HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Քուրդ Էվլիյա Գյումուշթեքինի սպանության համար մեղադրվող Մաքսիմ Բաքոյանի դատաքննությունը հետաձգվեց անորոշ ժամանակով

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է ազգությամբ քուրդ 54-ամյա Էվլիյա Գյումուշթեքինի սպանության վերաբերյալ գործի դատաքննությունը: Սպանության մեջ մեղադրվող 25-ամյա Մաքսիմ Բաքոյանն, ով Էվլիյայի խորթ տղան է, ընդունել էր առաջադրված մեղադրանքը եւ հայտարարել, որ վրեժխնդիր է եղել մոր՝ Մայա Բաքոյանի մահվան համար:

Ազգությամբ եզդի Մայա Բաքոյանին 2013թ. հունիսին Թուրքիայի Հանրապետությունում սպանել էր երկրորդ ամուսնու եղբայրը՝ Յուսուֆ Գյումուշթեքինը: Մինչեւ Թուրքիա մեկնելը Մայան եւ Էվլիյան 12 տարի բնակվել են Գյումրիում, Մուշ թաղամասի բազմաբնակարաններից մեկում: Սպանությունից օրեր առաջ ամուսինները որոշել են գնալ Էվլիյայի հայրենիք՝ իրենց 8-ամյա որդուն մուսուլմանական ավանդույթներով կնքելու համար:

Մայայի քույրը՝ Բասե Շարոյանը, հետագայում լրատվամիջոցներին պատմել էր, որ քուրդ խնամիները չեն ընդունել եզդի հարսին, ստիպել են կրոնափոխ լինել, վեճ է ծագել եւ Յուսուֆ Գյումուշթեքինը հրազենով ծանր մարմնական վնասվածք է հասցրել Մայային: Ստացած վերքերից վերջինս մահացել էր: Թուրքիայում կայացած դատաքննությունն ավարտվել էր հօգուտ Յուսուֆի: Մոր սպանությունից հետո Գերմանիայում գտնվող Մաքսիմ Բաքոյանը վերադարձել էր Գյումրի եւ իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա երկու զավակների հետ ապրել նույն տան մեջ:

Բասե Շարոյանը պատմել էր նաեւ, որ Մաքսիմի վերադառնալուց հետո մշտապես տանը վեճ է եղել խորթ հոր հետ: Վերջինս Մաքսիմին զրկել է տան սեփականության իրավունքից եւ ամեն առիթի հասկացրել, որ նրա ներկայությունն անցանկալի է:

2014թ. մարտի 15-ին, գիշերը ժամը 22-ին հերթական վեճից հետո Մաքսիմը շենքի բակում դանակահարել է խորթ հորը: Մորաքույրը լրատվամիջոցներին պատմել էր, որ վեճի առիթն եղել է Էվլիյայի արտահայտությունը, թե պատրաստվում է գնալ Թուրքիա՝ Մայայի արյան գինը ստանալու: Տղան խորթ հորը մեղադրել է մորը հանուն փողի դիտավորյալ սպանել տալու մեջ:

Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանություն:

Փետրվարի 10-ին կայացած դատական նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդ Ջ. Չագինին հայտարարել էր , որ հրաժարվում է փաստաբան Սուսաննա Մխիթարյանի ծառայություններից՝ ելնելով վերջինիս անվտանգությունից: Նա նկատել էր, թե իրենց ներկայացուցչի նկատմամբ կա ագրեսիվ եւ հարձակողական տրամադրություն հակառակ կողմի մոտ: Իրենք չեն ուզում վտանգի ենթարկել փաստաբանի անձը եւ հրաժարվում են նրա ծառայություններից:

Այսօր կայացած դատական նիստին տուժող կողմը չէր ներկայացել: Մեղադրող դատախազ Արմեն Շիրոյանը տեղեկացրեց, որ տուժող կողմը դեռեւս չի գտել փաստաբան, ով կներկայացնի իրենց շահերը դատաքննության ընթացքում եւ խնդրեց դատավոր Մարտին Սարոյանին դատական նիստը հետաձգել՝ մինչեւ տուժող կողմը կարգավորի խնդիրը, նաեւ` պարզվեն պատճառները, թե ինչու այսօր չեն ներկայացել դատարան: Դատավոր Մարտին Սարոյանը նիստը հետաձգեց անորոշ ժամանակով՝ հույս հայտնելով, որ տուժող կողմը հարցը կկարգավորի ողջամիտ ժամկետներում:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես շատ մեղմ կվերաբերեի Մաքսիմ Բաքոյանին: Իսկ ի՞նչ կանեիր դու,եթե քո՛ մորը դաժանաբար սպանեին: Ամենամեղքը այդ որբացած 2 անչափահաս երեխաներն են. նրանց պիտի թողնել Հայաստանում ու (գոնե մի փոքր) սեր ու ապահովություն տալ իրենց: ՀԳ. Եղեռնի ժամանակ բավականին (մուսուլման) քրդեր առնվազն 7 հայ էին սպանում, որ «դրախտ գնան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter