HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանդակավոր շապիկների վրա նրա մահից հետո ոչ մի թռչուն չգտանք

Մանե Գրիգորյան

Հայրս երկու հիվանդ, անչափ գեղեցիկ երեխաների հայր էր, երազում էր, որ երրորդը տղա ծնվի: Մեքենայում նստած են հայրս ու մայրս: Տարիների հեռավորությունը չի կարող աննկատ լինել: Ես նրան նոր գույներ եմ տվել: Առնական արտաքինով, լիրիկ սրտով տղամարդ էր, ծոցագրպանում Տերյանի բանաստեղծությունների կանաչ գրքույկն էր պահում, չգիտեմ` արդյոք կանաչը ներծծվել էր հորս մեջ, բայց մի բան հաստատ է`տարիների ընթացքում գիրքը խամրել
էր: Հայրս արտաքուստ փշեր ուներ, տեսնես մայրս երբևէ հասա՞վ նրա կանաչ տարածությանը:

Ուրեմն նստած են մեքենայում, մայրս ասաց` աղջիկ է ծնվելու, հայրս տխրեց, մի քանի րոպե լռեց, հետո ձեռքը ղեկին խփեց, մայրս ասում է` բարձրաձայն հայհոյեց իրեն, որ մի պահ, շատ կարճ ակնթարթ ուրիշին էր սպասել:

Իմ ծննդից 6 տարի հետո հայրս պետք է մեռներ: Ինձ թվում էր` մենք նոր տուն ենք ստացել. սպիտակ տունը իմ մանկության պարահանդեսի սրահն էր, համոզված էի` նման սալահատիկներ միայն այդ տանը` հիվանդանոցում և արքայական պալատում կարող էր լինել, և ես սահեցնելով ոտքերս գնում էի խանութ` կեֆիր առնելու: Միշտ խոշոր գումար էին ձեռքս տալիս, որ ընթացքում շփոթվեի, մտածեի թվերի մասին: Հայրս մտահոգվում էր, որ մաթեմատիկա չեմ հասկանում, ասում էր մորս` չի հասկանում, ընդամենը խնձորներից ենք խոսում, բայց չի հասկանում: Մայրս հանգստացնում էր, հիշեցնում, որ երեխա եմ:

Ես բավականին շփոթված աղջնակ էի, քոլեջիս ավարտական հանդեսին հարևանուհու վարդագույն զգեստն էի հագել, որի գոտկատեղը թռնում էր վերև, բայց ոչ մեկ ավելի ժամանակ չուներ ինձ համար…հորս հաշված օրեր էին մնացել: Մայրս ասել էր` քեզ էնպես պահի իբր շորը քոնն է:
Ես զգում էի` մարմինս ուրիշ է, կարծես կոնքերս թափվող վարդագույն շերտերի տակ թաքնված միայնակ կղզյակներ լինեին, և ոտքերս անփութորեն գեղեցիկ էին, ծնկներս սպիտակ չէին, որովհետև հերթական վերքը չէր հասցնում չորանալ, երբ ես վաստակում էի նորը... մայրս զարմանում էր` ինչպես կարելի է այդքան չզգալ գետինը:

Պատահում էր, որ տուն էինք վերադառնում, ես շատ կարճ ժամանակ կարող էի հպվել հորս չորացած մարմնին, կարծես վանդակաճաղերը գրկեի ու հետևում լսեի հուսահատ ու տխուր մարդու մենակությունը…հիշում եմ` չգիտեինք ինչ խոսել, որովհետև մեր հանդիպումները այլ հայրերի ու դուստրերի հանդիպումների պես չէին. մենք վախենում էինք:

Մորս վարդագույն բլուզի վրա լայն, ոսկեգույն ցիլինդրով կնոջ դիմանկար է, այնքան համարձակ ու կանացի էր մայրս, հայրս միշտ գույնզգույն շորեր էր նվիրում մեզ: Դեղին շորը` սև պուտերով, գրկում էր մորս կուրծքը:

Հորս մահից հետո մայրս ինձ կարմիր կոշիկ գնեց, ես լալիս էի տոնավաճառում, կարծես կարմիրը մի տեսակ անհարգանք լիներ իմ անձի հանդեպ: Այսինքն՝ հիմա, երբ հետադարձ հայացք եմ նետում, տեսնում եմ ինձ` կարմիրի առջև փոքրացած. կարծես մի անշնորհք ուրախություն գրկում էր ոտքերս:

-Ախր, սա փայլուն կարմիր է,- լացելով՝ վանկարկում էի ես:

Մայրս երկար չխոսեց հետս, փող էր մի կողմ դրել, որպեսզի ինձ համար հենց կարմիր կոշիկ գներ:

Նա դուռը փակում էր վրաս, ու մինչ ես նայում էի Հարուստները նույնպես լալիս են հեռուստասերիալը, անհեթեթեթ ցածր աշխատավարձի դիմաց նա վաճառում էր իր ժամերը: Ես քրոջիցս ինձ փոխանցված գույնզգույն մատիտներով գիշերազգեստն էի հագնում, որը թափվում էր ուսերիցս, ուրվագծվում էր` ցից ոսկորները գրկած ցորենագույն մաշկս:

Հորս վանդակավոր վերնաշապիկների մեջ նրա մահից հետո ոչ մի  թռչուն չգտանք: Վանդակաճաղերը բաց ճյուղեր էին, որոնց վրա շարվում էին նրանք: Հայրս իր հետ տարել էր իր երամը... իր բոլոր մտքերը, երազանքները, սիրելի կանանց մասին հիշողությունները, նրանց հարազատ, հեռու ու մոտիկ կերպարները թռել էին հեռու.այնտեղ, ուր ես ու մայրս
չէինք կարող հասնել:

Մայրս ինձ համար բլուզներ էր գործում` կանաչի մեջ խոյացող ամրոց, սյուներ, կենդանիներ, մանկական մարմինս մինչ գոտկատեղ ծածկվում էր նրա գործած ծաղիկներով: Գործելիս մայրս հաշվարկում էր այնպես, որ  մի քանի տարի հագնեմ, և այնպես էր ստացվում, որ դրանց մեջ պարզապես մեծանում էի: Մորս գույնզգույն թելերի մեջ մարմինս սկզբում աննկատ
տարեցտարի ավելի հստակ էր ուրվագծվում:

Մայրս հեռուստահաղորդումներ էր նայում, ու ձեռքերը արագ շարժվում էին, մի թելը մյուսի մեջ, հետո հաջորդի, ով կմտածեր` մորս ներսում այդ գույներից և ոչ մեկը չկար, վաղուց ադեն նրա ներսի գույները խառնվել էին, մնացել էր անկանոն, խամրած երանգների տարածությունը` հիշողություն գույների մասին:

Ես հաճախ մեկուսանում էի սենյակում: Մայրս կանչում էր, որպեսզի հյուրերի մոտ մի խելացի բան ասեմ, կարդամ նոր գրած բանաստեղծությունս` հատկապես, երբ դա հորս և նրա մասին էր: Դպրոցում բանաստեղծություններիս տետրակը ձեռքից ձեռք էր թռնում, ես մի տեսակ ամաչում էի իմ մտքերի համար, տանը սրբագրում էի բոլոր արցունքներս, շարունակում գրել:

Կարծես դպրոցն ու ես բոլորովին այլ հարթություններ լինեինք: Մի աղջկա հետ էի ընկերացել: Երկուսս էլ չէինք հասկանում` ինչպես կարող ենք այդ տարածքում ինքնակազմակերպվել:
Դասի ընթացքում սեղանին մատներով հարվածում էինք, ընկերուհիս ասում էր` Ման, ներսումս երաժշտություն է լսվում: Ես միանում էի նրա երաԺշտությանը, երկուսով հարվածում էինք սեղանին, ուսուցչուհին պահանջում էր, որ դադարեցնենք թմբկահարել…մենք հանդուգն պատասխանում էինք.

-Ընկեր Ի., դուք այստեղ թմբո՞ւկ եք տեսնում, ո՞ւր է,- ձեռքներս օդ էինք բարձրացնում. մենք այն տարիքում էինք, երբ մեզ թվում էր` թմբկահարվում են միայն թմբուկները:

Դասերից փախչում էինք, սողոսկում մանկապարտեզի այգիներից մեկը, թռնում ցանկապատի վրայով, մարզվելու համար նախատեսված ձողերին փռվում ու նայում երկինքը ծածկող ծառին, տերևների լուռ հնազանդությանը, աննշան ջղաձգմանը, երբ քամին անցնում էր նրանց կողքով:

Դասարանցիներս կատակներ էին անում մեր մեքենայի շուրջ, որը հայրս էր մեզ թողել, և որի վրա մայրս մեծ ջանք, ժամանակ էր ներդնում: Ես բազմաթիվ օրեր անցկացնում էի արհեստանոցներում: Դասարանցիներս ասում էին` դե Մանեն պապա չունի, դրա համար մաման ա մեքենան քշում, իսկ նորմալ դեպքերում էդ էդպես չի: Դա այն տարիներն էին, երբ կին վարորդները  շատ ավելի քիչ էին, քան այսօր:

Մայրս եղունգները կարմիր լաքով էր ծածկում:

Ես աշխարհը ուզում էի դեղին տեսնել, մինչդեռ իմ ներսի դեղինը կարծես վախվորած նորածին լիներ` ճառագայթող աչքերով:

Մահը իր ետևից սրբո՞ւմ է բոլոր գույները: Երազիս անապատ էր, արևի պես դեղին ու հրկիզվող հող, մայրս` ծածկված քաթանե կտորով, հոսող առվակի լայնությամբ ճանապարհը տանում էր հորս գերեզման, մյուս կողմում Հիսուսի գերեզմանն էր: Ես ընտրում եմ երկրորդ ճանապարհը՝ համոզված, որ կգտնեմ Աստծուն: Տապանաքարին գտա նրա մասին չպատմող սպիտակ զգեստը, շուրջբոլորը պտտվող աչքերս չհանդիպեցին նրան: Շնչակտուր վազում եմ հորս գերեզման, սենյակը ողողված է կապույտ լույսով, մայրս նստած է մեռած հորս ոտքերի մոտ… իմիջիայլոց նետում է` քիչ առաջ, մինչ դու Աստծուն էիր փնտրում, ես հորդ հետ էի խոսում: Զգում էի` ոնց է սիրտս բարձրանում, խցանվում կոկորդումս… մամ, իմ մասին ինչ-որ բան ասաց…  իմ մասին ինչ-որ…մամ…սրտիս արագությունից վեր եմ թռչում:

Տեսնես ինչ են խոսել, գրողը տանի, ոսկեգույն ցիլինդրով կնոջից ոչինչ չի մնացել, աչքերի ոսկեգույն ուրվագիծը գուցե: Լարվածությունը նվագում է մեր տան բոլոր լարերի վրա, երբ հայրս մահացավ, միևնույն տարայի մեջ գտնվող երեք կանաչ բույսերից մեկը դեղնեց, աղոտ հիշում եմ, մայրս պատմում էր` այդ ժամանակ պատշգամբում աղունիկները բույն դրեցին, հարևանն ասում էր` վատ նշան է, պետք է քշեիր:

Մեզնից բոլոր գույները հորս մեկնումի հետ անհետացան:

Մենք այլևս դժվար ենք միմյանց լեզուն հասկանում, կարծես հայրս իր հետ սրբեց ու տարավ մեր հատման կետերը, տարբեր բևեռներում տարբեր երկինքների նայող ու տարբեր աստվածների սիրող ես ու նա` մայրս, որ  մինչև հիմա զարմանում է` ինչպես կարելի է այդքան չզգալ գետինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter