HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտորդների և լրատվամիջոցների հայտարարությունը

Դիտորդների և լրատվամիջոցների հայտարարությունը

ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի փաստաթղթերը դիտարկելու արգելքի վերաբերյալ

Ս.թ. փետրվարի 17-ին ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը:

2015թ. փետրվարի 16-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն (այսուհետ` ԻԵՄ) գրավոր դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն (այսուհետ` նախարարություն), որը պատասխանատու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցույթային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության կազմակերպման համար՝ խնդրելով հնարավորություն ընձեռել ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների մրցույթին ներկայացրած հայտերին և հավակնորդների փաստաթղթերին ծանոթանալու համար:

2015թ. փետրվարի 18-ին, ժամը 9:45-ին, ԻԵՄ-ի դիտորդները ներկայացել են նախարարություն` ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների մրցույթին ներկայացրած հայտերին և հավակնորդների փաստաթղթերին ծանոթանալու նպատակով, սակայն նախարարության աշխատակիցները հրաժարվել են դիտորդներին` մրցութային փաստաթղթերը դիտարկելու հնարավորություն ընձեռելուց: ԻԵՄ-ի դիտորդների հետ հեռախոսային զրույցի ընթացքում նախարարության աշխատակիցը, որը հրաժարվել է ներկայանալուց, դիտորդներին տեղեկացրել է, որ վերջիններիս հարցերին իրավասու է պատասխանելու ՀՀ արդարադատության նախարարության օրինականության նկատմամբ վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը, սակայն քանի որ վերջինս զբաղված է, պատվիրակել է իրեն փոխանցել ասելիքը: Աշխատակիցը դիտորդներին տեղեկացրել է, որ նախարարությունը չի կարող նրանց թույլատրել ծանոթանալու հայտերին, ներկայացված փաստաթղթերին և գրանցամատյանին՝  հղում կատարելով  նախարարության կայքէջում տեղադրված որոշմանը, որով մրցութային փաստաթղթերը հրապարակման ենթակա են բացառապես նախարարության կայքէջի միջոցով:

ՄԻԵԴ-ի դատարավորի պաշտոնում հանձնաժողովի 2014 թ. սեպտեմբերի 1-ի թիվ 2-Լ որոշման հավելվածում լրացումներ սահմանող` Հանձնաժողովի կողմից ընդունված և նախարարության կայքէջում հրապարակված 27.01.2015թ. թիվ Լ-8 որոշման 3.3-րդ կետի համաձայն` հրապարակման ենթակա են՝  «հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, որոնք հրապարակվում են նիստին հաջորդող երեք օրվա ընթացքում, և յուրաքանչյուր օրվա ընթացքում ընդունված դիմումների մասին տեղեկատվությունը՝  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրելու եղանակով՝ մեկօրյա ժամկետում»:

ԻԵՄ-ի դիտորդների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ` ՄԻՊ) թեժ գիծ կատարված ահազանգին ավելի ուշ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնել են, որ Արդարադատության նախարարությունը, նախքան ՄԻՊ-ի գրասենյակից ահազանգ ստանալն, արդեն պատշաճ կերպով պատասխանել է դիտորդներին:  Այս կապակցությամբ ԻԵՄ-ը գրավոր դիմում է ներկայացրել ՄԻՊ-ին, որի պատասխանը, սակայն, դեռ չի տրվել:

Այսպիսով, հղում կատարելով Հանձնաժողովի սահմանած նոր կարգին` մրցույթի կազմակերպման համար պատասխանատու մարմինը հրաժարվում է ապահովել 02.08.2014թ. Սերժ Սարգսյանի հրամանագրի հավելվածով սահմանված կարգի 2-րդ բաժնի 4-րդ կետի պահանջը, որի համաձայն` «Հանձնաժողովի գործունեությունը հիմնված է թեկնածուների ընտրության պայմանների հավասարության, ընթացակարգի թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա»:

2015թ. փետրվարի 19-ին «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ն ևս դիմել է նախարարություն մրցույթը դիտարկելու խնդրանքով: Այնուհետև փետրվարի 24-ին ՀԿ-ն դիմել էր նախարարություն` խնդրելով վերջինիս հնարավորություն ընձեռել ծանոթանալու հավակնորդների ներկայացրած հայտերին, սակայն նախարարությունից ստացվել է մերժում:

Իր համանման դիմումին ի պատասխան` մերժում է ստացել նաև www.ilur.am  լրատվամիջոցի խմբագիր Քրիստինե Խանումյանը:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների ընտրության նախորդ մրցույթի ընթացքում մրցութային հայտերի փաթեթները, ինչպես նաև մի շարք այլ փաստաթղթեր եղել են դիտորդների համար հասանելի, որոնց ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել մի շատ խնդրահարույց հարցեր:

Հաշվի առնելով տեղի ունեցածը՝ հորդորում ենք ՄԻԵԴ-ի դատարավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովին, ի դեմս իր աշխատանքները կազմակերպող Արդարադատության նախարարության, ավելի բաց ու թափանցիկ դարձնել իր աշխատանքները և խոչընդոտներ չհարուցել դիտորդական առաքելության համար: 

Հիշյալ զարգացումների լույսի ներքո կոչ ենք անում հանձնաժողովին ետ կանգնել իր որդեգրած ոչ թափանցիկ ու ոչ հրապարակային գործելաոճից և հնարավորություն ընձեռել դիտորդներին անխոչընդոտ դիտարկելու պահանջվող փաստաթղթերը:

Վերոգրյալի լույսի ներքո կոչ ենք անում հավակնորդներին մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայանությունն ապահովելու նպատակով դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին տրամադրել իրենց կողմից ներկայացված հայտերի և դրանց կից փաստաթղթերի պատճենները հետևյալ էլ. փոստ. հասցեներով` [email protected][email protected] :

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ

www.ilur.am լրատվամիջոց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter