HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պերմյակովի ու 1999-ի միջադեպի քրգործերի տարբերությունները

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակում, որտեղ և գտնվում է արխիվը, «Հետքը» ծանոթացել է 1999 թ.-ին 2 ռուս զինծառայողներ Ալեքսեյ Կամնևի և Դենիս Պոպովի վերաբերյալ քրեական գործի նյութերին:

16 տարվա վաղեմության քրեական գործին անդրադառնալու շարժառիթն այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանությունն է: Հաճախ են զուգահեռներ անցկացվում երկու ողբերգական դեպքերի միջև, քանի որ երկու դեպքում էլ առաջին՝ մեղադրյալները ռուս զինծառայողներ են, երկրորդ՝ քրեական գործերը հարուցվել են սպանությունների ու դասալքությունների հատկանիշներով, երրորդ՝ ողբերգական դեպքերը տեղի են ունեցել Գյումրիում: 

Սակայն 1999 թ.-ին քննված 9-հատորանոց (որից 2-ը կազմել է ՌԴ զինվորական դատախազությունն, ապա հանձնել հայկական կողմին) քրեական գործի նյութերին ծանոթանալով՝ «Հետքը» պարզեց, որ էական տարբերություններ կան երկու գործերի քննությունների միջև:

Ո՞րն է 1999 թ.-ի ապրիլի 14-ին Գյումրիում տեղի ունեցած հանցագործության մոտիվը

Ըստ գործի նյութերի, Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ սահմանապահ զորքերի թիվ 2012 զորամասի զինծառայողներ Ալեքսեյ Կամնևն և Դենիս Պոպովը 1999 թ.-ի ապրիլի 14-ի առավոտյան, առանց վերադասների թույլտվության լքել են զորամասի տարածքը: Նրանք նպատակ են ունեցել Գյումրիից նախ զանգահարել Վորոնեժ՝ զրուցելու Պոպովի հարազատների հետ, ապա փոխել են իրենց մտադրությունն ու մտել սրճարան, պատվիրել կարկանդակ և երկու շիշ օղի: Հետո նրանք դուրս եկել փողոց ու մոտակա զբոսայգու հասարակական զուգարանից օգտվելու փոխարեն, փորձել բնական կարիքները հոգալ Ջիվանու 85 բնակելի շենքի բակում: Բնակիչների նկատողություններից հետո, գործի նյութերի համաձայն, վեճ է սկսվել: Վկաների հարցաքննություններից պարզ է դառնում, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող զինծառայողները մոտ 10 րոպե հայհոյել են բնակիչներին, բայց վերջապես հեռացել:

Սակայն զորամաս վերադառնալու ճանապարհին Կամնևն ու Պոպովը դարձյալ քաղաք վերադառնալու ու խաղաղ բնակիչներից հաշվեհարդար տեսնելու, իսկ դրանից հետո ՌԴ գնալու հանցավոր գործողություններ են ծրագրել: Այդպիսով՝ զորամաս հասնելով՝ 3 համածառայակիցներից խլել են զենք (АКС-74 և «Մակարով»), զինամթերք, սվին-դանակներ, փամփուշտներ՝ նրանց առողջությանը պատճառելով թեթև և միջին ծանրության վնասվածքներ, ապա կարողացել դուրս գալ քաղաք: Մոտ մեկ ժամ՝ 15:30-ից մինչև 16:20 շուրջ 1 կմ տարածքում՝ Մայակովսկու փողոցից մինչև Շահումյան փողոց՝ «Լաչինի միջանցք» կոչվող տարածքում, անկանոն կրակ են բացել քաղաքացիների ուղղությամբ՝ երկուսին պատճառելով մահ, 7-ին՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Եվ միայն գյուղմթերքների շուկայում գտնվող քաղաքացիների շնորհիվ է, որ հաջողվել է զինծառայողներին վնասազերծել՝ զինաթափելով:

«Նիվա» մեքենայի վարորդ Վաղինակ Սիմոնյանը մահացել է

Այսինքն՝ հանցագործությունների շղթան սկսվել է 1999 թ.-ի ապրիլի 14-ի առավոտից՝ ՌԴ զորամասից (զորամասն ապօրինի թողնելը), ապա անցել ՀՀ տարածք (խուլիգանություն), հետո նորից ՌԴ ռազմաբազայի տարածք (զենք, զինամթերքի հափշտակություն, խուլիգանություն, համածառայակիցների առողջության վնասում) և հանցագործոթյունների շղթան ավարտվել է ՀՀ տարածքում (սպանություններ, սպանության փորձեր, քաղաքացիների կյանքին և առողջությանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների պատճառում):  

Տարբերություն 1.

Զինծառայողներին ձերբակալել են ՀՀ իրավապահները, խափանման միջոց կալանքը կիրառել է ՀՀ դատարանը

ՀՀ իրավապահներն 1999 թ.-ի ապրիլի 15-ին ձերբակալել են Ալեքսեյ Կամնևին ու Դենիս Պոպովին, ապա ապրիլի 19-ին խափանման միջոց է ընտրվել նախնական կալանքը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Նրանք կալանքը կրել են Գյումրիի թիվ 2 քննչական մեկուսարանում: Խափանման միջոց կիրառել է նաև ՌԴ զինդատախազությունը՝ որպես քրեական հետապնդման մարմին: Ինչպես տեսնում ենք՝ նույն գործի շրջանակներում երկու տարբեր ատյաններ նույն անձանց վերաբերյալ կիրառել են խափանման միջոց:

Մինչդեռ 2015 թ.-ին հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Վ. Պերմյակովին ձերբակալել են ռուս սահմանապահները, հանձնել ռուսական ռազմաբազա, որտեղ էլ օրեր անց ՌԴ դատարանի կողմից ընտրվել է խափանման միջոց կալանքը: Նույն Պերմյակովի գործով մեր նախաքննական մարմինը չի դիմել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան խափանման միջոցի ընտրության հարցով: Բնականաբար, մեր դատարանը խափանման միջոց չի կիրառել Վ. Պերմյակովի նկատմամբ: Մեր քննչական կոմիտեի պարզաբանումն այն է, որ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրելու պահին ՌԴ քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նրա նկատմամբ արդեն իսկ ընտրված է եղել խափանման միջոց կալանավորումը:  

Տարբերություն 2.

ՌԴ Քրեական օրենսգրքով սպանության հատկանիշներով քրեական գործ չի հարուցվել:

Երկու զինծառայողներին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ և ՌԴ Քրեական օրենսգրքերի 10 տարբեր հոդվածներով՝ դասալքությունից ու խուլիգանությունից մինչև սպանության փորձեր ու սպանություն:

ՌԴ քրեական օրենսգրքով սպանության ու սպանության փորձերի հատկանիշներով քրեական գործ չի հարուցվել, այն պարզ պատճառով որ այդ հանցագործությունները կատարվել են ՀՀ տարածքում:

Մինչդեռ 2015-ին Վ. Պերմյակովի վերաբերյալ քրեական գործով սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվել է և՛ ՌԴ, և՛ ՀՀ Քրեական օրենսգրքերով միաժամանակ:

Տարբերություն 3.

Նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն, կատարվել է «Նուբարաշենի» հոգեբուժարանում:

Այս գործով կատարվել են բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները՝ դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն «Նուբարաշենի» հոգեբուժարանում (երկուսն էլ ճանաչվել են մեղսունակ), դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական: Կատարվել է նաև քննչական փորձարարություն, որի ընթացքում Կամնևն ու Պոպովը բերվել են դեպքի վայր ու վերարտադրել իրենց կողմից կատարված գործողությունները:

 Ալեքսեյ Կամնևը՝ քննչական փորձարարության ժամանակ

Այնինչ Վ.Պերմյակովի գործով մինչ օրս ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննչական խումբը որոշում չի կայացրել դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն իրականացնելու մասին: «Հետքի» հարցմանը պատասխանելով՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունից հայտնել են, որ այդ փորձաքննությունը դեռ չի նշանակվել, «բայց, անկասկած, նշանակվելու է և անցկացվելու է ՀՀ-ում»:

(շարունակություն)

Առաջին լուսանկարում մեղադրյալներ Դենիս Պոպովն ու Ալեքսեյ Կամնևն են՝ քննչական փորձարարության ժամանակ

Հ.Գ. Հիշեցնենք, որ «Հետքը» զրուցել է նաև 1999 թ.-ի այս գործով դատավոր, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Էդվարդ Մանուկյանի և երկու ամբաստանյալների պետական պաշտպանությունը ստանձնած փաստաբաններ Թամարա Յայլոյանի և Հենրիկ Մանուկյանի հետ:

Մեկնաբանություններ (3)

Զարուհի
Ուսումնասիրելով այս գործի նյութերը՝ իսկապես զարմացած էի, թե ինչպես մեղադրվելով ՌԴ և ՀՀ քրեական օրենսգրքերի տասը հոդվածներով, այդ թվում և ծանր ու առավելապես ծանր հանցագործությունների մեջ, այս երկու զինծառայողներին չեն դատապարտել պատժի առավելագույն չափի՝ մահապատժի, քանի որ ծանոթ լինելով 1990-ականների քրեական գործերին, տեսել եմ շատ գործեր, նաև զինվորական գործեր, որոնք հաստատապես մի քանի անգամ նվազ ծանր են եղել, քան այս գործը: Բայց երկու ռուս զինծառայողները դատապարտվել են 14 և 15 տարվա ազատազրկման:
Վեհարի
Հարց է ծագում, ինչու ընդամենը մեկ թուրք ոչնչացրած Սողոմոն Քոչարյանին ցմահ են բանտարկել, իսկ Սողոմոնի բանտարկության ընթացքում մի քանի հոգու, այդ թվում նաև մանուկներին սպանողները կամ ավելի ծանր հանցագործություն անողները, անգամ նշանակված պատժաչափն չեն կրում: Միայն թուրքը կարող է ունենալ թուրքի սպանությունը խիստ դատապարտող, իսկ հայերի սպանությունները հաշվի չառնող իշխանություն:
Gevorg
մոտ 50 րոպե հրաձգություն են արել, վերջ ի վերջո նրանց բռնել են քաղաքացիները: Բա ու՞ր էին մեր միտինգ ցրող միլիցեքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter