնախարար Պողոսյանի կինը էջմիածինցի է:

Ժաննա Աղաբաբյանն ու որդիները

Գալուստ Սահակյանի կնոջ և որդիների բիզնես գործունեության մեծ մասի վերաբերյալ տեղեկություններ չկան: Ընկերությունները գործող են, սակայն նրանց անունը որևէ կերպ չի շրջանառվում:

«Ժ.Տ.Ա.Ս.» ՍՊԸ-ի բաժնետերերը մայր ու որդի են` Ժաննա Աղաբաբյանը և նրա առողջապահության փոխնախարար որդին` Տիգրան Սահակյանը: Ընկերության բաժնեմասերի 66%-ը Տիգրան Սահակյանինն է, իսկ 34%-ը` Ժաննա Աղաբաբյանինը: Այս ընկերության գործունեության մասին հանրությանը հասանելի տեղեկատվական բազաներում ևս տեղեկություններ չկան: Միայն հայտնի է, որ այն գործող ընկերություն է և հիմնադրվել է 2000թ.:

Նշենք, որ Տիգրան Սահակյանը իր գույքի ու եկամուտների հայտարարագրում, բացի աշխատավարձից, հայտարարագրել է նաև զգալի դրամական միջոցներ, ինչպես նաև` եկամուտ, որը ստացել է մի քանի միավոր գույքի վարձակալության վարձավճարներից:

Տիգրան Սահակյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրն ըստ տարիների

 

2011թ.

2012թ.

2013թ.

Դրամական միջոց

 

դրամ

 

43.740.000

 

84.445.517

 

85.831.617

դոլար

0

0

0

Եկամուտ

29.728.202

51.033.548

7.386.100

Այդ թվում` վարձակալության դիմաց ստացած վճար

26.917.710

48.600.000

4.929.750

«Հայր և որդի Սահակյաններ» ՓԲԸ-ն ևս Սահակյանների ընտանիքին է պատկանում: Այս ընկերությունը հիմնադրվել է 2009թ., և չորս ամիս այն ղեկավարել է Ժաննա Աղաբաբյանը: Դրանից հետո ընկերության ղեկավարը եղել է Նորայր Ապերյանը: Վերջինս ղեկավարում է նաև Սահակյաններին պատկանող «Ժ.Տ.Ա.Ս.» ՍՊԸ-ն:

«ՆԱՐԵԿ-84» ՍՊԸ-ն զբաղվում է պարենային և կենցաղային ապրանքների, տեքստիլ, կոշիկի, հագուստի, շինանյութերի, կոսմետիկ ապրանքների առևտրով: Ընկերության բաժնեմասի 50%-ը պատկանում է Գալուստ Սահակյանի փոխնախարար որդուն` Տիգրան Սահակյանին:

Ընկերությունը հիմնադրվել է 1996թ. և այս պահին ժամանակավորապես չի գործում:

Սահակյանների ու նրանց մերձավորների երթուղային գծերը

Սահակյանները ոչ միայն առևտրով են զբաղվում, այլև «իրենց ուժերը փորձում են» քաղաքային երթուղիների սպասարկման ոլորտում:

Երևանի թիվ 57 ավտոբուսային երթուղին սպասարկում է «Արդինի Ստուդիա» ՓԲԸ-ն: Ընկերությունը պատկանում է Գալուստ Սահակյանի որդուն` Արման Սահակյանին, ով պետական գույքի կառավարման վարչության պետն է: Նշենք, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2001-ին:

Արման Սահակյանին է պատկանում 2010թ. հիմնադրված «ՍԱ-ՂԱ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի 50% բաժնեմասը: Բաժնեմասի մյուս կեսը պատկանում է երևանաբնակ Արսեն Ղազարյանին: Այս ընկերությունն էլ շահագործում է թիվ 64 միկրոավտոբուսային երթուղին:

Իր գույքի ու եկամուտների հայտարարագրերում Արման Սահակյանը միայն 2013թ. է նշել, որ ընկերություններից շահաբաժին է ստանում, մնացած դեպքերում ստացած եկամուտը նշված է որպես վարձակալությունից ստացած վճար:

Արման Սահակյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրն ըստ տարիների

 

2011թ.

2012թ.

2013թ.

Դրամական միջոց

 

դրամ

 

95.000.000

 

101.500.000

 

144.000.000

դոլար

0

0

0

Եկամուտ

24.394.409

25.926.253

23.098.775

Այդ թվում` վարձակալության դիմաց ստացած վճար

22.200.000

16.650.000

20.682.268 շահաբաժին

Երևանում երթուղային գիծ ունի նաև Արման Սահակյանի աներորդին: «ԺԱԿ-ԺԱՆ» ՍՊԸ-ն շահագործում է Երևանի թիվ 37 միկրոավտոբուսային երթուղին: Այս ընկերության միակ սեփականատերը Արման Սահակյանի կնոջ եղբայրն է` Ռաֆայել Հակոբյանը:

Նշենք, որ Արման Սահակյանին է պատկանել «Ռիչ Ֆրենդս» ՍՊԸ-ի բաժնեմասի 45%-ը: Ա. Սահակյանը 2010թ. հիմնադրված ընկերության սեփականատեր դարձել է 2011թ.: Նա դուրս է եկել ընկերությունից և 2013թ. «Ռիչ Ֆրենդս» ՍՊԸ-ի միանձնյա սեփականատեր է դարձել Տիգրան Բաղդասարյանը: ՍՊԸ-ն զբաղվում է ծխախոտի մասնագիտական վաճառքով:

«Ռիչ Ֆրենդս» ընկերության 2011-2012թթ. տնօրենը՝ Լևոն Հարությունյանը, այժմ Արման Սահակյանի օգնականն է:

Մնում է Գալուստ Սահակյանից հետաքրքրվել` դեռ երազու՞մ է թանկարժեք ավտոմեքենայի, առանձնատան ու բիզնեսի մասին, թե՞ նրա երազանքն արդեն իրականություն է դարձել:

Մեկնաբանություններ (4)

Պարսեղ
մուկին համեմատ Կալուստին ունեցվածքը քիչիք սակավ կերեւի, վերջն ալ, իշխանութիան վերին անձ ըլլալով, խեղճ մարդ բան մը պիտի չծամէ?
Յարութիւն
Մուկն ալ թող սատկէ երթայ, Առնետն ալ։
Maruk
3-ին: Պիտի հասկանանք որ բոլորն են ձգտում մյուսների շալակը բարձրանալ, ինչքանով որ կարողանում են: Այստեղ հիմնական մեղավորները նրանց տակ կզողները, նրանց փշրանքով բավարարվողներն ու իրենց ծառայողներն են, որոնք, ցավոք, շատ են մեր ժողովրդի մեջ: Այս մեկը տիպիկ ներկայացուցիչ է:
Հարություն
Սրանք այն մարդիկ են, որ ելել են շալակը Հայաստանի: Նողկալի մարդիկ, ոչ մի աշխատանքի ընդունակ չեն, մենակ փայ մտնել գիտեն, շաշիկի նման: Ողորմելի պորտաբույծներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter