HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էժան թմրանյութ են ձեռք բերում, բայց շատ թանկ են վճարում դրա համար»

Գայանե Սարգսյան

Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում ներկայումս հաշվառված է թվով 60 ներերակային թմրամոլ: Եվս 90-ը գտվում են պրոֆիլակտիկ հաշվառման մեջ: Գրանցված թմրամոլների գերակշիռ մասը Վանաձորից և Գուգարքի տարածաշրջանից է: Նրանց մեջ անչափահասներ ու իգական սեռի ներկայացուցիչներ չկան: Թմրամոլներից ամենաերիտասարդը՝ 21, ամենատարեցը՝ 52 տարեկան է:

Թմրաբան Հովհաննես Ամիրխանյանը, ով 7 տարի է՝ աշխատում է դիսպանսերում, կարծում է, որ թմրամոլների իրական թիվը մարզում մի քանի անգամ ավել է գրանցվածից:

Վերջին մեկ-երկու տարիներին դիսպանսերում նվազել է ստացիոնար բուժում ստացողների թիվը. տարեկան բուժվում է 6-7մարդ: Մինչեւ 2012թ.-ը ստացիոնար բուժում էր ստանում տարեկան միջինը 14-15 մարդ: Պետության կողմից ստացիոնար բուժման կուրսը սահմանվել է 20 օր: Թմրամոլի 1 օրվա ստացիոնար բուժման համար պետությունը հատկացնում է շուրջ 6.500 դրամ, որը ներառում է դեղորայքը, սնունդը, սպասարկող անձնակազմի աշխատավարձը և այլն:

Ստացիոնար բուժում ստացող հիվանդների թվի կտրուկ նվազումը թմրաբանի կարծիքով կապված է նաեւ մեթադոնային փոխարինող բուժման ներդրման հետ:

ՀՀ-ում «Մեթադոնային փոխարինող բուժման տրամադրում ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց» ծրագիրը սկսել է իրականացվել 2009 թվականի հոկտեմբերից ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայում (ներկայումս՝ ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ) «Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն» հկ-ի և «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայի հետ համատեղ Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ:

2010 թ.-ի օգոստոսից ՄՓԲ-ն իրականացվում է ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայի (ներկայումս՝ ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ) կողմից, իսկ 2012 թվականի հուլիսից՝ «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ի կողմից ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի» շրջանակներում:

Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում մեթադոնային բուժման ծրագրից տարեկան օգտվում է միջինը 20-30 մարդ:

«Ակտիվ թմրանյութ օգտագործողների մեծ մասը, որոնք միշտ դիմել են, բուժվել են,  հիմնականում ընդգրկվել են այդ ծրագրում: Կանոնավոր հաճախելով՝ նրանք ստանում են մեթադոնային փոխարինող բուժում և այլևս հիվանդանոցային բուժում ստանալու կարիքը չի լինում»,- ասում է Հ. Ամիրխանյանը: 

Մյուս կողմից էլ՝ հիվանդները խուսափում են ստացիոնար բուժում ստանալուց նաեւ բաժանմունքի ընդհանուր լինելու պատճառով: Թմրամոլների համար բաժանմունքը մեկուսացված չէ, միևնույն բաժանմունքում բուժում են ստանում նաեւ հոգեկան խնդիրներով հիվանդները:

«Ըստ էության, ճիշտ կլիներ, որ բաժանմունքն առանձին լիներ, բայց մեր շենքային ու ֆինանսական հնարավորություններից ելնելով՝ առայժմ նման հնարավորություն չկա»,- նշում է թմրաբանը:

Մեթադոնային բուժումը դիսպանսերում առաջարկվում է ոչ բոլորին: Սա նրանց համար է, ովքեր, այսպես ասած, ստաժավոր թմրամոլներ են, ունեն մինչ այդ գրանցված բուժման մի քանի անհաջող փորձ, առողջական վիճակի հետ կապված տարբեր բարդություններ:

«20-22 տարեկան, առաջին անգամ դիմած երիտասարդին, բնական է, այդ ծրագրում չենք ընդգրկի, փորձում ենք ընդհանրապես ազատել որևէ տեսակի թմրանյութի կախվածությունից: Եթե մի քանի անգամ կիրառվող բուժման փորձերն անհաջող են լինում, նոր միայն առաջարկում ենք մեթադոնային բուժման եղանակը»,- ասում է բժիշկը:

Լոռիում առավել տարածված են ափիոնի խմբի թմրամիջոցները: Վերջին տարիներին լայնորեն կիրառվում է դեղահաբերից անջատվող դեզոմորֆինը:

Հ. Ամիրխանյանը նշում է, որ բավականին լայն է այդ դեղամիջոցների ցանկը. «Դրանց մի մասը ՀՀ կառավարության որոշմամբ մտցվեց հոգեմետ, հսկվող դեղամիջոցների ցանկի մեջ: Սակայն Հայաստանում գրանցվում են այլ ֆիրմաների դեղամիջոցներ, որոնք էլի պարունակում են այդ թմրանյութը: Մինչև դրանք են գրանցվում, հիմա էլ նոր դեղամիջոցներ են բերվում Հայաստան: Ու այդպես, այդ արատավոր շղթան շարունակվում է»:

Թմրանյութերի այս տեսակի կիրառման դեպքում մարդու մոտ առողջական խնդիրները շատ ավելի արագ են գլուխ բարձրացնում: 

«Պատճառն այն է, որ դրանք մաքուր թմրանյութեր չեն և այն լուծիչները, որոնք օգտագործում են տնային պայմաններում, հնարավորություն չեն տալիս լիովին զատել թմրանյութը: Արդյունքում բացի իրական թմրանյութը նաև թույներն են անցնում օրգանիզմ և շատ արագ առողջությունը քայքայում: Թմրամոլների 90 տոկոսի մոտ առաջանում է ծնոտների ոսկրի թարախային բորբոքում, ծնոտը սկսում է քայքայվել: Հետագա կարող է առաջանալ մենինգիտ, աբսցես,- ասում է բժիշկը,-մտածում են, որ էժան թմրանյութ են ձեռք բերում, բայց շատ թանկ են հատուցում դրա համար: Գրեթե բոլոր թմրամոլները տառապում են հեպատիտ C-ով, շատ են նաև ՄԻԱՎ վարակակիրները»:

Հայաստանում տարեցտարի ավելանում է մեթադոնային բուժման եղանակից օգտվողների թիվը: Եթե 2009թ.-ին բուժման այս եղանակից օգտվում էր 32 մարդ, ապա 2010-ին՝111, 2011-ին՝ 160, 2012-ին՝ 116, 2013-ին՝ 312:

Հ. Ամիրխանյանը նշում է, որ բուժման այս եղանակը թույլ է տալիս տարբեր հիվանդությունների հետ կապված բարդություննների առաջացումը հասցնել նվազագույնի.

«Մեթադոնը ըստ էության թմրանյութ է, որն օգտագործելով հիվանդն այլ թմրանյութի կարիք չի ունենում: Իմաստն այն է, որ այսպիսով բացառվում են ներերակային ճանապարհով փոխանցվող տարբեր վարակները, որոնք շատ տարածված են բենզինային թմրանյութեր օգտագործողների մոտ»: 

Ըստ 2014թ.-ին հրապարակված «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույցի՝ 2013 թ,-ի վերջին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1.586 դեպք, որից 1.109-ը եղել են տղամարդիկ: ՄԻԱՎ-ով վարակված տղամարդկանց 41,6 տոկոսը  եղել են թմրամիջոցների ներարկային օգտագործողներ»:

Լոռու հոգենյարդաբանական դիսպանսերում առաջնակի հիվանդները մեծ թիվ չեն կազմում: Թմրանյութ օգտագործողները շատ հաճախ խուսափում են դիմել բժշկի օգնությանը: Մասնագետի հավաստմամբ՝ Լոռիում թմրամոլների դիմելիության պիկ է գրանցվել 2009-2010թթ.-ին, երբ առանց իրացնելու թմրամիջոցներ օգտագործելու համար սահմանվեց վարչական պատասխանատվություն՝ տուգանք:

Բժշկի չդիմելու համար, սակայն, թմրամոլներն այժմ այլ պատճառներ ունեն: 

«Մտավախություն ունեն, որ հետագայում վարորդական իրավունքի հետ կապված խնդիրներ կարող են ունենալ»,- ասում է Հ. Ամիրխանյանն ու պարզաբանում, որ վարորդական իրավունքի հետ կապված խնդիրներ, իրոք, առաջանում են:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում տարեցտարի ավելանում է թմրամոլների թիվը: «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույցի» տվյալներով եթե 2009թ.-ին նարկոլոգիական ծառայություններում հաշվառված էր թմրամիջոց օգտագործող 1686 անձ, ապա 2011-ին՝ 3893, 2013-ին՝ 4922: Այժմ այդ ցուցանիշը հատում է 5.000-ի սահմանագիծը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով 2014թ.-ին գրանցվել է թմրամիջոցների հետ կապված 1046 հանցագործություն՝ 2013թ.-ի 1222-ի դիմաց: Ու թեև ընդհանուր թիվը նվազել է, սակայն ավելացել են թմրանյութերի հետ կապված հանցագործությունները՝ իրացման նպատակով. 2014-ին գրանցվել է 571, 2013-ին՝ 527 դեպք:

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների աճ է նկատվել Լոռու մարզկենտրոնում՝ Վանաձորում. 2014թ.-ին գրանցվել է 46 դեպք՝ 2013-ի 29-ի դիմաց:

ՀՀ ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը ցուցանիշի կտրուկ ավելացման պատճառների թվում մատնանշում է 2014թ.-ին Վանաձորի քրեկատարողական հիմնարկում գրանցված 8 դեպքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter