HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացածի ընտանիքը պնդում է՝ միայն նոր քննությունը կպարզի հոր մահվան գաղտնիքը

Արարատ քաղաքի բնակչուհի Գայանե Հովհանյանը երկրորդ տարին է փորձում պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել 2013թ. հուլիսի 25-ին և 26-ին, երբ հայրը՝ Գյանջիրով Հովհանյանը, տուն չի վերադարձել, նրան գտել են ծառից կախված տնից 3 կմ հեռավորության վրա: «Հետքը» շարունակում է հետևել այս ողբերգական պատմության զարգացումներին:

Նախաքննությունը հաստատված է համարել, որ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանը ինքնասպան է եղել, իսկ տուժողի ընտանիքը մինչ օրս պնդում է, որ նախաքննությունը բազմաթիվ թերություններով ու խախտումներով է կատարվել, և որ ընտանիքի հայրը սպանվել է: 

Այն, որ նախաքննությունը կատարվել է խախտումներով, արձանագրել է նաև Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ մասնակի բավարարվել է Գայանեի բողոքը: Դատարանը արձանագրել էր, որ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի իրավունքները խախտվել են և պարտավորեցրել վերացնել դրանք: Սակայն այս որոշմանը համաձայն չլինելով, այս անգամ էլ Արարատի դատախազությունն էր (դատախազ Նիկողոսյան) բողոք բերել Վերաքննիչ դատարան՝ գտնելով, որ Հովհանյանի իրավունքները չեն խախտվել, որ գործով կատարվել է օբյեկտիվ քննություն, իսկ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշման մեջ որպես Գայանե Հովհանյանի իրավունքների խախտում մատնանշված դրվագներն անհիմն են: 

Դատախազ Նիկողոսյանն ու քննիչ Ավետյանը

Վերաքննիչ դատարանը օրեր առաջ լսել է նաև այս գործով քննիչ Արթուր Ավետյանին, ով միացել է դատախազ Նիկողոսյանի դիրքորոշմանը՝ ավելացնելով, որ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի մատնանշած խախտումները հնարավոր չէ վերացնել այս փուլում, երբ այդքան ժամանակ է անցել դեպքից: Հիշեցնենք, որ մահացածի դուստրը համաձայն է անգամ արտաշիրիմման, որպեսզի պարզի հոր մահվան իրական հանգամանքները:

«Միայն նոր նախաքննությունը կպարզի Գյանջիրով Հովհանյանի մահվան իրական հանգամանքները: Կարծում եմ՝ օբյեկտիվ պատկեր ստանալու համար նորից քրեական գործի վարույթը պիտի վերսկսվի: Վերաքննիչ դատարանը՝ Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, կծանոթանա գործի նյութերին, որոնք ներկայացրել էր քննիչը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Մալխասյանը:

Փաստաբան Գարիկ Մալխասյանը

Մարտի 12-ին դատավոր Սևակ Համբարձումյանը, թերևս, որոշում կկայացնի: Այդ որոշումից է կախված՝ արդյոք գործի նախաքննությունը կվերսկսվի՝ դրանով վերացնելով Գայանե Հովհանյանի խախտված իրավունքները, թե դատախազի ու քննիչը բողոքը կբավարարվի, այսինքն՝ նոր քննություն չի հետևի տուժողի իրավահաջորդի այսքան բողոքարկումներից հետո:

Մինչ այդ մահացածի դուստրը՝ Գայանե Հովհանյանը «Հետքի» հետ զրույցում պնդում է, որ նախաքննական մարմինը, Արարատի մարզի դատախազությունը օբյեկտիվ քննություն չեն իրականացրել:

«Անգամ կորցրել են դեպքի վայրի զննության լուսանկարները: Քննիչն ինձ ասաց, որ պատահական ջնջվել են այդ լուսանկարները: Հո քեֆի նկարնե՞ր չէին, քրեական գործի լուսանկարներ էին, որոնք շատ կարևոր են ամեն դետալը պարզելու համար: Հիմա եմ հասկանում, թե ինչու պետք է «կորեին» այդ նկարները, որ ճշմարտությունը ջրի երես դուրս չգա: Ուղղակի մենք մատնանշում էինք ու հիմա էլ պնդում ենք, որ քարի արտադրամասի սեփականատիրոջ տղաների՝ Նարեկ ու Հովհաննես Ասլանյանների մատն է խառը իմ հոր մահվան մեջ: իսկ նրանք փողատեր մարդիկ են: Հիմա, եթե մի սովորական, անփող մեկը լիներ՝ նույնիսկ անմեղ, կսարքեին գլխին, կնստացնեին, կասկած չունեմ»,-մեզ հետ զրույցում շեշտեց Գայանե Հովհանյանը:

Մեր նախորդ զրույցներից մեկում Գայանեն պատմել էր, որ իրենց հոր դիակի տեղը սկզբում չեն հայտնել, հոր մարմինը տուն են բերել միայն հոգեհանգստի օրը. «Այնքան գրիմ էին արել, որ ոչինչ չերևա, բայց շոգի պատճառով թրջոցներ էինք դնում դեմքին, աստիճանաբար սկսեցին երևալ բռնության ու խոշտանգումների հետքերը: Ես լուսանկարեցի: Ուզում էի անկախ փորձագետ հրավիրել, չէի վստահում իրավապահներին: Չեք պատկերացնի, թե ոնց էին համոզում, որ ոչինչ չձեռնարկեմ: Վերահսկող դատախազ Նիկողոսյանը, Ասլանի ընկեր Մանուկ Առաքելյանը, բոլորը ասում էին՝ հաշտեցման եզրեր կան: Այո՛, ինձ առաջարկել են 50.000 դոլար լռելու, չբողոքելու համար, նաև տուն Երևանում: Իրենք հարուստ են, գիտեն, թե ամեն ինչ կարելի է գնել ու վաճառել, անգամ հարազատի արյունը: Բայց մեզ մեր բարի անունն է պետք»,-նշել էր Գայանե Հովհանյանը:

Առաջին լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ, մահացած Գյանջիրով Հովհանյանի դուստրը՝ Գայանե Հովհանյանը մոր հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter