Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Առողջապահության նախարարությունն ու քննչական կոմիտեն փորձում են կոծկել բժշկի սխալը (վիդեո)



6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի դեպքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունն օրերս հաղորդագրություն էր տարածել, որտեղ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը եզրակացրել է, որ վիրահատության արդյունքում երեխայի ձեռք բերած հիվանդությունները բժշկի սխալի հետեւանք չեն։  

Հիշեցնենք, որ Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում» նշագեղձերի վիրահատության ժամանակ 6-ամյա երեխան հայտնվել էր ծայրահեղ ծանր վիճակում․ 6 օր կոմայի մեջ մնալուց հետո նրա կյանքը հազիվ են կարողացել փրկել Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

Ըստ առողջապահության նախարարության` երեխան նման իրավիճակի է հասել անեսթեզիոլոգիական եզակի բարդության` պնևմոթորաքսի պատճառով:

Պնևմոթորաքսի առաջացման հիմնական պատճառները երկուսն են` վնասվածքը եւ թոքերի տեւական հիվանդությունը: 6-ամյա փոքրիկը մինչ վիրահատությունը շնչառական կամ թոքային որեւէ հիվանդություն չի ունեցել, սակայն առողջապահության նախարարությունը խուսափում է վիրահատության ընթացքում պնևմոթորաքսի առաջացման պատճառները մանրամասնելուց:

Դեռ վիրահատության օրը, երբ երեխային մահամերձ տեղափոխել են Երեւան, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը Հասմիկի հարազատներին ասել է, որ վիրահատության ժամանակ երեխայի թոքը ծակել են` անեսթեզիայի ավելորդ չափաբաժինը ներարկիչներով հանելու համար:

Հասմիկի մայրը՝ Լիաննա Ռաֆայելյանը, նշում է, որ կարող է ապացուցել, որ երեխայի թոքը ծակված է եղել՝ թոքի ռենտգեն ժապավենի եւ բժշկի եզրակացության միջոցով։ Փետրվարի 23-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից նա խնդրել է իրեն տրամադրել երեխայի հիվանդության պատմությունը եւ ռենտգեն ժապավենները, սակայն բժշկական կենտրոնում նրան ասել են, որ այդ ամենը կարող են տալ միայն նախարարի հրամանով։ 

Առողջապահության նախարարությունը նշում է, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի թոքային վիրաբուժության բաժանմունքի կողմից կատարված գործիքային հետազոտության արդյունքում պարզվել է․ «Շնչափողի և հիմնական բրոնխների վնասվածք չկա, ինչը նշանակում է, որ ինտուբացիայի ժամանակ տեխնիկական սխալ չի եղել»։

Այն, որ տեխնիկական սխալներ եղել են վիրահատության ժամանակ, «Հետքի» հետ զրույցում փաստել է նաեւ վիրահատող բժիշկ, Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի» քիթ, կոկորդ, ականջաբան Երանուհի Վարագյանը։ Վերջինս մեզ խորհուրդ տվեց այդ վիրահատության ընթացքում տեղի ունեցած սխալների մասին հարցնել անեսթեզիոլոգ Աշիկ Դալիբալդյանին. «Դուք այդ ձեր հարցի պարզաբանումը երեխայի նարկոզի բժշկից պիտի իմանաք, որովհետեւ նարկոզի ժամանակ ապարատն է դադար տվել, ապարատը փչացել է, վնասել է: Այդտեղ միակ խնդիրը նարկոզի ապարատի անսարքությունն է եղել»,- ասաց Երանուհի Վարագյանը։

Նույն հիվանդանոցի անեսթեզիոլոգ Աշիկ Դալիբալդյանը դեպքից օրեր անց կանչել է երեխայի հարազատներին, խնդրել աղմուկ չբարձրացնել՝ առաջարկելով հոգալ հիվանդանոցային եւ դեղորայքային ծախսերը։ Մոտ 220 հազար դրամի դեղորայք գնելուց հետո Դալիբալդյանը եւ նրա բժշկուհի կինը սկսել են տրտնջալ՝ ասելով, որ պարտավոր չեն մինչեւ իրենց կյանքի վերջ այդ երեխային պահել։

«Երբ երեխայի դեղը վերջանում էր, գնում էի մոտը, ասում էր թուղթը դիր սեղանին, դուրս արի, ձեր երեսն էլ չեմ ուզում տեսնեմ։ Մի անգամ էլ թեւիցս ուղղակի բռնել ու դուրս է արել աշխատասենյակից»,- պատմում է Հասմիկի մայրը՝ Լիաննա Ռաֆայելյանը։

Երբ երեխայի վիրահատության եւ ձեռք բերած հիվանդությունների մասին հարազատները պատմել են «Հետքին», Գյումրու Բայանդուր գյուղում գտնվող նրանց տուն է այցելել մի երիտասարդ տղամարդ, ով ցանկացել է հաշիվներ պարզել ընտանիքի հետ՝ Աշիկ Դալիբալդյանի դեմ բողոքելու համար։

Անդրադառնալով առողջապահության նախարարության հաղորդագրությանը՝ նշենք, որ հանձնաժողովը որեւէ կերպ չի հիշատակում անեսթեզիայի սարքի անսարքության մասին․ «Անեսթեզիայի տեսակն ընտրվել է ճիշտ։ Անեսթեզիայի ընթացքում զարգացել է թոքերի արհեստական շնչառությանը բնորոշ, շատ հազվադեպ հանդիպող բարդություն»,- նշվում է հաղորդագրությունում։

Եթե վիրահատության ժամանակ ամեն ինչ ճիշտ է եղել, ապա ինչո՞ւ է վիրահատող բժիշկը շեշտում, որ անեսթեզիայի սարքը չի աշխատել։ Կամ ինչո՞ւ է որպես այդ ամենի պատասխանատու նա հասցեագրում անեսթեզիոլոգ Աշիկ Դալիբալդյանին։ Եւ ինչո՞ւ է վերջինս ինքնակամ որոշել հանգստացնել ծանր վիճակում գտնվող երեխայի հարազատներին՝ խոստանալով անձամբ վճարել բոլոր ծախսերը։ «Հետքի» հրապարակումից հետո ի՞նչ իրավունքով է Աշիկ Դալիբալդյանը անհայտ անձանց ուղարկում՝ ընտանիքին սպառնալու եւ հաշիվներ պարզելու։ Ինչո՞ւ են նման արժեհամակարգով բժիշկները հովանավորվում նախարարության կողմից։ 

Հասմիկի հարազատները պնդում են, որ հիվանդանոցից իրենց փոխանցել են, թե վիրահատությունից հետո դատական բժիշկը պլոմբել եւ փորձաքննության է վերցրել անեսթեզիայի սարքը։  

Նախարարությունը քողարկել է նաեւ այն փաստը, որ փոքրիկ Հասմիկը Երեւան է տեղափոխվել անգիտակից վիճակում եւ 6 օր շարունակ գտնվել է կոմայի մեջ։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները հարազատներին խորհուրդ են տվել աղոթել, որ երեխան կոմայից դուրս գա։

7-րդ օրը, երբ երեխան բացել է աչքերը, ամբողջ ձախ կողմը չի կարողացել շարժել, ինչի արդյունքում պարզվել է, որ վնասվել է ոչ միայն թոքը, այլ նաեւ գլխուղեղը:

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի արդյունքը

ՀՀ ԱՆ գլխավոր մանկական նյարդաբան Ա. Հակոբյանի և «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության բաժնի վարիչ Բ. Սուխուդյանի համատեղ զննման արդյունքում արձանագրվել է. «Երեխայի վարքագիծը զննման ողջ ընթացքում նորմալ է: Ճանաչողական ֆունկցիաները պահպանված են, հրահանգներն անմիջապես ընկալում է և կատարում ճիշտ ու արագ։ Մկանային տոնուսը, ուժը, ջլային ռեֆլեքսները, շարժումների ծավալը` լիարժեք։ Ունի աննշան ինտենցիոն տրեմոր ձախից»:

Հասմիկի մայրը՝ Լիաննա Ռաֆայելյանը, նշում է, որ նախարարության պնդումները չեն համապատասխանում իրականությանը․ «Ինչպե՞ս են նման բան գրել, չէ՞ որ հենց այդ նույն զննության ժամանակ ասացին՝ Հասմիկ, 1+1 ի՞նչ կլինի, երեխան պատասխանեց` երկու։ Բժիշկն ասաց՝ դե հիմա նույն բանը գրի։ Հասմիկը, որ մինչեւ վիրահատությունը դասարանի գերազանցիկն էր, գրեց 1+1=Ա․ դա նորմա՞լ է։ Կամ հենց բժիշկների ներկայությամբ հարձակվել էր ինձ վրա, որ խփեր մորը․ նորմա՞լ է։ Ես էլի եմ ասում՝ իմ երեխան նման տարօրինակություններ չի ունեցել, ինչո՞ւ են փորձում նման ձեւով ծածկել»,- ասում է Լիաննա Ռաֆայելյանը։

Նախարարության հաղորդագրությունն ավարտվում է այսպես․ «Հանձնաժողովի գնահատմամբ՝ Հասմիկ Մարտիրոսյանի պարագայում անեսթեզիոլոգը ստեղծված իրավիճակում ժամանակին կողմնորոշվել է, ընդունել ճիշտ որոշումներ և կատարել անհրաժեշտ գործողություններ։ Անեսթեզիոլոգի և վիրաբույժների արագ կողմնորոշման և ճիշտ միջամտությունների շնորհիվ հաջողվել է փրկել երեխայի կյանքը։ Բուժանձնակազմը ցուցաբերել է ինչպես մասնագիտական, այնպես էլ` բարոյական աջակցություն»։

Փաստորեն՝ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկներում նշագեղձերի վիրահատության արդյունքում հիվանդին մահամերձ վիճակի հասցնելը ոչ միայն չի պատժվում, այլ նաեւ գովերգվում է։ 6-ամյա փոքրիկի հարազատները պարզվում է՝ պետք է շնորհակալություն հայտնեն իրենց երեխային մահվան դուռը հասցնելու եւ հետ բերելու համար։

Քննիչը ստորագրել է տվել դատարկ թղթերի վրաի՞նչ է գրվելու այդ թղթերին

Փետրվարի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հայկ Մարտիրոսյանը հրավիրել է Հասմիկ Մարտիրոսյանի մորը եւ տատիկին՝ գործի նախաքննության շրջանակներում բացատրություն տալու։ Մայրը՝ Լիաննա Ռաֆայելյանը, մանրամասն պատմել է եղելությունը, որը մոտ երեք էջ ծավալով գրել է քննիչն իր ձեռագրով։ Քննիչը երեխայի մորը տվել է հավելյալ 3-4 դատարկ թուղթ՝ պահանջելով ստորագրել դատարկ թղթերի երկու կողմերում։ Նա այս քայլը պատճառաբանել է, թե այս պահին երեխայի հետ են, ինքն էլ շտապում է, հետո հեռախոսով կհարցաքննի ու կլրացնի ստորագրված դատարկ թղթի վրա։

Հարցաքննությունից երկու օր անց քննիչը զանգել է Լիաննա Ռաֆայելյանին եւ հարցրել՝ արդյո՞ք հղիության փուլում որեւէ բարդություն չի ունեցել։ Վերջինս նորից կրկնել է, որ որեւէ փուլում բարդություններ չեն եղել, երեխան առողջ՝ միայն նշագեղձերը հեռացնելու նպատակով է մտել «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից արդեն դուրս է եկել բազմաթիվ խնդիրներով։

Այսպիսով, բժիշկների համաձայնեցված ապօրինությունների շղթային միացել են նաեւ քննչական մարմինները։ Նպատակը մեկն է․ կոծկել 6-ամյա երեխայի ճակատագրական վիրահատության իրական պատճառները։

Լուս.` Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Hayk20:37 - 26 փետրվարի, 2015
Միգուցե երեխան ունեցել է Malignant hyperthermia (MH) կոչվող ժառանգական հիվանդություն: Եթե այդպես է, բժիշկներին մեղադրել պետք չէ: Malignant hyperthermia (MH) is a potentially fatal, inherited disorder usually associated with the administration of certain general anesthetics and/or the drug succinylcholine. The disorder is due to an acceleration of metabolism in skeletal muscle. The signs of MH include muscle rigidity, rapid heart rate, high body temperature, muscle breakdown and increased acid content. Immediate treatment with the drug dantrolene usually reverses the signs of MH. The underlying defect is abnormally increased levels of cell calcium in the skeletal muscle.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ