Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Օտարերկրացիները հետաքրքրված են Գեղարքունիքի մարզի ոսկու հանքավայրերով



«Ինթերնեյշնլ գոլդ» ընկերությունը երկրաբանական ուսումնասիրություններ կկատարի Գեղարքունիքի մարզի Ծարասարի ոսկու արմատական հանքերակման շրջանում: ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն դրական եզրակացություն է տվել «Ինթերնեյշնլ գոլդ» ընկերության փորձաքննության ներկայացրած նախագծին: Տարածքը գտնվում է Վերին Շորժա գյուղից 7.5 կմ դեպի հարավ-արևելք, Վարդենիս քաղաքից  20 կմ հեռավորության վրա:

«Ինթերնեյշնլ գոլդ» ընկերության միակ բաժնետերը Մհեր Սիմոնյանն է: Նա նաեւ ընկերության տնօրենն է: Մհեր Սիմոնյանը մի շարք միջազգային հանքարդյունաբերական կազմակերպությունների և ներդրողների է ներկայացնում Հայաստանում: Նա «Արատտա մայնինգ» ընկերությունում զբաղեցրել է տնօրենի պաշտոնը, որը Վերին Շորժայում, Կողասարում, Ջիլ Արեգունի, Մաքենիսի տարածքներում ուսումնասիրություններ է իրականացրել: Ներկայացրել է նաև «Արատտա ռեսուրսիս» ընկերությունը, որը, սակայն, գործունեություն չի իրականացրել և չունի հանքային իրավունքներ:

Մհեր Սիմոնյանը նաև «Եվրազիա մեթալս քորփ» կազմակերպության իրավական մասով ներկայացուցիչն է Հայաստանում: Այս ընկերության հիմնադրած «Ալլուվիալ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ն իրականացնելու է Գեղարքունիքի մարզի Մասրիկի ոսկու հանքերևակման սահմաններում երկրաբանական ուսումնասիրություն: Արդեն թույլտվությունը ստացվել է, եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ կսկսվեն ուսումնասիրության աշխատանքները:«Հետքի» հարցերին պատասխանում է Մհեր Սիմոնյանը: 

Ի՞նչ եք նախատեսել Ծարասարի համար:

Ծարասարի տարածքը նախկինում ծանրաբեռնված է եղել ուսումնասիրության թույլտվություններով տարբեր տնտեսվարողների կողմից: Տարածքը բավականին հետաքրքրություն ներկայացնող տեղամաս է, և միջազգային ներդրողները հետաքրքրված են այդ տարածքով:

Ձեր նախնական գնահատմամբ և ԽՍՀՄ-ից պահպանված տվյալներով՝ որքա՞ն պաշար կա այնտեղ:

Սովետական ժամանակաշրջանի տվյալները շատ հեղհեղուկ են: Պարունակությունը՝ նշվում է 3-10 գրամ մեկ տոննայում: Նման ցուցանիշները բավականին բարձր են: Խնդիրն այն է, որ աշխարհագրական տեսանկյունից գտնվում է դժվար տեղամասում, տեխնիկապես աշխատանքներ իրականացնելու համար լրացուցիչ ծախսեր են պահանջվում: Ուսումնասիրության փուլում կատարված ցանկացած ծախսը ռիսկային է: Ցանկացած ներդրող փորձում է նվազեցնել ծախսերը, որոնք հետագայում հետ վերադարձելիության ցածր հնարավորություն ունեն: Եթե նայենք Հայաստանում մետաղական հանքերի շահագործման հանձնման դինամիկան, կտեսնենք, որ 10 տարին մեկ կամ երկու մետաղական հանք է շահագործվում:

Ո՞ր համայնքի վարչական տարածքում է լինելու այն:

Ակունք համայնքի վարչական տարածքում է, բայց առնվազն 20 կմ հեռու է համայնքից, և Ակունք համայնքը որևէ ակնկալիք կամ արդյունք տվյալ տեղամասից չունի: Բուսածածկ չէ տարածքը՝ մոտ 30-40 %, գտնվում է սարի գլխին: Կատարվելու են աշխատանքներ մի տարածքում, որը որևիցե բնապահպանական, սոցիալական արժեք չի ներկայացնում: Անպիտան հողերի կարգին պատկանող հողեր են 80-90 տոկոսը: Համայնքային հողեր են, որոնք վարձակալության հիմունքով տրված են նախկին ուսումնասիրող կազմակերպությանը՝ «Արմենիա ինթերնեյշնլ գոլդ»-ին, որը թույլ է տալիս մեզ ուսումնասիրություններ կատարել իր տարածքում: 2014թ. հուլիսին նրանց լիցենզիայի ժամկետն ավարտվել է, բայց Ծարասարի տարածքում նրանք ոչ մի աշխատանք չեն կատարել: Ոչ մասնագետ աշխատանքների համար կընդգրկվեն հարակից համայնքի բնակիչները, երկրաբանական ուսումնասիրությունների ընթացքում սովորաբար ընդհանուր 8-10 աշխատող է լինում: Շուրջ 250 մլն դրամի աշխատանքներ են նախատեսված: Լիցենզիան երեկ ենք ստացել՝ չնայած անցյալ տարվա նոյեմբերից դիմել էինք:

Հայաստանում շատ մեծ բյուրոկրատիա կա, ամեն մի թուղթ ստանալը տևում է մի քանի ամիս: Աբսուրդ է: Մեր մոտ էլ գործը սեզոնային է, եթե մի թուղթը ստացար ձմռան նախաշեմին, պիտի սպասես, որ գարնանն աշխատես: Պիտի աշխատողիդ կամ աշխատավարձ վճարես, կամ ասես՝ գնա նստի, սպասի գարնանը կաշխատես: Բնականաբար բողոք եղավ, աղմուկ բարձրացավ, բնականաբար սկսեցին փորել, փորել, հետո հայտնվեցին բնապահպանները, որոնք այդպես էլ չեն կողմնորոշվում՝ իրենք ինչ են ուզում. ապրել մաքուր երկրում, բայց սոված մնալ, թե ուզում են, որ ամեն ինչը լինի: Թե՞ մտածում են, որ Ամրիկան մինչև Ամերիկա դառնալը հանքեր չէր դրել ու քամում-քամում էր: Բայց հիմա դարձել է Ամերիկա և էկոլոգիական լուրջ հարցեր է լուծում:

Բնապահպանների՝ մաքուր Հայաստան ունենալու ցանկությունը վա՞տ բան է:

Բնապահպանների ուզածը ժամանակի խնդիր է ընդամենը: Չի կարող հենց հիմա մաքուր Հայաստան լինել: Ի՞նչ ռեսուրս ունենք բացի հանքերից:

Մյուս կողմից եթե նայեք՝ օտարերկրացիները գալիս Հայաստանի ռեսուրսները սպառում են, թողնում են մեծ փոսեր և լցակույտեր:

ՀՀ-ում միջազգային ներդրողները գալիս են, ուսումնասիրությունների վրա ծախսում են գումարներ, հետո սրանց չենք տալիս շահագործման լիցենզիա ու ուղարկում ենք հետ: Մեկ ուրիշն է գալիս՝ նույն տարածքի վրա ներդրումներ է և ուսումնասիրություններ կատարում, նորից հետ ենք ուղարկում: Երրորդն է գալիս նույն կերպ: Վերջում կամ հայն է շահագործում, կամ չի շահագործվում: Սա է իրականությունը: Ծառասարի հանքավայրում նույնպես 1990-ականներից միջազգային ներդրումներ են անում, տեսել եք՝ շահագործում կա՞:  Ես նորից ուսումնասիրություն եմ անելու: Ես որքան հասկանում եմ՝ դա չարձանագրված ներդրումներ ապահովելու կարգ է Հայաստանում:

Ինչպես եք անցում կատարել դեպի հանքարդյունաբերություն. նախկինում զբաղեցրել եք տնօրենի պաշտոնները, հիմա արդեն ընկերության բաժնետեր եք:

2013 թ.-ից  համագործակցում եմ հանքարդյունաբերական ոլորտի միջազգային նեդրումային գործունեություն իրականացնող տարբեր կառույցների հետ: Իմ միջոցով 2013-ից առ այսօր Հայաստանում իրականացվել է ավելի քան 650 մլն  դրամի ներդրում, մոտ 120 մլն դրամի հարկեր են վճարվել, ավելի քան 150 մլն դրամի չափով աշխատավարձեր են վճարվել:

Ներդրողների շրջանում առաջացել է հետաքրքրություն Հայաստանի հանքավայրերի շուրջ իրենց մասնագետների կողմից տարբեր հանքավայրեր ուսումնասիրելուց հետո: Որոշակի հանքավայրեր, որոնք ունեին լիցենզիաներ և ժամկետները լրացել էին, տարածքներն ազատ էին մնացել, ես, հաշվի առնելով միջազգային ներդրողների պատրաստակամությունը՝ Հայաստանում շարունակելու ներդրումներ իրականացնել, որոշեցի ձևակերպել հանքային իրավունքներ տվյալ տարածքների նկատմամբ: Արդեն ունեմ համագործակցության պայմանագրեր ներդրողների հետ, որոնք պատրաստ են ներդրումներ իրականացնել միայն առայժմ ուսումնասիրության աշխատանքների համար: Ծրագրում նաև կան մի քանի հետաքրքիր տեղամասեր ՀՀ-ում, որոնց նկատմամբ հետաքրքրությունը մեծ է:

Ինչո՞վ է, ըստ Ձեզ, պայմանավորված օտարերկրացիների հետաքրքրությունը:  

Նախ՝ ՀՀ-ն հարուստ է մետաղական հանքավայրերեով: Երկրորդը՝ միջազգային մասշտաբներով հաշվարկված հետագա շահագործումից շահութաբերության բարձր նորմաներ գոյություն ունեն: Երրորդը՝ տարածաշրջանում ամենաբարենպաստ պայմաններ ունեցող երկիրն ենք հատկապես գլոբալ վիճակը հաշվի առնելով՝ կապված Ռուսաստանի հետ դիրքեր ամրապնդելու հետ: Եվրոպական երկրները Հայաստանում դիրքեր են փորձում ամրապնդել տվյալ տարածաշրջանում լծակներ ունենալու համար: Միջազգային ներդրողն ակնկալում է, որ տարեկան 1-2 % փող կստանա իր բաժնեմասից: Հայաստանում տեսե՞լ եք մի գործ անեն, որ շահույթը 1-2 % կազմի: Նման բան չկա: Այստեղ նվազագույնը 10 %, իսկ այդ թվերն իրենց համար մեծ են, դրա համար գալիս են Հայաստան՝ առանց իմանալու խոչընդոտները և հաշվի չառնելով, թե ինչքան հարկեր պետք է վճարեն:

Ովքե՞ր են ձեր ներդրողները:

Շատ բազմազան են մեր ներդրողները՝ հիմնականում եվրոպական երկրներից են: Ռուսական կամ ամերիկյան նեդրողներ չունեմ, դեռևս համագործակցում եմ եվրոպական ներդրողների հետ, բայց ամերիկյան և կանադական ներդրողների հետաքրքրությունը ևս մեծ է և կապ են հաստատել ինձ հետ համագործակցության համար՝ նույն ծրագրի հետ կապված:

Տեղական ներդրողների մասնակցություն չի՞ լինելու այս նախագծում:

Փաստաթղթերի փաթեթով ներկայացված է նախնական պայմանագիրն իմ միջազգային գործընկերներից մեկի հետ, ով այս պահի դրությամբ պատրաստակամություն է հայտնել 800 հազար դոլար ներդրումներ իրականացնել տվյալ նախագծի համար: Սակայն աշխատանքների ընթացքում շատ հնարավոր է, որ լինեն այլ ներդրումային առաջարկներ, կամ նշված անձը հրաժարվի, մեկ ուրիշը դա անի, չես կարող ասել: Ներդրումային կազմակերպությունը գրանցված է Կիպորսում:

Ի՞նչ առնչություն ունեք Բենիկ Հարությունյանի հետ, և արդյոք նա այս նախագծում մասնակցություն ունի:

2009թ.-ից աշխատում եմ իր մոտ՝ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում որպես իրավական խորհրդատու: Այդպես է մեր կապը սկսվել: Այս նախագծի հետ նա ընդհանրապես առնչություն չունի, իսկ հետագա զարգացումների կանխատեսումներ չեմ կարող անել:

Ձեր և Ձեր ներդրողների հետաքրքրությունը միայն Գեղարքունիքի մարզի հանքավայրերի շրջանո՞ւմ է:

Ծառասարը երկրորդ նախագիծնն է, որը Վարդենիսի տարածքում է: Մնացած նախագծերը որևէ առնչություն չունեն Գեղարքունիքի մարզի հետ, դրանք Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերում են եղել:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)19:01 - 26 փետրվարի, 2015
Գետնի մութ խորշերում «հայրենիքի ապագա» ու «հայրենասիրություն» չկա՛: Հայաստանը դարձել է հանքարդյունաբերության դրախտավայր՝ չնչին հարկեր ու անպատժելիության մթնոլորտ:Մի խոսքով՝ շատ ու շատ ավելի վնաս է տալիս, քան օգուտ : Մեծ մասը օֆշորային սխեմաներ են: Այսինքն՝ Հայաստանում այն դարձել է հանքային տեռորիզմ:
2. Պետական գաղտնիքը բացահայտվել է:16:33 - 3 մարտի, 2018
Ինչ որ անորոշ ու անտրամաբանական բաներ է խոսում էս առողջ ջահելը, ոնց որ ինքն էլ չի հասկանում իր ասածի իմաստը - «ներդրումներ եմ բերում!», - բերում ես որ ինչ անես, երկիրդ աղբանոց դարձնես? Ուշադիր կարդացեք այս տողերը, որից պարզ երեւում է թե ինչ ավանտյուրայով են զբաղված՝ - // ՀՀ-ում միջազգային ներդրողները գալիս են, ուսումնասիրությունների վրա ծախսում են գումարներ, հետո սրանց չենք տալիս շահագործման լիցենզիա ու ուղարկում ենք հետ: Մեկ ուրիշն է գալիս՝ նույն տարածքի վրա ներդրումներ է և ուսումնասիրություններ կատարում, նորից հետ ենք ուղարկում: Երրորդն է գալիս նույն կերպ: Վերջում կամ հայն է շահագործում, կամ չի շահագործվում: Սա է իրականությունը: Ծառասարի հանքավայրում նույնպես 1990-ականներից միջազգային ներդրումներ են անում, տեսել եք՝ շահագործում կա՞: Ես նորից ուսումնասիրություն եմ անելու: Ես որքան հասկանում եմ՝ դա չարձանագրված ներդրումներ ապահովելու կարգ է Հայաստանում: // - Ահա թե ինչ, բլեյֆի վրա են խաղում! Պետական գաղտնիքը բացահայտել է անգրագետ հարիֆը:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ