HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբաններն էլ կկարողանան արտադատական կարգով փորձաքննություններ պատվիրել

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր՝ փետրվարի 25-ին, Փաստաբանների պալատի և «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը: Այս մասին հայտնում են ՓՊ-ից:

Ստորագրման պաշտոնական արարողությունից հետո Փաստաբանների պալատի նախագահը ողջունել է համագործակցության նման ձևաչափը և նշել, որ այս համագործակցության շահառուն լինելու է հասարակությունը: «Վերջին շրջանում արդիական է դարձել հատուկ մասնագետների միջոցով ճշմարտությունը վեր հանելը, և փաստաբաններիս համար դա շատ կարևոր գործիք է»,- նշել է Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ Փորձաքննությունների ազգային բյուրոն տրամադրված է իրենց հնարավորությունները ի նպաստ դնել փաստաբաններին: Այսինքն՝ փաստաբաններն էլ կկարողանան արտադատական կարգով փորձաքննությունների համար դիմել և ստանալ հետազոտությունների արդյունքներ, որը կհեշտացնի փաստաբանների աշխատանքը:

Արտաշես Ջավադյանը, կարևորելով Փաստաբանների պալատի հետ համագործակցությունը, նշել է. «Մենք նույն խստությամբ, նույն գիտական հիմնավորվածությամբ ու նույն ռեժիմով կփորձենք աշխատել փաստաբանների հետ»:

Կողմերը պայմանավորվել են համագործակցել նաև փաստաբանական դպրոցի հետ՝ ունկնդիրներին փորձաքննություններին առնչվող թեմաներով դասախոսություններ ներկայացնելու միջոցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter